Կառավարությունը հետևողականորեն պատժում է վարկի բեռի տակ կքած գյուղացիներին

Նախորդ տարի պոպուլիստական վառ փաթեթավորմամբ մեկնարկած «հակաճգնաժամային» երկրորդ միջոցառումը նպատակ ուներ չեզոքացնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները գյուղատնտեսության ոլորտում։

Բնականաբար, այս դեպքում ևս իշխող քաղաքական խմբակն իր դերի մեջ էր։ Կառավարության նիստում հաստատվեց հերթական ականջահաճո և բարձրագոչ նպատակը՝ գյուղատնտեսության ոլորտում սրվող և նոր առաջացող խնդիրների ֆոնին։

Իսկ իրականում այս միջոցառմամբ նախատեսված էր՝ գյուղատնտեսությամբ զբաղվող այն անձինք, որոնք չունեն ժամկետանց վարկային և հարկային պարտավորություններ, կարող էին ստանալ արտոնյալ վարկեր 2020թ․ ապրիլից մինչև դեկտմեբերն ընկած ժամանակահատվածում։ Այս վարկերի տոկոսային ծախսերը վճարում է (սուբսիդավորում է) պետությունը։

Փաստորեն, կառավարությունը մերժեց աջակցել այն գյուղացիներին, որոնք նաև հենց այդ կառավարության ապաշնորհության և անգործության հետևանքով են հայտնվել վարկային անելանելի բեռի տակ։

Իրականում այս գյուղացիներն են հանդիսանում պետական աջակցության առաջնային շահառուներ, սակայն այդպես էլ դուրս մնացին պետական սուբսիդավորմամբ մատչելի վարկ ստացողների շրջանակից։ Այսպիսով, նրանք մնալու են աղքատության ճիրաններում՝ սոցիալական նպաստի հույսին։

Պաշտոնական տվյալների համաձայն 2020թ․ այս ծրագրով շուրջ 27 հազար տնտեսվարողներ ստացել են արտոնյալ վարկեր՝ 1 միլիոն դրամի չափով և զրո տոկոս տոկոսադրույքով, երկու տարի ժամկետով։ Ի դեպ ծրագրի շահառուներից որևէ մեկը չի ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ։

Ավելին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ այս ծրագրի միջոցով վարկառուների 25 տոկոսի մոտ արձանագրվել են արտոնյալ վարկի նպատակային օգտագործման խնդիրներ։ Այսինքն՝ ծրագրով ծախսված պետական միջոցների առնվազն 25 տոկոսն ունի փոշիացման իրական ռիսկ։

Գյուղատնտեսության ոլորտում օր-օրի ահագնացող խնդիրների ֆոնին, սպասվող առարկայական լուծումների փոխարեն՝ օրվա քաղաքական իշխանությունն իրականում շարունակում է իր հակասոցիալական վարքագիծը։

Այս ամենի ևս մեկ օրինակ է 2021թ․ մարտի 25-ի կառավարության նիստի 38-րդ հարցը (օրակարգը հասու է այս հղումով):

Մասնավորապես, կառավարությունը որոշեց 2021թ․ ապրիլից մինչև հոկտեմբերի 1–ը նորից և նույն խնդրահարույց մեխանիզմով իրականացնել գյուղատնտեսության ոլորտում վերը նշված օժանդակության ծրագիրը, որն ավարտվել էր 2020թ․ դեկտեմբերին։ Պետական բյուջեից լրացուցիչ տրամադրեցին 1,6 միլիարդ դրամ՝ առանց հաշվի առնելու այս ծրագրի շահառուների շրջանակին, նպատակայնությանն ու հասցեականությանը վերաբերող և բացահայտված բազմաթիվ խնդիրները։

Բա ու՞ր մնաց ձեր նախընտրական խոստումը՝ «նպաստից դեպի աշխատանք և կայուն եկամուտ»։

Ամփոփում․ իրական խնդիրներից շեղելու իրենց խմբակի նեղ քաղաքական շահին ավելացել է նորը։ Վերարտադրվելու համար ունեն կենսական անհրաժեշտություն, իսկ դրա համար էլ կարիքն ունեն իրացնելու պոպուլիստական նոր չափաքանակներ։ Բնականաբար, այս նպատակով ջանք չեն խնայում, իսկ հանրօգուտ բանի անընդունակ են ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Տեսանյութեր

Լրահոս