Նման փոփոխությունները փնթիությամբ ու հապճեպությամբ են բերվում ԱԺ, քվեարկվում. Հասմիկ Հարությունյան
«Ես շատ կցավեմ, եթե սա մասնագիտական քննարկումների արդյունք է, որովհետև եթե մասնագիտական է, ապա բավականին ցածր շեմ է դրված եղել»,- «ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Դատական օրենսգրքի փոփոխության նախագիծը մասնագիտական քննարկումների արդյո՞ւնք է, թե՞ քաղաքական որոշման:
Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ այս փոփոխությամբ ընդհանրապես մոռացության են մատնվել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, ստորագրած փաստաթղթերը:
«Ես պետք է նշեմ, որ նման փոփոխություններով, նման անհստակությամբ և միջամտությունների լայն հայեցողությունների շրջանակով, բնականաբար, մենք ավելի շատ քաղաքական ուղղվածություն ենք ունենալու»,- քննարկման ժամանակ ասաց Հասմիկ Հարությունյանը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետը մեկ այլ փաստ էլ առանձնացրեց, որն առնչվում էր նախագծի ԱԺ-ում քննարկմանն ու քվեարկությանը ու մինչ ԱԺ ներկայացնելը մասնագիտական հանրության հետ քննարկումներ չանցկացնելուն:
«Ոչ միայն նախագծի հեղինակները չեն մասնակցում նման քննարկումներին, այլ առհասարակ նման կարևորագույն փոփոխությունների, օրենսդրական նախագծերի առնչությամբ որևէ տեսակի հանրային քննարկում չի իրականացվում: Նախ ժամկետները, ի՞նչ արագությամբ են տեղի ունենում այս փոփոխությունները: Եվ սա էլ Ձեր հարցի պատասխանի հետ ուղղակիորեն կապված է: Հապճեպությամբ, երբեմն նույնիսկ, իհարկե, ներողություն բառիս համար, բայց որոշակի փնթիությամբ, ինչպես է այդ ամեն ինչը բերվում, ինչպես է քվեարկվում, ինչպես է առհասարակ… ի՞նչ վերաբերմունք ենք մենք տալիս Դատական օրենսգրքին, որը մեր կարևորագույն օրենսդրական հիմքերից մեկն է, որը, շատ ճիշտ նշվեց, որ ուղղակիորեն կապված է հետագա զարգացումների, տնտեսություն և մի շարք այլ հարցերի հետ:
Նման հատային կտրվածքով տարվա ընթացքում մի քանի անգամ փոփոխություններ անել, փորձարկել, տեսնել՝ այս արդյունքը չի տալիս, այս նպատակին չի ծառայում, արդեն կարծես թե մենք, չգիտեմ, դատական իշխանության հետ լրիվ այլ կերպ ենք վարվում, ինչը, պետք է ինքս ինձ կրկնեմ, շատ ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու, և եղած վիճակը, եթե կային էլ խնդիրներ, իհարկե, բոլորս էլ գիտենք, շատ ավելի մեծ խնդիրների առաջ է մեզ տանելու»,- ասաց Հասմիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ եթե իշխանությունը մարդու իրավունքների խախտումները կանխելու լավ պրակտիկա ձևավորելու ցանկություն ունի, և սա քաղաքական մոտեցում չէ, այդ դեպքում ինչո՞ւ փոփոխությունները չի դիտարկվում Դատախազության, քննչական մարմինների շղթայում, քանզի այս շղթայում պատասխանու օղակը միայն դատարանները չեն:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորի ներկայացրած՝ Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է մեծացնել ԲԴԽ լիազորությունները, որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ կիրառել իրավունքի իրականացման սահմանափակումը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում