Նիկոլ իջևանսկի

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում «թզբեհ է քաշում»․ համացանցը ողողված է այդ հույժ ինտելեկտուալ զբաղմունքը պատկերող տեսանյութով։

Տեսանյութն առանց ձայնային ուղեկցության է, և դժվար է ասել՝ թզբեհն ինչպես է ուրվագծում Նիկոլ Փաշինյանի բախտը՝  խե՞ր, շա՞ռ, թե՞ Աստված է ցույց տալիս այդ խաղալիքը, որն առավել լայն տարածում ունի ազատազրկման վայրերում կամ գյուղերի տարեց ներկայացուցիչների շրջանում։ Դժվար է ասել նաև՝ թզբեհ քաշելու սովորությունը Նիկոլ Փաշինյանի մոտ մնացել է քրեակատարողական հիմնարկի՞ց, թե՞ հայրենի Ենոքավանի պապիկ-տատիկների նոստալգիայի արտահայտությունն է։

Հեշտ չէ նաև հասկանալ՝ արդյոք մասնագետնե՞րն են՝ նյարդերի հանգստացման բոլոր տարբերակները սպառված համարելով՝ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել լարվածությունը թուլացնել հենց այդ միջոցով, թե՞ դա նրա սեփական նախաձեռնությունն է։ Ամեն դեպքում տեսարանը տհաճ է ու գռեհիկ, որովհետև պատմական որևէ աղբյուրում չկան վկայություններ հայկական պառլամենտարիզմի ու քրեական սովորույթների միջև կապի մասին։

Ահա այդ վկայությունների բացակայությունը չեզոք դիտորդներին կարող է ստիպել ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ՝ գիտակցաբար, ապա՝ առնվազն ենթագիտակցական մակարդակում խորհրդարանին վերաբերվում է որպես քրեակատարողական հիմնարկի, «զոնի», որում գործում է «ասողի» ինստիտուտը։ Հասկանալիորեն, Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանն «ասողի» պատվաբեր կարգավիճակը վերապահել է իրեն, համենայնդեպս առայժմ նա ԱԺ-ում միակ թզբեհ «քաշողն» է։

Բովանդակային իմաստով Նիկոլ Փաշինյանը միանգամայն իրավացի է․ Ազգային ժողովն ամբողությամբ, նույնիսկ ոչ թե՝ կառավարության, այլ՝ իր անձնական կցորդն է, հետևաբար՝ նա իրեն կարող է շնորհել  պատգամավորների «պախանի» կարգավիճակը, որը, հնարավոր է՝ իր համար երանելի կարգավիճակ է եղել ազատազրկման վայրերում անցկացրած ժամանակներում։
Ճակատագրի հեգնանքով Նիկոլ Փաշինյանը նման հակասոցիալական վարքագիծ է դրսևորում մի խորհրդարանում, որի նախկին կազմում մականունավորների առկայության թեզի վրա է նաև կառուցել իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։

Դաժան է, բայց փաստ, որ անգամ Շմայսը կամ Թոխմախի Մհերն իրենց թույլ չեն տվել Ազգային ժողովի դահլիճում անել այն, ինչով զբաղված էր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Հնարավոր է՝ սա դեռ միայն սկիզբն է, և առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կարող է խորհրդարան բերել քրեակատարողական հիմնարկներում տարածված այլ սովորույթներ ևս՝ պպզում, մատնոցի պտտեցում, խմորի քանդակներ, վերջին հաշվով։

Պատկերը, սակայն, ամբողջական չէ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացել պատկառելի մականունով։ «Նիկոլ իջևանսկի»-ն, օրինակ, վատ չի հնչում։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս