Ղարաբաղյան խնդրի կարգավորման ձևաչափը՝ կռվախնձոր գերտերությունների միջև
Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հեղինակազրկման և բանակցային գործընթացը շարունակելու կամ պատերազմից հետո վերսկսելու անկարողության պայմաններում հասկանալի չէ, թե որ ձևաչափի շրջանակում են շարունակվելու հակամարտող կողմերի միջև բանակցությունները: Չնայած հակամարտության վերջնական և կայուն կարգավորման՝ Արցախի կարգավիճակի հստակեցման համար, Արևմուտքը (հասկանալիորեն), Հայաստանը նախապատվությունը տալիս են ԵԱՀԿ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբին, ողբերգական պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները տարածել են երկու կարևոր քաղաքական հայտարարություն և շարժվում են դրանք իրագործելու ուղղությամբ։ Հայտարարություններում ամենամեծ կարևորությունը տրվում է տարածաշրջանում տնտեսական ու հաղորդակցական ապաշրջափակման թեմային:
Ավելին, եռակողմ ձևաչափով հանդիպումների հարցում որևէ խոչընդոտ չի առաջանում թե երկրների ղեկավարների, թե փոխվարչապետների մակարդակներում, որոնք քննարկում են տարածաշրջանում տնտեսական ու հաղորդակցական ապաշրջափակման հարցը, մինչդեռ պատերազմից 5 ամիս անց էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել հակամարտող կողմերի մասնակցությամբ գեթ մեկ շփում կազմակերպել:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ։
«Ի թիվս այլ հնարավոր հանդիպումների՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում նախատեսվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը շփումներ կունենա Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բնականաբար, Ռուսաստանի հետպատերազմյան ամրապնդված ռազմաքաղաքական ազդեցությունը հակամարտության գոտում անհանգստացնում է Վաշինգտոնին, ԵՄ-ին և գործընկերներին: Օրերս ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ջորջ Քենթը Սենատի Միջազգային հարաբերությունների ենթահանձնաժողովի առջև իր ելույթում ասել էր, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար ավելի արդյունավետ է համարում պայմանավորվածությունները ԵԱՀԿ-ի՝ «այն կազմակերպության հետ, որը ստեղծվել է դրա համար, և դա ԵԱՀԿ-ն է»։ Նա նշել էր, որ վերջին քառորդ դարում շրջանակներ են ստեղծվել Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների՝ Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտությունների լուծման համար, և դա ԵԱՀԿ-ն է։ «Սա համապատասխանող կառույց է, որի բոլոր մասնակից երկրներն անդամներ են ու կիսում են հավատարմությունը միասնական արժեքների ու գործընթացների նկատմամբ։ Բայց Ռուսաստանի առաջարկած 3+3 ձևաչափը մեծ նահանջ է այդ արժեքներից»,- ասել է Քենթը։
Ձևաչափի մասին խոսել էր նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ հայտարարելով, թե անհնարին է Ռուսաստանի հետ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում։ Նա նոր պլատֆորմ է առաջարկել՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով, 3+3 ձևաչափը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, անընդունելի է Վրաստանի համար։ Պատահական չէ Վրաստանի անդրադարձը 3+3 ձևաչափին, քանի որ տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերում քննարկվում է նաև Վրաստանի մասնակցության հարցը՝ թեկուզ հենց Աբխազական երկաթուղու վերաշահագործման տեսքով, սակայն վրացական կողմն ըստ էության հստակեցնում է, որ դեմ է Ռուսաստանի մասնակցությամբ որևէ ձևաչափի:
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ակնհայտ է՝ այս առաջարկով Վրաստանը «խաղում» է իր դաշնակիցների գոտում՝ փորձելով Մինսկի խմբի այսօրվա չգոյության պայմաններում, Հայաստանին ու Ադրբեջանին հարթակ տրամադրել հետագա բանակցությունների համար: Նրա գնահատմամբ՝ եթե սա իրատեսական լիներ, ապա հիանալի տարբերակ կլիներ Վրաստանի տարածաշրջանային կշիռը բարձրացնելու, Ռուսաստանը դիրքերը թուլացնելու, հարևանների հետ հարաբերությունները խորացնելու և Արևմուտքին ևս մեկ հարցով հաճոյանալու, դիվիդենտներ քաղելու համար:
«Նախ՝ ուզում եմ նշել, որ Վրաստանի «խաղի» ուղղությունը (հաշվի առնելով իր արտաքին քաղաքական միանշանակ վեկտորը) լիովին ըմբռնելի պետք է լինի, ու առաջին անգամը չէ, որ Վրաստանը հանդես է գալիս նման առաջարկով: Պարզապես երբեք այս առաջարկի իրագործման համար հետևողական ջանքեր չեն ներդրվել և ամեն ինչ սահմանափակվել է Track 2 կոչվածով: Ինքս քիչ հավանական եմ համարում, որ այս անգամ սա կհաջողվի իրագործել․ եթե դա չի հաջողվում 30-ամյա պատմություն ունեցող Մինսկի խմբին, ապա Վրաստանին բարդ կլինի ներքաշվել այդ խնդրի մեջ: Կարծում եմ՝ այդ հաշվարկն իշխանություններն ունեն, պարզապես ուղերձն այն էր, որ Վրաստանը պատրաստ է համագործակցել իր հարևանների հետ, ընթանում է արևմտյան օրակարգով, սակայն՝ ոչ Ռուսաստանի»,- ասաց փորձագետը:
Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր որևէ դերակատարություն չունի: Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է իր պարբերական շփումները կողմերի հետ: «Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումը հերթականն է լինելու՝ հավաստիանալու կողմերի պատրաստակամության հարցում՝ շարունակել աշխատանքը: Իսկ պրակտիկ աշխատանքը գուցե դանդաղ, բայց ծավալվում է, քննարկումները երկար ժամանակ կպահանջեն։
Մինչ դա հարկավոր է պահպանել քաղաքական երկխոսությունը, հրադադարը, կան հումանիտար խնդիրներ, խնդիրներ տեղում՝ հակամարտության գոտում, և Ռուսաստանն իր ավանդական դերակատարության շրջանակում շարունակում է աշխատել: Կանխատեսելի էր, որ այս ճնշումները հայտարարությունների տեսքով լինելու են, բայց տվյալ իրավիճակը Ռուսաստանը չի ստեղծել և Ռուսաստանը շարունակում է իր քաղաքականությունը և՛ Թուրքիայի, և՛ հակամարտող կողմերի հետ: Այստեղ էական հանգամանք է, որ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի, մասնավորապես՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ այնքան էլ նպաստավոր փուլում չեն, ինչը նպաստում է ռուս-թուրքական երկխոսությանը, եռակողմ հարթակի ամրապնդմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական թուլացմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Վրաստանի առաջարկին, ապա, վերլուծաբանի կարծիքով՝ այդ առաջարկի մասին որևէ մեկը լրջորեն չի մտածի: