
Կոնգոյում ՄԱԿ-ի դեմ բողոքի ակցիաներում երկու մարդ է մահացել

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության դեմ բողոքի ակցիաների հետևանքով ապրիլի 9-ին մահացել է առնվազն երկու մարդ: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Օիչա բնակավայրի ղեկավար Նիկոլաս Կիկուկուն հայտնել է, որ ՄԱԿ-ի առաքելությանը կցված զինուժը, որը հայտնի է MONUSCO անունով, ցուցարարի է սպանել: «Ցուցարարները հրկիզեցին երկու կամուրջները, որոնք տանում էին դեպի խաղաղապահների ռազմաբազա, ինչը MONUSCO-ի համար անընդունելի էր և նրանք կրակ բացեցին ցուցարարների վրա»,- Reuters-ին ասել է Կիկուկուն:
Մեկ այլ ցուցարար էլ անհայտ պայմաններում սպանվել է Բենի բնակավայրի մոտ:
Քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում ՄԱԿ-ի առաքելության դեմ այն բանի համար, որ նրանք չեն կարողացել կանխել զինյալ խմբավորումների կողմից քաղաքացիական անձանց սպանությունների ալիքը:
ՄԱԿ-ի խաղաղապահները Կոնգոյում են տեղակայված 1999 թվականից՝ երկրի կառավարության հրավերով: