
Կալիֆոռնիայում չորս մարդ է զոհվել հրաձգության ժամանակ

Մարտի 31-ին Օրինջ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) առնվազն չորս մարդ է զոհվել, երկուսը տուժել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է MSNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել գործարար համալիրում: Ոստիկանությունում նշել են, որ «իրավիճակը կայունացել է, բնակչության համար սպառնալիք չկա»:
NBC հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում կա երեխա: «Վեց մարդ հրազենի վերքեր է ստացել Օրինջում (Կալիֆոռնիայի նահանգ):
Նրանցից առնվազն չորսը տեղում զոհվել է, այդ թվում մեկ երեխա, երկու հոգի տեղափոխվել է տեղի հիվանդանոց»,- գրել է հեռուստաալիքը Twitter-ում՝ հավելելով, որ վիրավորների եւ տուժածների թվում ոստիկաններ չկան:
Դրա հետ մեկտեղ NBC-ն Twitter-ում հայտնել է, որ տուժածներից մեկն էլ, ենթադրաբար, սարքել է հրաձգությունը: Սա մեծ թվով զոհերով հրաձգության արդեն երրորդ դեպքն է մեկ ամսվա ընթացքում: Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) եւ դրա արվարձանում մարտի 16-ին 21-ամյա Ռոբերտ Ահարոն Լոնգը մի քանի հարձակում է գործել մերսման սալոնների վրա, զոհվել Է յոթ մարդ:
Այնուհետեւ 21-ամյա Ահմադ Ալիսսան մարտի 22-ին Բոուլդերում կրակ է բացել սուպերմարկետներից մեկի մոտ, զոհվել է 10 մարդ, այդ թվում ոստիկան:
Այդ միջադեպից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նոր կառավարությունը կձգտի հասնելու երկրում գրոհային հրազենի առք ու վաճառքի արգելքի սահմանման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: