Կան դեպքեր, երբ ամբողջությամբ է ապրանքը կեղծվում. ՏՄՊՊՀ նախագահը կաթնամթերք արտադրողներին զգուշացնում է
«Կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան, և այն տվյալները, որոնք նշված են ապրանքի վրա՝ պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,- «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ հայտնելով, որ դեռևս երկու տարի առաջ, երբ հանձնաժողովը նոր էր ձևավորվել, տեղեկացրել են, որ կոշտ միջոցներ չեն կիրառվելու, և պետք է փորձեն համագործակցության դաշտում կարգավորել խնդիրը:
«Երեք փուլով ուսումնասիրություն ենք իրականացրել: Ստուգումների ընթացքում իրավախախտումներն ավելի քիչ էին, քան նախկինում. դրական դինամիկան ակնհայտ է, սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից: Մեկ միջոցառում էլ արել ենք՝ սուպերմարկետներում բուսական յուղ պարունակող մթերքներն առանձին են մակնշված: Այստեղ կարծում եմ, որ աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ, որպեսզի խոշոր սուպերմարկետներից անցում կատարենք խանութներ: Սպառողն իր համար մատչելի ձևով պետք է տեսնի ապրանքի էությունը: Ընթերցանությամբ չպետք է սպառողը զբաղվի, որ հայտնաբերի: Կան դեպքեր, երբ ամբողջությամբ է ապրանքը կեղծվում. նշվում է թթվասեր, սակայն թթվասերային մթերք և բուսական յուղ է պարունակում: Այստեղ, իհարկե, տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում ենք, որ զերծ մնան նման իրավախախտումներից, որովհետև այս պահից սկսած՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մեր հանձնաժողովը պարբերական ստուգումներ են իրականացնելու առանց նախազգուշացման: Կարծում եմ՝ ժամանակն է, որ բոլորն աշխատեն հնարավորինս մրցակցային և օրենքի դաշտում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը՝ ևս մեկ անգամ խնդրելով չմոլորեցնել հասարակությանը, մակնշումը ճիշտ անել:
Խոսքը կաթի, թթվասերի, կաթնաշոռի, պանրի մասին է:
Նրա խոսքով՝ կարագի շուկայում իրավիճակը շատ ավելի լավ է, նման խախտումներ այս պահին չեն հայտնաբերել: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի երկու օրից:
«Ոչ ոք չի ասում, որ բուսական յուղը վատն է, չպետք է լինի շուկայում: Օրինակ, կա մարգարին, որը կարագի գնի է վաճառվում, սակայն վրան մակնշված է՝ մարգարին: Այսինքն, ամբողջ խնդիրն այն է, որ եկեք պայմանավորվենք՝ անընդհատ չգանք, գտնենք իրավախախտում, հետո անընդհատ ձեզ չբերենք վարչական վարույթի դաշտ ու չսկսենք պատասխանատվության միջոցներ կիրառել, որովհետև հասկանում ենք՝ նաև բարիք եք ստեղծում, պետությունը լավ գործունեության դեպքում պետք է ձեր կողքին կանգնի, բայց չենք կարող թողնել բարձիթողի վիճակում ու իրավախախտումներին չնայել»,- խոսքն ուղղելով տնտեսվարողներին՝ ասաց Գեղամ Գևորգյանը:
Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկայում գների բարձրացմանը՝ ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ գների էական բարձրացում այս պահին չկա:
Հավելենք, որ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է՝ 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: