ՍԴ որոշումից հետո քրեական հետապնդումն արդարացման հիմքով պետք է դադարեցվի, իրավական տեսանկյունից երկու կարծիք լինել չի կարող. Արթուր Ղամբարյան. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանի որոշումից հետո քրեական հետապնդումը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով պետք է դադարեցվի, իրավական տեսանկյունից երկրորդ կարծիք լինել չի կարող,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

Մասնագետն արձանագրել է՝ երբ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում որևէ, այն էլ՝ Քրեական օրենսգրքի հանցակազմ, ապա դրան պետք է հաջորդի քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարեցնելու պետության դիրքորոշումը։ «Թե պետությունն իր դիրքորոշումը ինչպես կարտահայտի՝ դատախազության միջոցով, որ դատախազը մեղադրանքը հետ կվերցնի և դրա հիման վրա դատարանը քրեական հետապնդումն այս հոդվածով կդադարեցնի, թե դատարանն իր նախաձեռնությամբ կդադարեցնի հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, հարցի տեխնիկական կողմն է»,- ընդգծել է Արթուր Ղամբարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։ Երեկ արդեն որոշումը ՍԴ կայքում հրապարակվել է ամբողջությամբ։ Դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի», ընդգծել, որ դա տարածվում է նաեւ բլանկետային նորմի վրա։ Բացի այդ՝ ՍԴ-ն անդրադարձել է նաեւ Սահմանադրության մեջ 2015 թվականին կատարված փոփոխություններին՝ արձանագրելով, որ դրանից հետո քրեական օրենսգրքի դիտարկվող հոդվածը փոփոխության չի ենթարկվել։

ՍԴ այս որոշումից հետո որոշ իրավաբաններ կարծիք հայտնեցին, թե դատախազը ոչ թե պետք է հրաժարվի մեղադրանքից, այլ վերաորակի, նոր մեղադրանք առաջադրի,սակայն իրավագիտության դոկտոր Ա.Ղամբարյանն ընդգծեց՝ ՍԴ այս բովանդակությամբ որոշումից հետո երկու կարծիք լինել չի կարող, հետապնդումը պետք է դադարեցվի։

«Մեղադրանքը փոխելը քրեական դատավարությունում բարդ ինստիտուտ է և դրա մասին խոսելու, գնահատականներ տալու համար պետք է խորը գիտելիքներ ունենալ։ Ավելին՝ ՍԴ-ում 3-4 անգամ քննարկման առարկա է դարձվել մեղադրանքը դատարանում փոխելու քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածը։ Այն մարդիկ, որոնք խոսում են մեղադրանքը փոխելու մասին՝ խորհուրդ կտամ համացանցից ներբեռնել 2009 թվականի իմ մենագրությունը՝ 100 էջանոց փոքր մենագրություն է, ու եթե ինտելեկտուալ կարողությունները թույլ կտան թող կարդան ու կհասկանան, թե մեղադրանքը ո՞ր դեպքերում է փոխվում դատարանում, ի՞նչ պայմաններ են պետք մեղադրանքը փոխելու համար։ Ինչքանով որ տեղյակ եմ քրեական գործից և համադրում եմ սոցցանցերում առկա կարծիքների հետ, ես այնտեղ մեղադրանքը փոխելու իրավական, օրենսդրական պայմաններ չեմ տեսնում»,- հայտարարել է Ղամբարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՍԴ-ն որևէ հանցակազմի որևէ հատկանիշ չի ճանաչել հակասահմանադրական, այլ ամբողջ հոդվածը։

Արդյոք հանրապետությունում առկա նման պայմաններում սպասելի էր ՍԴ-ի կողմից նման որոշման կայացումը՝ ձայների նման հարաբերակցությամբ՝ 8։0՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Ա.Ղամբարյանը նշել է, որ նմանատիպ քրեական գործերով մոտիվացիաները բացառապես իրավական չեն լինում և դիտարկվում է ավելի լայն՝ իրավաքաղաքական տիրույթում։

«Գիտեք, եթե այս քրեական գործի մեջ քաղաքական իշխանության կողմից ներդրված այդ ջանքերի, եռանդի, ատելության կեսը ներդրվեր թշնամու դեմ պայքարի գործում, երևի թե պատերազմում մենք նման պարտություն չէինք կրի։ Այսինքն՝ այստեղ խոսել միայն զուտ իրավական գործոնների մասին, կարծում եմ, միամտություն կլիներ։ Մենք որպես իրավաբաններ դիտարկում ենք հարցը զուտ սահմանադրաիրավական տիրույթում, բայց այս քրեական գործով կայացված ՍԴ որոշումը պետք է դիտարկվի ավելի լայն »,- ընդգծեց Ղամբարյանը՝ հավելելով, որ ՍԴ այս որոշումը պետք է դառնա նաև քաղաքագետների, ինչու չէ նաեւ աշխարհաքաղաքական մասնագետների ուսումնասիրության առարկա։

Տեսանյութեր

Լրահոս