«Նման իրավիճակի շարունակության դեպքում տնտեսական անկումը կվերածվի տնտեսական դեպրեսիայի՝ բավական տևական ժամանակով». Տնտեսագետ

Հայաստանում տնտեսական իրավիճակի, մասնավորապես՝ ներդրումային միջավայրի ու առկա խնդիրների վերաբերյալ 168.am-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության տնտեսական հանձնաժողովի քարտուղար Կարեն Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, Ձեր դիտարկմամբ՝ այսօր Հայաստանում տնտեսության վիճակն ու ներդրումային միջավայրն ինչպիսի՞ն է։

– Հայաստանի տնտեսությունը ներկա դրությամբ գտնվում է բավական խորը անկման փուլում։ 2020թ. արդյունքներով տնտեսական անկումը կազմել է 7.5%, ինչը պահպանվել է նույնությամբ այս տարվա հունվար ամսվա արդյունքներով։ Սա, բնականաբար, մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ համաշխարհային տնտեսությունն արդեն իսկ դուրս է եկել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամից, և բազմաթիվ երկրներում դրական դինամիկա է արձանագրվել։

Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա, մինչ համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, այն առանց այն էլ՝ մեծ գրավչությամբ աչքի չի ընկել, իսկ արդեն համավարակի տնտեսական ազդեցությունները, կիրառված տնտեսական սահմանափակումներն իրենց հերթին՝ նպաստեցին ներդրումների հոսքերի էլ ավելի կրճատմանը։ Այս պահի դրությամբ դեռևս պաշտոնապես հրապարակվել են տվյալներ միայն 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսների համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների՝ Հայաստանի վճարային հաշվեկշռի կապիտալի հաշվի զուտ ներհոսքը 2020թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 26․7 մլն դոլար՝ նախորդ տարվա 36․4 մլն դոլարի դիմաց, այսինքն՝ պակասել է շուրջ 10 մլն դոլարով։ Իսկ ուղղակի ներդրումների գծով պարտավորությունների զուտ ստանձնումը 2020թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է 112.4 մլն դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 73.2 մլն դոլարով։ Նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների գծով զուտ ակտիվները նվազել են 31.8 մլն դոլարով։ Հարկ է նշել, որ 2020թ. 9 ամիսների ընթացքում ուղղակի ներդրումների գծով զուտ ակտիվները 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 67 մլն դոլարով, ինչը բավական զգալի է:

– Պատերազմն ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ ներդրումների վրա, այսօր մեր երկիրն այդ առումով որքանո՞վ է գրավիչ։

– Բնականաբար, այն իրավիճակում, որում ներկայումս գտնվում է Հայաստանը, բավական բարձր ռիսկեր են առկա կապիտալ ներդրումների համար, ուստի այն գրավիչ չի կարող համարվել ներդրողների տեսանկյունից։ Պատճառներն ակնհայտ են. պատերազմական վիճակ, քաղաքական անկայունություն, պետական կառավարման ճգնաժամ։ Սակայն, հարկ է նշել, որ մինչ այդ էլ Հայաստանի ներդրումային միջավայրը բարձր գրավչություն չի ունեցել ներդրողների համար՝ պայմանավորված օրենսդրական դաշտի անկատարությամբ, ներդրումային ենթակառուցվածքների թերզարգացվածությամբ։ Ավելին, կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը նույնպես որևէ կերպ չի նպաստում ներդրումների խթանմանը։

– Բազմաթիվ պաշտոնատար անձինք նշում են, որ որոշ ընկերություններ Հայաստանից տարել են իրենց կապիտալը, և հավելում, որ սա չի նշանակում, թե այլևս Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէ։ Այս ամենը ինչի՞ մասին է խոսում։

– Եթե ներդրումների արտահոսքը կրեր մեկանգամյա բնույթ, ապա միգուցե հնարավոր կլիներ նման մեկնաբանություն տալ, սակայն վերջին մի քանի տարիներին ներդրումները կայուն նվազման միտում են ունեցել. 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, ուղղակի ներդրւմները կրճատվել են 34 մլն դոլարով, 2019 թվականին՝ 2018-ի համեմատ՝ 149 մլն դոլարով, իսկ 2020 թվականի միայն հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 73.2 մլն դոլարով, իսկ հետագա ամիսներին, բնականաբար, կրճատումը շարունակվել է՝ պայմանավորված պատերազմով և ներքաղաքական ճգնաժամով։ Վերոգրյալից միանգամայն ակնհայտ կերպով կարող ենք պատկերացում կազմել ներդրումային միջավայրում առկա ոչ բարենպաստ իրավիճակի մասին։

– Ուսումնասիրե՞լ եք, մոտավոր հաշվարկներ ունե՞ք, թե պատերազմից հետո որքան կապիտալ է դուրս եկել Հայաստանից։

– Փաստացի, այս պահի դրությամբ, ունենք մինչպատերազմյան արտահոսքի տվյալները։ Բնականաբար, այդ միտումը՝ պայմանավորված բարձր ռիսկերով, պահպանվել է նաև անցած տարվա չորրորդ եռամսյակում։ Սակայն, որպեսզի ավելի ճշգրիտ լինենք՝ սպասենք Կենտրոնական բանկի և Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից 2020 թվականի պաշտոնական տվյալների հրապարակմանը։
– Ձեր գնահատմամբ՝ կառավարության քայլերը համարժե՞ք են ստեղծված իրավիճակին։

– Իհարկե, 2020 թվականը՝ համավարակի ազդեցություններով պայմանավորված, դարձավ տնտեսական անկման տարի համաշխարհային տնտեսության համար։ Սակայն պետք է նշել, որ անկման չափն ըստ երկրների՝ տարբեր է՝ կախված այդ երկրների կառավարությունների իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների բնույթից և ծավալից։

Հայաստանի դեպքում համավարակի տնտեսական ազդեցություններին գումարվեցին նաև պատերազմական գործողությունների բացասական հետևանքները, և նաև դրանով է պայմանավորված, որ Հայաստանի տնտեսական անկումն առնվազն կրկնակի գերազանցեց տարածաշրջանի երկրներում անկման միջին ցուցանիշը՝ 3%-ը՝ հասնելով մինչև 7.5%-ի:

Նախ, պետք է փաստել, որ անցած տարվա բավական մեծ անկումից հետո ընթացիկ տարվա համար Հայաստանի տնտեսական աճի իրական հնարավորությունը կանխատեսվում է առավելագույնը 1-2 տոկոսի չափով, ու սա՝ դեռ այն պարագայում, եթե տնտեսությունն այդ ընթացքում այլ շոկերի չբախվի (համավարակի երրորդ ալիք, էներգետիկ ճգնաժամ և այլն)։ Ինչպես 2020թ. անկումը, այնպես էլ՝ ընթացիկ տարվա բավական աննշան աճի հնարավորությունը, մեծապես հետևանք է նաև կառավարության կողմից տնտեսության մեջ կատարված բավական փոքրածավալ ֆինանսական ներարկումների։ Եթե ասվածին թվային գնահատական տանք, ապա անցած մեկ տարում մեզ մոտ պետական պարտքն ավելացել է մեր երկրի ՀՆԱ-ի շուրջ 14 տոկոսով, սակայն համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով տնտեսության մեջ կատարված ներարկումների ծավալը կազմել է ՀՆԱ ընդամենը 2.3 տոկոսը։ Սա ինքնին մտահոգիչ է, քանի որ տնտեսության ոչ բավարար ֆինանսավորումը չի կարող բարձր տնտեսական աճ ապահովել։ Ուստի, անհրաժեշտ է փոխել մակրոմակարդակով տնտեսության հակաճգնաժամային կառավարման մոտեցումները և սկզբունքները` իրականացնելով փոխհամաձայնեցված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններ։

– Եթե իրավիճակն այսպես շարունակվի, տնտեսությունում ի՞նչ միտումներ եք տեսնում, ի՞նչ է սպասվում։

– Նման իրավիճակի շարունակության դեպքում տնտեսական անկումը կվերածվի տնտեսական դեպրեսիայի՝ բավական տևական ժամանակով, իսկ դրանից դուրս գալն անհամեմատ ավելի դժվար իրագործելի կլինի՝ պահանջելով տևական ջանքեր և հսկայական ռեսուրսներ։ Եթե հաշվի առնենք նաև դրամի արժեզրկումը և առկա բարձր գնաճային միջավայրը, ապա հնարավոր է նաև՝ տեղ գտնի ստագֆլյացիա՝ տնտեսական անկում՝ զուգակցվող գնաճի բարձր տեմպերով։

– ՀՀ էկոնոմիկայի նախարարը չէր բացառել Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտուր անելը՝ ճանապարհներն ապաշրջափակելուց հետո։ Առհասարակ եթե նման բան տեղի ունենա, այդ ամենն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա։

– Ճանապարհների ապաշրջափակումը, կարծում եմ՝ կարճաժամկետ լուծում դեռ չի ունենա, և բավական երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի այն թղթից գործի վերածվի։ Կարծում եմ՝ առաջիկայում մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի՝ նախևառաջ ունենալ բարձր մրցունակությամբ տնտեսություն և անվտանգության կայուն երաշխիքներ, սահմանների անձեռնմխելիություն, և ապա նոր խոսել ճանապարհների ապաշրջափակման ու դրանից ակնկալվող տնտեսական օգուտների մասին։ Եթե ամբողջությամբ լուծվեն նշված խնդիրները, ապա ճանապարհների ապաշրջափակումը դրական ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության համար։

Տեսանյութեր

Լրահոս