Պրոտեկտորալ Հայաստան

Առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում մրցակցելու են ոչ միայն ու ոչ այնքան՝ ներքին հակադրություններ ունեցող ուժերը, որքան արտաքին ամենատարբեր ու բազմավեկտոր ազդեցությունները։ Այդ ընտրություններում բախվելու են ռուսական ու ամերիկյան, թուրքական, ադրբեջանական ու բրիտանական և բազմաթիվ այլ ազդեցություններ ու դրանց կրողներ։

Երկար ժամանակ Հայաստանը եղել է ամենատարբեր արտաքին լատենտ ազդեցությունների իրացման թատերաբեմ, ընտրությունների ժամանակ դրանք ավելի ցայտուն ու առարկայական են դառնալու։

Ցավալի է, բայց Հայաստանում ազդեցության իմաստով ամենաթույլը հայկականությունն է, մնացած բոլոր ազդեցությունները շատ ավելի խորը ներկայացվածություն ունեն Հայաստանի քաղաքական դաշտում։ Նույնքան ցավալի է, բայց իրողություն, որ ընտրություններում հաղթելու ամենանվազ հնարավորություններն ունի ազդեցություններից հենց հայկականությունը, օտարերկրյա լրտեսական ու գործակալական ցանցերի հաղթանակի շանսերը բազմապատիկ ավելի են։

Այս իրավիճակը վկայում է Հայաստանի ներքին դիմադրողականության անթույլատրելի նվազման, հնարավոր է՝ իսպառ բացակայության մասին, որովհետև միայն ներքին իմունիտետից զուրկ պետություններում ու հասարակություններում օտարերկրյա ազդեցության գործակալները կարող են տարածվել այնչափ, որքան հիմա տարածված են Հայաստանում։

Պատկերն առավել ողբերգական է այն իրողության համատեքստում, որ լայն իմաստով՝ իրապես հայկական, որևէ ազդեցությունից զերծ քաղաքական ուժի կամ հոսանքի պահանջարկ Հայաստանում չկա։ Հասարակությունը՝ որպես քաղաքականության սպառող ու պահանջարկ ներկայացնող, շատ ներդաշնակ է ապրում սեփական երկրում ամենատարբեր ազեցություններ ունեցող ուժերի առկայության փաստի հետ։

Անգամ ազգայնականությունը, որ նման իրավիճակներում թվում է օտարածին երևույթներին հակադրվող հոսանք, Հայաստանում գտնվում է օտար ազդեցությունների տիրույթում և կեղծ հայրենասիրության լոզունգներով ծառայում է այս կամ այն կայսրության շահերին։ Քաղաքական դաշտի այս դեգրադացվածությունն ու օտարականությունը վկայում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, ինչի մասին այդքան պաթետիկ առոգանությամբ սիրում են խոսել արտաքին այս կամ այն հոսանքին անմնացորդ ծառայողները, այսօր բացակայում է առավել, քան երբևէ։ Հենց բովանդակ ինքնիշխանության կորուստն է Հայաստանը վերածել տարածքի, որում այս կամ այն  արտաքին ուժի պրոտեկտորատ հաստատելու համար էլ իրականում այսօր ընթանում է պայքարը՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին քաղաքական հարթությունում։

Իշխանությունն արդեն առանց ավելորդ ձևականությունների՝ ներկայացնում է Հայաստանը թուրքական պրոտեկտորատի վերածելու մոդելը, ընդդիմության զգալի մասը կրկին պրոտեկտորատի կողմնակից է, բայց ռուսական։

Առաջարկվող որևէ երկընտրանքում Հայաստանը բացակայում է, որովհետև դրա առկայության դեպքում արտաքին ազդեցությունները չէին հավակնի նրան, ինչին հավակնելու են ընդամենը երկու ամիս անց կայանալիք ընտրություններում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս