Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավարը՝ Տիգրան Մեծի գահը, ոսկյա մատանիները գտնելու լուրերի մասին
Օրերս սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, թե դեռևս 2011 թվականին Տիգրանակերտում 2 հոգի մասնավոր աշխատանքի ժամանակ գտել են ոսկի, 2 դաշույն և Տիգրան Մեծի գանձերը՝ նրա գահը, 2 մատանի, ի դեպ, մատանիներից մեկը եղել է Տիգրան Մեծի կնիքը, և գտածոն տարել են վաճառելու Ոսկու շուկայում: Սակայն ոստիկանությունը գտել է այս ամենը, ու հիմա հայտնի չէ, թե որտեղ է գտածոն:
168.am-ը Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման բան եղել է, թե՞ ոչ։
Ի պատասխան՝ նա հերքեց այդ լուրերը՝ նշելով.
«Առաջին անգամ եմ նման բան լսում: Մի երկու անգամ տարբեր մարդիկ, հատկապես՝ զինվորականներ, ինչ-որ տեղից ինչ-որ բաներ են գտել՝ ամանի կտոր և այլն, մի երկու անգամ նույնիսկ list.am-ում են դրել, որպեսզի վաճառեն՝ ասելով, որ Տիգրանակերտից է: Ես այդ մարդկանց գտել եմ, իրենք ներողություն են խնդրել:
Տիգրանակերտի ամբողջ տարածքը 2008 թվականից կանոնավոր պահակային ծառայության վերահսկողության տակ է եղել, հուշարձանի բոլոր կարևոր հատվածները ցանկապատված են եղել, տեղում 2010 թվականից գործող թանգարանը ևս հսկողության ներքո էր:
Այդ ամբողջ ընթացքում, բացի այգեգործական, գյուղատնտեսական աշխատանքներից, ասենք, մեկն ուզել է առու փորել, կամ զինվորականները՝ խրամատ, որը մենք կասեցրել ենք, քաղաքի ամբողջ տարածքում հակաօրինական փորվածքների որևէ հետք չի եղել: Այնպես չէր, որ անտեր մի տեղ էր, ով ուզեր՝ գնար, մի բան աներ: 3 պահակ կար, ցանկապատված էր, թանգարանի կոլեկտիվը միշտ այնտեղ էր, մեր հիմնական խանգարողները եղել են անասունները: Կովերը հաճախ էին մտնում, սակայն ուրիշ որևէ բան՝ գանձագողություն, փորելու հետքեր 16 տարվա պեղումների ընթացքում չի եղել»:
Հարցին՝ այս տարիների ընթացքում Տիգրան Մեծին պատկանող արժեքավոր որևէ իր գտնվե՞լ է, Համլետ Պետրոսյանը պատասխանեց, որ Տիգրան Մեծի կառուցած քաղաքը, պարիսպները գտել են, բայց որ անձնապես Տիգրան Մեծին վերաբերող որևէ բան, որ ասեն՝ սա կապ ունի նրա հետ, իհարկե, նման բան չկա:
«Միակն այն կլինի, որ մենք գտնենք մի բան, որի վրա որևէ բան գրված լինի: Եթե վաղը նույնիսկ առաջին դարի ինչ-որ մի բան գտնենք, չենք կարող ասել՝ Տիգրան Մեծի՞նն է, թե՞ ոչ: Այո, ոսկե իրեր ենք գտել կարասային թաղումներում, բայց անձնավորված, կոնկրետ որևէ կապ գտնել Տիգրան Մեծի հետ՝ հնագիտորեն ուղղակի անհնար է: Տիգրանակերտի պեղումների նյութը, որը 25.000-ից ավելի է, դրանից նույնիսկ մի բեկոր չի մնացել որևէ այլ տեղ: Բոլորը տարհանվել են, ու որևէ մեկն այսօր չի կարող հայտնել, թե ես Տիգրանակերտի պեղումներից մի իր ունեմ: Տեղում հիմնականում մնացել են քարե այն կոթողները, որոնք ժամանակին մենք դասավորել ենք համապատասխան տեղավայրերում»,- եզրափակեց Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավարը: