«Ոստիկաններն այսօր բավականին ագրեսիվ էին, համարյա բոլորս կապտուկներ ենք ստացել». ՎԵՏՕ շարժման անդամներ
Այսօր ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանայք ակցիա էին կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջով: Նրանք երթով Շառլ Ազնավուրի հրապարակից եկել էին գործադիրի շենք և ցանկանում էին ներս մտնել, կառավարության անդամներին թուրքական ֆեսեր տալ: Ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, նրանց մի մասին բերման ենթարկեց քաղաքի տարբեր բաժիններ: ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը ևս բերման ենթարկվածների մեջ էր, ավելի ուշ կազմակերպված ասուլիսի ընթացքում նա ասաց, որ ոստիկաններն իրենց թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան:
«Բերման ենթարկվածների մեջ կային զոհվածների քույրեր, որդեկորույս մայրեր, հերոսի տիկին, հերոսի դուստր: Այս խայտառակությանն ականատես եղանք, թե ինչպես այս դավաճան թրքահպատակ իշխանությունները սարսափած են պարզապես ընդամենը կանանց մասնակցությամբ ակցիայից: Տեսաք ոստիկանական հսկայական ուժեր, որոնք ի սկզբանե տեղակայված էին Շառլ Ազնավուրի հրապարակում և մեզ ուղեկցելով հասան Կառավարության շենք, այնուհետև սկսվեց քաշքշուկ, և այլն: Մեր ակցիայի բուն նպատակն էր, որ այդ թուրքական ֆեսի տեղադրումով արձանագրենք վերջնականապես, որ Հայաստանում իշխանություն են զավթել թուրքերը, ալիևներն ու էրդողանները: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ նրանք բացահայտ և լկտիաբար թուրքերին ամենօրյա ռեժիմով սեր են խոստովանում և չեն էլ թաքցնում իրենց թրքահպատակ էությունը: Ամեն օր իրենց իշխանական ամբողջ խմբակով տարբեր թեմաների վերաբերյալ թրքահաճո հայտարարություններ են անում, իրենք պատրաստ են ծնկել թուրքի առջև, արդեն ծնկել են, և նույնը ստիպում են անել նաև մեզ, մենք՝ արժանապատիվ հայ կանայքս ու աղջիկներս, չենք պատրաստվում շարժվել թուրքերի օրակարգով»,- ասաց Հակոբյանը:
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամը նկատեց, որ այսօր երթի ժամանակ իրենց միացել են պատահական անցորդներ: Նա պնդեց, որ կանանց ակցիաները լինելու են շարունակական այնքան ժամանակ, քանի չեն հասել իրենց վերջնանպատակին: Անդրադառնալով ոստիկանների կիրառած ուժին՝ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամները պնդեցին, որ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել:
«Այսօր ոստիկանների կողմից գործադրվեց աննախադեպ բռնություն»,- ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը:
«Ծանր վնասվածքներ չունենք, բայց կապտուկներ համարյա բոլորս ստացել ենք: Քանի որ բազմիցս բերման ենք ենթարկվել, համեմատական կարող ենք ասել, որ այսօր բավականին, շատ ավելի ագրեսիվ էին, ոչ համաչափ ուժ կիրառվեց՝ ըստ մեզ»,- ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամ Ալեքսանդրա Հարությունյանը: