Անգլիացիներն ամեն ինչ արեցին, որպեսզի Անդրանիկ զորավարը Շուշի չհասնի և չխափանի իրենց ծրագրերը
1918 թվականի աշնանն Արցախում հարաբերական անդորրությունը խախտվում է։ Ջեմիլ Ջահիդ բեյի հրամանատարությամբ թուրքական մեկ բրիգադ և նրան կից այլ զորքեր Եվլախից շարժվում են դեպի Շուշի։ Արդեն իսկ սեպտեմբերի 26-ին թուրքական զորքերը մտան Շուշի։ Նրանք զինաթափեցին հայերին, որին հաջորդեցին ձերբակալությունները։ Սակայն արցախահայությունը գիտակցում էր, որ պետք է պատրաստվել թուրքերին ուժգին դիմադրություն ցույց տալու։ Արցախի գյուղացիությունը որոշում է նամակ գրել և դրան զուգահեռ՝ նաև մարդ ուղարկել Զանգեզուր` Անդրանիկին հայտնելու, որ իր օգնության կարիքն ունեն և պատրաստ են թուրքերին ուժգին հակահարված տալու։ Սա՝ հատկապես այն դեպքում, որ Դիզակի և Վարանդայի ինքնապաշտպանական ուժերն ունեին զենք, զինամթերք և բավարար սնունդ։
Հատկանշական է, որ Արցախի հայությունը գիտակցում էր, որ Շուշիի գրավումով թուրքերը չէին կարող իրենց հպատակեցնել Արցախի այլ շրջանների բնակիչներին։ Այս ամենով պայմանավորված՝ թուրքական իշխանությունը չտարածվեց Շուշիից այն կողմ։ Թուրքերը փորձեցին մտնել նաև Վարանդա, բայց հանդիպեցին հայ մարտիկների ուժգին դիմադրությանը.
«Հոկտեմբերի 18-ին թուրքական մի զորամաս, տեղական թուրքերի և մի քանի հայերի առաջնորդությամբ, մտավ Վարանդայի Մսմնա գյուղը, բայց հանդիպեց հայ մարտիկների ուժեղ դիմադրության, ջարդվեց և ամոթահար փախավ հետ` հայերին թողնելով 2 թնդանոթ ու մեծ քանակությամբ պատերազմական ավար»: (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 329)։
Անդրանիկը լսելով Արցախի հայության խնդրանքն ու պատրաստակամությունը, նույն թվականի նոյեմբերի 29-ին Գորիսից շարժվում է դեպի Շուշի։ Այդ ժամանակ անգլիացիները բացառապես վարում էին ադրբեջանամետ քաղաքականություն։ Այդ թեմային մենք մեր նախորդ հրապարակումներով մի քանի անգամ ևս անդրադարձել էինք։ Դրանով իսկ պայմանավորված՝ անգլիացիները գիտակցում էին, որ Անդրանիկի՝ Շուշի հասնելը կարող է խափանել իրենց նախագծերը։ Դա գիտակցում էին նաև թուրքերը։ Այս ամենով պայմանավորված՝ թուրք բեկերը համոզում են գեներալ Թոմսոնին, որպեսզի նա իր բոլոր լծակներն օգտագործելով՝ կանգնեցնի Անդրանիկին։ Սիմոն Վրացյանը ևս մանրամասներ է ներկայացնում իր գրքում Անդրանիկի հեռանալու մասին, և, թե ի՞նչ ծրագրերով էր զորավարը եկել Արցախ.
«Անդրանիկը լսելով ղարաբաղցիների խնդիրը` շտապով պատրաստվեց և նոյեմբերի 16-ին շարժվեց դեպի Շուշի ու հասավ Ավդալլար գյուղը` Շուշիից 40 վերստի վրա։ Անդրանիկի հրամանի համաձայն, Դիզակի զինված ուժերի հրամանատար Սոկրատ բեգ Մելիք-Շահնազարյանը պետք է գրավեր Քիրսի ու Սաղսաղանի գագաթներն ու Թթու ջուրը, բայց փոխանակ այդ հրամանը կատարելու` նա անցավ քաղաքի մոտի Քարին Տակ գյուղը և հարաբերության մեջ մտավ քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի հետ, որը հակառակ էր Անդրանիկի արշավանքին։ Մելիք-Շահնազարյանը իր և Սոկրատ բեգի կողմից նամակ ուղարկեց Անդրանիկին և կանգնեցրեց նրա առաջխաղացումը։ Նույն ժամանակ հեռագիր հասավ զորավար Թոմսոնից, որը հրահանգում էր Անդրանիկին դադարեցնել կռիվները։ Դրա վրա Անդրանիկն առավ իր ուժերն ու քաշվեց Զանգեզուր։ Նրա հեռանալուց հետո, թուրքերը ոչնչացրին Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած Հարար, Սպիտակաշեն և Պետրոսաշեն հայկական գյուղերը` ավելի ևս դժվարացնելով Ղարաբաղի և Զանգեզուրի հարաբերությունները»։ (Նույն տեղում` էջ 329):
Զորավար Թոմսոնին հաջողվում է կանգնեցնել Անդրանիկին։ Անդրանիկը Դիզակի, Խաչենի, Վարանդայի և Ջևանշիրի հրամանատարներին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Արդեն իսկ դեկտեմբերի սկզբին Անդրանիկն իր զորքով վերադառնում է Գորիս։ Հատկանշական է, որ մինչ օրս Անդրանիկի հեռանալու մասին այս պատմական փաստի մասին խոսելիս փոքր-ինչ անհասկանալի է դառնում, թե զորավարն ինչո՞ւ լսեց, ինչո՞ւ հավատաց անգլիացիներին ու հեռացավ։ Անդրանիկի հեռանալուց հետո իրավիճակն Արցախում ավելի սրվեց։ Կարելի է ենթադրել, որ զորավարն ամենայն հավանականությամբ հավատաց անգլիացիներին և վստահեց` կարծելով, որ Արցախի և Զանգեզուրի հարցը կլուծվի Փարիզի խաղաղության վեհաժողովում։
Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, քանի որ անգլիացիների համար Արցախի և Զանգեզուրի ճակատագիրը որոշված էր։ Նրանք որոշել էին այդ հողամասերը միացնել Ադրբեջանին։ Այդ որոշման տրամաբանական ընթացքի մաս էր կազմում նաև այն փաստը, որ 1919 թվականի հունվարի 15-ին Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետ նշանակեց Խոսրով բեկ Սուլթանովին։ Այդ որոշումն ընդունվեց անգլիացիների հովանավորությամբ։
Զ. Շուշեցի