Փաշինյան-Զուրաբով խաղերի ենթատեքստը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) շուրջ հյուսվող իշխանական թնջուկը նոր երանգներ է ստանում։ Այս անգամ խաղի մեջ ներգրավվել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։

Վերջինս հանդիսանալով ԶՊՄԿ բաժնետեր՝ հայց է ներկայացրել դատարան, որով պահանջել է պայմանագրերը, որոնցով ԶՊՄԿ-ն դարձել է 75 տոկոսի սեփականատեր, անվավեր ճանաչել։ Զուրաբովը նաև ԶՊՄԿ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ է ներկայացրել, որը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։

Հարկ է նկատել, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2020 թվականի վերջին, և արդեն մինչև իսկ վերաքննիչ դատարանում Զուրաբովը գրանցում է միայն անհաջողություններ։

Ու թերևս ոչ պատահականության սկզբունքով, մարտի 16-ին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միխայիլ Զուրաբովին։  Հաղորդագրությունում, թեև Զուրաբովը ներկայացված է ոչ թե՝ որպես ԶՊՄԿ-ի բաժնետեր, այլ՝ «նախկին նախարար, գործարար», այնուամենայնիվ ենթադրել կարելի է, որ քննարկման առանցքային թեման եղել է հենց ԶՊՄԿ-ն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս գրեթե բոլոր առիթներով խոսում է հանքարդյունաբերության մասին և այն պետականացնելու իշխանության նկրտումներից։

«Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ․․․» թևավոր արտահայտությունը կառավարական հաղորդագրությունում միգուցե որևէ էական նշանակության չարժանանար, եթե Զուրաբովի անունը թուրքական խոշոր ինվեստիցիոն ընկերությունների հետ կապված չլիներ։

Փաշինյանի պատկերացրած «օտարերկրյա ներդրումները», հնարավոր է՝ հատկապես թուրքական ներդրումն է, հատկապես այն պարագայում, երբ վերջին ժամանակներս թրքասիրությունը մտել է քաղաքական օրակարգ։

Ակնհայտ էր, որ Փաշինյանի կողմից Հայաստանը և Արցախը թյուրքական կոալիցիային՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ ծառայեցնելը գլոբալ աշխարհաքաղաքական,  այդ թվում՝ ստվերային շահեր է հետապնդում:  Փաշինյանի կառավարությունը նվաստացուցիչ և ծրագրավորած պարտության տանող պատերազմով երկիրը տնտեսական-քաղաքական լուրջ ճգնաժամերի առջև կանգնեցնելով՝ այժմ լծվել է թուրքական կապիտալի համար դեպի Հայաստան տնտեսական էքսպանսիայի բարենպաստ պայմանների ստեղծման գործին:

Հիշեցնենք, որ Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ Զուրաբովը Փաշինյանին «ներկայացրել էր ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում»:
Ըստ մեր տեղեկությունների՝ Միխայիլ Զուրաբովը հետաքրքրված է նաև Հայաստանի այլ հանքարդյունաբերական ծրագրերով, ոչ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատով (ԶՊՄԿ):

Սպասելի էր, որ Փաշինյան-Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ձգտելու էր տոտալ վերահսկողություն սահմանել Հայաստանի հիմնական բնական ռեսուրսների, այդ թվում՝  հանքավայրերի նկատմամբ։

Սրանք, ինչպես ասում են, դեռ «ծաղիկներն են»:

Տեսանյութեր

Լրահոս