«Ես թշնամու հերն անիծեմ, թող համարձակվեն գյուղում սադրանքի գնան, կտեսնեն». Շուռնուխի գյուղապետ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ Սյունիքի մարզի բոլոր շահեկան դիրքերն աստիճանաբար հանձնվեցին թշնամուն, սյունեցիները հայտնվեցին անմիջապես թշնամու թիրախում։

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ՀՀ սահմանների վերաբերյալ որևէ կետ չկա, այդուհանդերձ, Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ թշնամին հայտնվեց Սյունիքում և զբաղեցրեց բոլոր հարմար դիրքերը։ Այս ամենի հետևանքով այսօր սյունեցին հանգիստ չի կարողանում տեղաշարժվել, որևէ գյուղից մարզկենտրոն գնալիս՝ թշնամին սադրում է, սպառնում։ Վերջին դեպքը տեղի էր ունեցել Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհին, երբ ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական մեքենայի ուղղությամբ։ Վարորդը կանգ չէր առել և արագ հեռացել էր ճանապարհից։

168.am-ի հետ զրույցում Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց, որ այդ միջադեպից հետո համայնքի տարածքում նման բան տեղի չի ունեցել։

«Դավիթ Բեկ վարչական տարածքում նման միջադեպ չի եղել։ Այս պահին մենք մեր դաշտերն ենք ցանում՝ սահմանի վրա, ամեն դեպքում անվտանգությունը պետք է ապահովեն։ Չնայած ապահովող կա, խաղաղապահները կանգնած են, բայց ամեն դեպքում վտանգավոր է, այնպես չէ, որ անվտանգ է, վտանգավոր է»,- եզրափակեց Բենիամին Պողոսյանը։

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ կոնկրետ Շուռնուխի տարածքում նման միջադեպ չի կրկնվել։

«Վերջին միջադեպի վերաբերյալ Կապանի համայնքապետն արդեն տեղեկատվություն տվել է, նման բան եղել է։ Ես թշնամու հերն անիծեմ, թող համարձակվեն գյուղում սադրանքի գնան, կտեսնեն։ Սրանք ո՞վ են, սրանք նապաստակներ են, երկու երեխա գոռալով վազի՝ դրանք կվախենան ու կփախնեն, սա հավատացնում եմ։ Սրանք գառան պես կանգնած են, սրանք ադրբեջանցի սահմանապահներ են, իրենց տեղում սսկված են։ Միակ խնդիրն այն է, որ սրանք այստեղ են ու մեր երեխաների կողքին, մեր երեխաները սրանց տեսնում են»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խմբի այցերին մարզի սահմանամերձ գյուղեր, Հակոբ Արշակյանն ասաց, որ իրենց համայնք որևէ մեկը մարզպետարանից չի այցելել, միայն գնացել են երկու հոգի՝ ինչ-որ փոխնախարար և Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

«Մեզ մոտ եկել էր ինչ-որ փոխնախարար ու մի կալավանցի Ռոբերտ։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց Ռոբերտին այս կողմից խռիկ ես տալիս, էն մյուս կողմից մտնում է։ Դե, ինքը գյուղացի տղա է, եկել է այստեղ մարդկանց խնդիրներին ծանոթանալու, ինչ-որ խորհուրդներ տալու, ցանկացած տուն մտնում է՝ ամեն մեկին ինչ-որ բանով օգտակար լինելու համար»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, որ մարզում ճամփեզրերից ադրբեջանցի զինվորականները պետք է հեռանան և ադրբեջաներեն գրությամբ ցուցանակները հանեն, Հակոբ Արշակյանն ասաց, որ ՄԻՊ-ը ճիշտ բան է ասում։

«Այդ մարդը եկել է, այստեղ սահմանին կանգնել է, ամեն ինչ իր աչքով է տեսել, ով իր աչքով այստեղ բան չի տեսել, ասում է՝ Սյունիքն անվտանգ է։ Էն մի դերասան Գնել կա, առանց այստեղ տեսնելու, ասում է՝ Սյունիքն անվտանգ է։ Այդ դերասաններին մի լսեք, լսեք Թաթոյանին, որ անձամբ եկել՝ տուն-տուն մտել ու ամեն ինչ հասկացել է»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Տեսանյութեր

Լրահոս