«Սպուտնիկ V»-ն Հայաստանում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ․ պարզաբանում են Առողջապահության նախարարությունից
Փաշինյան-Պուտին Մոսկովյան հանդիպմանն անդրադարձ էր կատարվել նաև Հայաստանի կողմից Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման հարցին: Պուտինի հարցին, թե «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստանում գրանցվա՞ծ է, Փաշինյանը պատասխանել է․ «Այո»։
Թեմայի շուրջ տեղի ունեցած այս հարցուպատասխանի վերաբերյալ դիտարկումներ էր կատարել Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը:
«Առանց քաղաքականության ու առանց պատվաստանյութի նկատմամբ մի կաթիլ հակաքարոզի, դիտարկումս զուտ մասնագիտական է։
Լավ, իրո՞ք այս աստիճան ու այս մակարդակով կարելի է չտիրապետել իրականությանը և արժեզրկել ու նսեմացնել դեղի պետական գրանցումը երկրում, որը հիմքն է դեղերի անվտանգ շրջանառություն ունենալու համար՝ սկսած արտադրություն-ներմուծումից՝ մինչև կիրառում ու ոչնչացում,- գրում է Վ. Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում եւ հավելում,- Հիմա անցնեմ բուն փաստին՝ կոնկրետ հարց է հնչում Վարչապետին Պուտինի կողմից.
««Սպուտնիկը» գրանցվա՞ծ է արդեն Հայաստանում»։ «Այո»,- պատասխանում է Վարչապետը։
Մինչդեռ, ԱՅՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, պաշտոնի չեմ, բայց պաշտոնապես հայտարարում եմ դա, ու, ի դեպ, անկեղծ լինելու համար պետք է ասեմ՝ առանց դեղի պետական գրանցման՝ պետության կարիքների համար ու մի շարք այլ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում նույնպես կարելի է ներմուծել դեղ։ Միգուցե ա՞յդ կերպ էր պետք պատասխանել, բայց պատասխանվեց այլ կերպ․․․ ցավոք։
Ամեն դեպքում կա մի քանի տարբերակ․ Երևի սխալ էին զեկուցել, ինքն էլ սխալ պատասխանեց, բայց դա արդեն կարևոր չէ այժմ։ Հակառակ պարագայում՝ ավելի վատ։ Կամ կա երրորդ տարբերակը, որին ավելի շատ եմ հակված. ոչ մի բան չէին նախապես զեկուցել, բայց դե պահի տակ մտածեց՝ «գրանցումը ո՞րն ա, դա ի՞նչ ա, ո՞ւմ շունն ա, երևի հա էլի, ոնց էլ չլինի՝ գրանցված կլինի», ու հնչեց՝ «Գրանցված ա!!!» պատասխանը։
Ցավում եմ․․․ իսկ հարցնողը, իրոք որ, գիտի՝ ինչ ա հարցնում…
(Ի դեպ, պատվաստանյութը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն նույնպես համարվում է դեղ)»։
Ի վերջո, «Սպուտնիկ V»-ը Հայաստանում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ՝ հարցը 168.am-ն ուղղեց Առողջապահության նախարարությանը:
Ի պատասխան՝ տեղեկացրին. «Հայաստանում «Սպունիկ V» պատվաստանյութը պաշտոնական կիրառման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին: Այսինքն` երկիրը դեղամիջոցը կամ պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն է տվել։ Հաշվի առնելով համավարակն ու աշխարհի տարբեր երկրներում արտակարգ դրությունը՝ բոլոր երկրներն այս մեխանիզմն են օգտագործում, այսինքն՝ տվյալ պատվաստանյութը մեր երկրում, ելնելով համավարակի իրավիճակից, արտակարգ իրավիճակում օգտագործման թույլտվություն է ստացել»։
Այսինքն՝ «Սպունիկ V» պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ, պարզապես ունի պաշտոնական կիրառման թույլտվություն։