«Հույս ունեմ՝ երկուշաբթի օրը մարզերում և Երևանում առկա կլինեն պատվաստանյութերը»․ առողջապահության նախարար
«Առողջապահության նախարարությանը կից գործող մասնագիտական խորհուրդն ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում AstraZeneca-ի հետ կապված և ընդհանրապես բոլոր պատվաստանյութերի հետ կապված»,- կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ եվրոպական մի շարք երկրներում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մահվան դեպքեր են գրանցվում։
Նախարարն ընդգծեց, որ բազմաթիվ լուրջ կազմակերպություններ տվել են իրենց եզրակացությունները, այդ թվում՝ ԱՀԿ-ն․
«Եզրակացությունն այնպիսին է, որ պատճառահետևանքային կապը՝ եղած կողմնակի ազդեցությունների և պատվաստման միջև, ապացուցված չէ»։
Հարցին՝ արդյոք իշխանության ներկայացուցիչները պատրաստվո՞ւմ են պատվաստվել AstraZeneca-ով, և արդյոք ժամկետներ կա՞ն, նախարարը պատասխանեց, որ դա առողջապահական գաղտնիք է համարվում․
«Այն պաշտոնատար անձինք, որոնք կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը, ինֆորմացիան, կհրապարակեն, և մենք էլ կկիսվենք։ Իհարկե, որոշ դեպքերում, շատ երկրներում էլ հանրային դեմքերը փորձում են նաև ի աջակցություն պատվաստման գործընթացի՝ հանրայնացնել, բայց դուք գիտեք, որ բժշկական գաղտնիքն այլ անձանց կողմից չի կարող հրապարակվել»։
Լրագրողն առաողջապահության նախարարին փոխանցեց քաղաքացիների քննադատությունը, որ՝ եթե AstraZeneca պատվաստանյութը լավն է, ինչո՞ւ է իր մայրը պատվաստվել ռուսական Sputnik V-ով, նախարարը կրկին հիշեցրեց բժշկական գաղտնիքի մասին․
«Ես կխնդրեմ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ չհրապարակել և նման հարցեր չտալ»։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք AstraZeneca-ի 24.000 դեղաչափը, որը օրերս ներմուծվեց Հայաստան, արդեն բաժանվե՞լ է բուժհաստատություններին, և արդյոք սկսվե՞լ է AstraZeneca–ով պատվաստվելու գործընթացը։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ պատվաստանյութերը դեռ չեն բաժանվել բուժհաստատություններին՝ որոշակի գործառույթներով պայմանավորված, մասնավորապես՝ մաքսազերծման, բաշխման և այլ գործառույթներով։
«Մենք երեկ հանդիպում ենք ունեցել Երևան քաղաքի պոլիկլինիկաների տնօրենների հետ, քննարկել ենք կատարվելիք աշխատանքների ամբողջ ընթացքը։ Մինչև պատվաստումների գործընթացի մեկնարկը կիրականացվեն և արդեն իրականացվում են վերապատրաստման դասընթացներ, ստուգվում են պոլիկլինիկաներում առկա առաջին օգնության բժշկական պայուսակների ամբողջ տարողունակությունը․․․ Հույս ունեմ, որ երկուշաբթի օրն արդեն կկարողանանք ապահովել, որ մարզերում և Երևան քաղաքում առկա լինեն պատվաստանյութերը»,- ասաց Առողջապահության նախարարը։
Ավանեսյանը բոլորին խորհուրդ տվեց պատվաստվել, քանի որ պատվաստումը միակ միջոցն է վերադառնալու բնականոն կյանք։ Իսկ հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է AstraZeneca-ով պատրաստվել, նախարարը պատասխանեց․
«Եթե ես՝ որպես նախարար, հրաման եմ ստորագրել, որ պատվաստանյութը պետք է օգտագործվի, իհարկե, միանշանակ․․․»։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: