2020թ. կոռուպցիոն գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են հետապնդման ենթարկվել

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ 2019թ. հետ համեմատությամբ: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

2020թ.-ի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր: Այսինքն 2019թ.-ի համեմատ 2020թ. 11.9%-ով կամ 167-ով նվազել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը:

Այս նվազումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով: Նախ՝ մինչև ՀՀ քրեական օրենսգրքում 2020թ.-ի մարտի 25-ի փոփոխությունը, կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվել էր ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, համաձայն որոնց՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություն է համարվել 70 հանցակազմ: Ներառյալ 2019թ.-ի տվյալներն ամփոփվել են հենց նշված քանակի հանցակազմերի շրջանակներում։ Մինչդեռ 2020թ.-ի կատարված օրենսդրական փոփոխությամբ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքով, որում ընդգրկված է 28 հանցակազմ, և 2020թ.-ի արդյունքներն ամփոփվել են հենց այդ հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների հիման վրա։

Երկրորդ հիմնական պատճառը իրավապահ մարմինների համար 2020թ.-ի ընթացքում կորոնավիրուսային համավարակի, դրանով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված սահմանափակումների, ինչպես նաև արցախյան պատերազմ հարուցած խնդիրներն էին:

Այսուհանդերձ, նման առանձնահատուկ պայմանների առկայության և քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության պայմաններում հաջողվել է 2020թ.-ին ավարտել կոռուպցիոն բնույթի 716 քրեական գործի վարույթ, որից 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Տարվա ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2535 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1356 անձ, ինչը 2019թ.-ի համեմատ ավելի է 7.3-ով։

204 անձի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը դադարեցվել է, որոնցից 61 տոկոսը՝ ոչ արդարացման հիմքերով:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շարժընթացի՝ թվարկված օբյեկտիվ գործոններով պայմանավորված միտումների պայմաններում լուրջ աշխատանք է կատարվել հատկապես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման ոլորտում: Մասնավորապես, կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով շուրջ 223%-ով կամ 2․5 մլրդ ՀՀ դրամի չափով ավելի վնաս է վերականգնվել (2019թ․-ին՝ 2 մլրդ ՀՀ դրամ, 2020թ․-ին՝ 4․5 մլրդ ՀՀ դրամ գումար)։

Իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 227 մլրդ ՀՀ դրամ՝ 2019թ.-ին արձանագրված շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամի դիմաց: 2020թ.-ի ընթացքում քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի վնաս՝ կամ 2019թ.-ի համեմատ շուրջ 12.6%-ով ավելի:

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով արգելանք է դրվել 84.5մլն ՀՀ դրամի, շուրջ 5.9մլրդ ՀՀ դրամ հաշիվների, 87 անուն շարժական և 149 անշարժ գույքի ու 22 հողատարածքի վրա:

2020թ.-ի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են, ընդ որում՝ նրանց թիվը 2019թ.-ի համեմատ (530) ավելի է 26.6%-ով: Նրանց թվում են ՀՀ պաշտոնաթող նախագահ, ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր, նախարարներ, նախարարի տեղակալներ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սնանկության դատարանի դատավորներ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ԲՈՀ-ի նախկին նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, Պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀ նախկին դեսպան, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներ, բուժհաստատությունների տնօրեններ, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ, ՊՈԱԿ-ների տնօրեններ, դպրոցների տասնյակ ներկա ու նախկին տնօրեններ, փոխտնօրեններ, Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ, տարածքային բաժնի պետեր, սոցիալական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ՀՀ ԶՈւ շուրջ մեկուկես հարյուր պաշտոնատար անձինք, այդ թվում զորամասերի հրամանատարներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի ներկա ու նախկին ղեկավարներ, տեղակալներ, համայնքների 100-ից ավելի ներկա ու նախկին ղեկավարներ, առանձին պետական ընկերությունների տնօրեններ և այլն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս