Խդր Հաջոյանը հետմահու պարգևատրեց պատերազմում անմահացած եզդի զինծառայողների և կամավորականների
Արցախի 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցության և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար հետմահու պարգևատրվել են պատերազմում անմահացած եզդի զինծառայողներ և կամավորականներ: Պարգևներն ապրիլի 12-ին ծնողներին և հարազատներին հանձնեցին Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը և «Չղջիկներ» Արցախի ազատամարտի վետերանների միավորման նախագահ Նվեր Գալստյանը:
Խդր Հաջոյանի խոսքով՝ եզդիները ղարաբաղյան պատերազմում հերոսաբար մասնակցել են ծանր մարտերի և դժվար պահերին միշտ եղել են հայ ժողովրդի կողքին: Նա ընդգծեց` արցախյան պատերազմում եզդիների հերոսությունն անգնահատելի է:
«Չղջիկներ» Արցախի ազատամարտի վետերանների միավորման նախագահ Նվեր Գալստյանը խորհրդանշական համարեց, որ պետության համար այս ծանր օրերին անգամ ոչ ոք չի մոռացվում, և որոշել են պարգևատրել բոլոր այն տղաներին, որոնք ընկան Արցախի 44-օրյա պատերազմում և իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի:
«Ինձ համար շատ մեծ ցավ է տղաներին հետմահու պարգևներ տալը և շատ կուզենայի, որ բոլոր այդ տղաները կենդանի լինեին և անձամբ ստանային իրենց պարգևները»,- ասաց Գալստյանը:
Ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին` հերոս որդիներ լույս աշխարհ բերելու, հերոս ամուսիններ ունենալու համար: «Ձեր տղաները հերոս են, ձեր տղաները կանգնել են մեր երկրի սահմանին, դա երբեք չի մոռացվի»,- շեշտեց Գրիգորյանը:
Միջոցառման ընթացքում նաև պարգևատրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած եզդի զինվորականները և կամավորականները: