
Նավթով բեռնված նիդեռլանդական լցանավը կորցրել է ընթացքը Նորվեգիայի ափերի մոտ

Eemslift Hendrika նիդեռլանդական նավը, որի անձնակազմը բաղկացած է 12 մարդուց, աղետի ազդանշան է տվել ուժեղ կողաթեքվածքի եւ Նորվեգիայի ափերի մոտ ընթացքը կորցնելու պատճառով. անձնակազմը տարհանվել է, սակայն պահպանվում է նավի շրջվելու վտանգը, որը բեռնված է նավթով եւ դիզելային վառելանյութով: Այդ մասին հաղորդել է NRK հեռուստառադիոընկերությունը:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, հոլանդական նավն աղետի ազդանշանը տվել է դեռ ապրիլի 5-ի ցերեկը: Նորվեգիայի նավահանգստային ծառայության եւ ծովագնացության վարչությունը որոշում է ընդունել անձնակազմի 12 անդամներից ութին դուրս բերել, չորս նավաստիները, կապիտանի գլխավորությամբ, շարունակել են պայքարել ապրելունակության համար, սակայն այն բանից հետո, երբ նավը կորցրել է ընթացքը, փրկարարները դուրս են բերել մնացած թիմին:
«Գլխավորն այս պահին այն է, որպեսզի թույլ չտրվի կողաթեքվածք տված նավի շրջվելը եւ կանխվի ծանր նավթի ու դիզելային վառելիքի արտահոսքը»,-հաղորդագրությունում մեջբերվում է վարչության ներկայացուցիչ Հանս-Փեթեր Մորթենսհոլմի խոսքը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ նավը դրեյֆում է Օլեսուննայի շրջանում, ափի ուղղությամբ. ըստ մասնագետների գնահատման, նավի շրջվելու հավանականությունը մեծ է սաստիկ կողաթեքվածքի եւ այդ շրջանում ալեկոծված ծովի պատճառով. ալիքի բարձրությունը հասնում է 15 մետրի:
Հաղորդվում է, որ նավը բեռնված է մոտավորապես 350 տոննա ծանր նավթով եւ 50 տոննա դիզելային վառելիքով: Նավի դրեյֆի շրջան է շարժվել առափնյա պահպանության նավը, ինչպես նաեւ ինքնաթիռ՝ իրադրությունը գնահատելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: