
Չեռնոգորիան երկարացրել է անայցագիր ռեժիմը ռուսաստանցիների համար

Չեռնոգորիայի իշխանությունները ՌԴ քաղաքացիների համար անայցագիր մուտքի ռեժիմը երկարացրել են մինչեւ հոկտեմբերի 31-ը: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները 2021 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը կարող են մուտք գործել, հատել տարածքը եւ Չեռնոգորիայում գտնվել մինչեւ 90 օր՝ անձը հաստատող գործող փաստաթղթով, առանց այցագրի»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, մուտքի առաջին օրվանից մինչեւ 90 օր ժամկետով Չեռնոգորիա կարճաժամկետ մուտքի համար բավական է արտասահմանյան անձնագրի առկայությունը: Դրա հետ մեկտեղ աշխատանքի կամ ուսման նպատակով ուղեւորության համար առաջա պես անհրաժեշտ է ձեւակերպել համապատասխան այցագիր: Մարտի վերջին Չեռնոգորիայի կառավարությունը հաղորդել է, որ քննարկում է 2021 թվականի ամռանը սահմանափակումները հանելու եւ արտասահմանյան զբոսաշրջությունը վերսկսելու պլանը:
Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ժամանող օտարերկրացիները ներկայացնեն երեք տեղեկանքներից մեկը՝ կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի արդյունքով տեղեկանքը, որն արվել է ուղեւորությունից առաջ 72 ժամվա ընթացքում, IgG հակամարմնի դրական արդյունքով անալիզի տեղեկանքը կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման, այդ թվում՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով, ամբողջ բուժընթացի վերաբերյալ վկայագիրը: Չեռնոգորիայի հետ ուղիղ հաղորդակցություն առայժմ չի վերսկսվել, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: