ԱՄՆ-ը և Չինաստանը ուժեղացրել են ռազմական ակտիվությունը Հարավ–չինական ծովում
ԱՄՆ-ը եւ Չինաստանը անցած հանգստյան օրերին կտրուկ ակտիվացրել են իրենց ռազմական գործունեությունը Հարավչինական ծովի ջրատարածքում։ Այն տարածքային վեճերի օբյեկտ է Չինաստանի եւ տարածաշրջանի մի քանի պետությունների միջեւ: CNN հեռուստաալիքը նշում է, որ, չինական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի «Լյաոնին» ավիակիրը, ավարտելով շաբաթական վարժանքները Տայվանի մերձակայքում, ապրիլի 10-ին մտել է Հարավչինական ծով: Սակայն այդ տեղեկությունների պաշտոնական հաստատում չի ստացվել:
Իր հերթին ԱՄՆ-ի էքսպեդիցիոն հարվածային խումբը, որը ղեկավարվում է Theodore Roosevelt ատոմային ավիակրի եւ USS Makin Island դեսանտային նավի կողմից, դրանից առաջ վարժանքներ է անցկացրել այդ ծովում: ԱՄՆ-ի ռազմածովային խմբի կազմում նաեւ ընգրկված են էսկադրային ականակիրներ եւ երկընթաց դեսանտային նավեր, իսկ նավերի վրա գտնվում են հարյուրավոր ծովային հետեւակայիններ, F-35 կործանիչներ, օգնական ուժերի ուղղաթիռներ: «Էքսպեդիցիոն հարվածային խումբը լիովին ցույց է տալիս, որ մենք օգնում ենք ուժի առկայության հարցում, պատրաստ ենք մարտի, կարող ենք զսպել ագրեսիան եւ ապահովել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը հանուն ազատ եւ բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի»,- CNN-ը մեջբերում է ամֆիբիա խմբի հրամանատար կապիտան Ստյուրարտ Բատեչանսկու խոսքը: ԶԼՄ-ները նշել են, որ ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի ավիակիր խմբերի միաժամանակյա ներկայությունը Հարավչինական ծովում հազվադեպ երեւույթ է:
Չինաստանը եւ ԱՍԵԱՆ-ի անդամները՝ Ֆիլիպինները, Մալայզիան, Բրունեյը, Վիետնամը, տարածքային վեճեր ունեն Հարավչինական ծովում Սպրատլի կղզեխմբի շուրջ: Անցյալ տարվա հուլիսին ԱՄՆ-ը պաշտոնապես մերժել է Չինաստանի հավակնությունները Հարավչինական ծովի մի շարք տարածքների նկատմամբ: ԱՄՆ-ը նաեւ Պեկինին մեղադրում է այն բանում, որ Չինաստանը վիճելի կղզիների վրա ռազմաբազաներ է ստեղծել, եւ դա միջազգային օրենքների խախտում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: