«Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի ապրիլի 20-30-ն ընկած միջակայքում». Գոհար Մելոյան
Քիչ առաջ, ավարտելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցույան ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ Հայաստանում արտահարերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ս/թ հունիսի 20-ին:
«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հետագա գործընթացներին, ասաց, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում է ապրիլի 20-30–ն ընկած ժամանակահատվածում հրաժարական ներկայացնել:
«Քանի որ այս հայտարարությունն արվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը երաշխիք է ստացել, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու իր հրաժարականի պարագայում, քանի որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս վարչապետի հրաժարականի պարագայում խմբակցությունների կողմից նոր վարչապետի թեկնածության առաջադրումը»,-ասաց սահմանադրագետը:
Գոհար Մելոյանի խոսքով՝ ապրիլի 20-30-ի միջակայքում հրաժարական տալուց հետո 7 օր պետք է վարչապետ չընտրվի:
«Երկրորդ անգամ թեկնածու չառաջադրելու և նոր վարչապետ չընտրվելու պարագայում ևս 7 օր անց օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: դրանից հետո ոչ ուշ քան 30 օր անց և ոչ շուտ, քան 45 օր հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ»,-ընթացակարգը ներկայացրեց սահմանադրագետը: