Պուտինը հարցնում է՝ «Սպուտնիկը գրանցվա՞ծ է Հայաստանում», Փաշինյանն ասում է՝ «այո», մինչդեռ այն գրանցված չէ Հայաստանում․ Վահե Մինասյան

Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  երեկ Փաշինյան-Պուտին զրույցի՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութին առնչվող հատվածին։ Նա մասնավորապես գրում է․ «Առանց քաղաքականության ու առանց պատվաստանյութի նկատմամբ մի կաթիլ հակաքարոզի, դիտարկումս զուտ մասնագիտական է։

Լավ, իրո՞ք այս աստիճան ու այս մակարդակով կարելի է չտիրապետել իրականությանը և արժեզրկել ու նսեմացնել դեղի պետական գրանցումը երկրում, որը հիմքն է դեղերի անվտանգ շրջանառություն ունենալու համար՝ սկսած արտադրություն-ներմուծումից մինչև կիրառում ու ոչնչացում։

Հիմա անցնեմ բուն փաստին՝ կոնկրետ հարց է հնչում Վարչապետին Պուտինի կողմից,

««Սպուտնիկը» գրանցված է՞ արդեն Հայաստանում»։ «Այո» – պատասխանում է Վարչապետը։

Մինչդեռ, ԱՅՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, պաշտոնի չեմ, բայց պաշտոնապես հայտարարում եմ դա, ու, ի դեպ, անկեղծ լինելու համար պետք է ասեմ՝ առանց դեղի պետական գրանցման պետության կարիքների համար ու մի շարք այլ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում նույպես կարելի ներմուծել դեղ։ Մի՞գուցե այդ կերպ էր պետք պատասխանել, բայց պատասխանվեց այլ կերպ․․․ ցավոք։

Ամեն դեպքում կա մի քանի տարբերակ․ Երևի սխալ էին զեկուցել, ինքն էլ սխալ պատասխանեց, բայց դա արդեն կարևոր չէ այժմ։ Հակառակ պարագայում՝ ավելի վատ։ Կամ կա երրորդ տարբերակը, որին ավելի շատ եմ հակված – ոչ մի բան չէին նախապես զեկուցել, բայց դե պահի տակ մտածեց՝ – «գրանցումը որն ա՞, դա ինչ ա՞, ում շունն ա՞, երևի հա էլի, ոնց էլ չլինի գրանցված կլինի» ու հնչեց՝ «Գրանցված ա!!!» պատասխանը։

Ցավում եմ․․․ իսկ հարցնողը, իրոք որ, գիտի ինչ ա հարցնում…

(Ի դեպ, պատվաստանյութը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն նույնպես համարվում է դեղ)»։

Տեսանյութեր

Լրահոս