«Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով». Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը «տնտեսական բնույթի կարևոր լուրեր» հայտնեց:
«Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, և առևտրի շրջանառությունն առաջին եռամսյակի տվյալներով և մարտ ամսվա տվյալը նույնպես առանձին վերցրած էական աճ է արձանագրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ հայտնեց, թե այս տարվա մարտին 2020թ․ մարտի համեմատությամբ 8 միլիոն 647 հազար ՀԴՄ ավելի է տպվել, որը գումարային կտրվածքով կազմում է 122 մլրդ դրամ: ՊԵԿ նախագահի խոսքով՝ առաջին եռամսյակին իրացման շրջանառությունը նախորդ տարվա առաջին եռամսյակից ավելի է 116.8 մլրդ դրամ (6 մլն 200 հազար գործարք ավելի):
Առաջին եռամսյակում 332.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ են հավաքագրվել՝ 27.9 մլրդ դրամ ավելի 2020-ի առաջին եռամսյակից:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն էլ հավելեց, թե այս ցուցանիշներից ելնելով՝ կանխատեսում են, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով:
«Սա, կարծում եմ, բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային և պատերազմական տարվա համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում