«Կպատժվեն բոլորը». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ հրապարակում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
«Էյնշտեյնը մի անգամ ասել է, որ անսահմանության մասին միակ պատկերացումը կարող է տալ մարդկային հիմարությունը: Այսօրվա Հայաստանում, խոսելով անսահմանության մասին, պետք է խոսել երեսպաշտության մասին: Մարդիկ, որոնք 13 տարի պարում էին մարտի 1-ի զոհերի ոսկորների վրա, թաքցնում էին ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հետաքննությունը, այսօր կեղծավոր բարեպաշտությամբ դատապարտում են հրավառությունը սգո տարում:
Դրանք մարդիկ են, որոնք ամոթալի կապիտուլյացիայից 5 ամիս անց շարունակում են թաքցնել զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը: Դրանք երկուսն էլ վարժեցված խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ են, որոնք չեն պնդում հետաքննել պատերազմի բոլոր հանգամանքները: Դրանք «գրանտակերների» շրջանում Նիկոլի սպասավորներն են, որոնք մոռացել են թափանցիկության, ճշմարտության և քաղաքացիական հասարակության մասին մանտրաները: Դրանք մարդիկ են, որոնք իրենց էթնիկ հիշողությունը վաճառել են Նիկոլին՝ չնչին քաղաքական գործարք կնքելու հույսով:
5000 ճակատագիր է ընդհատվել Նիկոլի սանձազերծած պատերազմի հետևանքով: 5000 ընտանիք վշտի մեջ է իշխանական ստի պատճառով: 5000 հայրենասեր կմոռացվի հանուն նրա, որ Նիկոլը չկրի արժանի պատիժը: Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան, այն է՝ 3 միլիոն մարդ չբողոքի երեսպաշտության դեմ:
Չեմ խոսի ուրիշների փոխարեն, բայց անձամբ ինձ համար, 2020 թվականի պատերազմի հանգամանքների հետաքննությունը և պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է: Կպատժվեն բոլորը. նրանք, որոնք Լելե Թեփեում կործանել են զինծառայողների կյանքերը` հույս ունենալով PR դիվիդենտներ շահել, նրանք, որոնք հանցավոր պատվերներ էին կատարում՝ հույս ունենալով պահպանել իրենց աթոռը, նրանք, որոնք ստում էին ամբողջ պատերազմի ընթացքում, նրանք, որոնք ծաղրում են զոհվածների, անհետ կորածների և գերիների ընտանիքներին՝ տոնական հրավառություն կազմակերպելով մի երկրում, որտեղ պատերազմի զոհերի թիվը չգիտեն:
Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից:
Խոստանում եմ»: