«Իրավաբանությունը լավ գիտություն է. պետք չէ աղավաղել այն՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից». Էրիկ Ալեքսանյան
Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումն առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78-79 հոդվածներին, հատկապես դրսից ֆինանսավորում ունեցող տարատեսակ կազմակերպությունների ներկայացուցիչներ սկսեցին հնարավոր զարգացումների իրենց պատկերացումները զարգացնել։
Ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանին 168.am-ը խնդրեց մեկնաբանել իրավիճակը։
«ՍԴ-ի որոշումից հետո մամուլում տեղեկություններ են հրապարակվել մեղադրանքի փոփոխման հնարավոր անգրագետ գաղափարի վերաբերյալ: Մինչև նման հայտարարություններ անելն առաջարկում եմ հայտարարություններ անողներին կարդալ և օրենսդրությունը, և պրակտիկան, և գիտությունը: Եթե զլանում են, ես այն իրենց համար կբացահայտեմ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Ըստ պաշտպանի` Քրեական դատավարության գիտության մեջ ըստ դատավարական կարգի, մեղադրանքը փոփոխելը դասակարգվում է երկու իրավական ռեժիմի՝ մեղադրանքը փոփոխելը քննչական գործողություններ կատարելով և առանց քննչական գործողություններ կատարելու։
«Հետագայում այս դասակարգումն արտացոլվեց նաև ՀՀ բարձր դատարանների իրավական դիրքորոշումներում (ՀՀ վճռաբեկ դատարանի 18 .12 .2009թ. թիվ ՀՅՔՐԴ/0144/01/09 քրեական գործով որոշում) (ՍԴՈ-872 որոշման 6 կետ)»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը։
Հաջորդիվ նա ներկայացրեց օրենսդրական կարգավորումները։
«Այսպես.
1. Քննչական գործողությունների կատարման ռեժիմով մեղադրանքը փոփոխելու կարգը սահմանվում է ՀՀ քր. դատ. օր-ի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որոնք համակարգային վերլուծելով նկատում ենք, որ մեղադրանքի փոփոխման այս ռեժիմն օրենսդիրը կապում է նրա հետ, թե արդյոք դատական քննության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում և արդյոք գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնել կամ փոփոխել քննչական գործողությունների կատարման և մեղադրանքը փոփոխելու նպատակներով առանց դատական քննությունը հետաձգելու»,-ասաց նա։
Դիմելով իրավաբանական համայնքին` պաշտպանը մանրամասներ ներկայացրեց նաև ընթացիկ դատաքննության փուլի վերաբերյալ։
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ Ռ. Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործով ի հայտ չեն եկել այնպիսի ՓԱՍՏԱԿԱՆ հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում մեղադրանքի կողմին, և դրա վառ ապացույցն այն է, որ նախորդ դատական նիստի ժամանակ մինչ Աննա Դանիբեկյանի կողմից դատական քննության փուլ անցնելը, դատախազներն այս ռեժիմով մեղադրանքը փոփոխելու համար դատական քննությունը հետաձգելու միջնորդություն չներկայացրեցին, հետևաբար ակնհայտ է, որ վերջիններս դրա նախադրյալները չեն ունեցել։
Ինչ վերաբերում է առանց քննչական գործողություններ կատարելու մեղադրանքի փոփոխման 2-րդ ռեժիմին, ապա այս ռեժիմի համար օրենսդրությամբ նախատեսված է երկու պայման՝ 1) դատական քննության ժամանակ հետազոտվել են ապացույցները, և 2) հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք։ Ակնհայտ է, որ առաջին պայմանի վերաբերյալ գրականության մեջ իմպերատիվ կերպով նշվում է, որ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումը համարվում է մեղադրանքի փոփոխման պայման և ԲԱՑԱՌՈՒՄ մեղադրանքի ցանկացած փոփոխություն, որը չի հանդիսանում դատարանում ապացույցների հետազոտման արդյունք։
Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, քրեական գործով չի հետազոտվել որևէ ապացույց և այլևս սահմանադրական կարգի տապալման իրավաբանորեն արդեն գոյություն չունեցող մեղադրանքին վերաբերող ապացույցները չեն էլ կարող հետազոտվել, հետևաբար կարծում եմ պարզ է, որ այս ռեժիմով նույնպես մեղադրանք չի կարող փոխվել»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Պաշտպանը ընդգծեց նաև` իրավաբանությունը լավ գիտություն է, պետք չէ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ աղավաղել այն։