Սահմանադրական դատարանից՝ դեպի Մարդու Իրավունքների Պաշտպան
Այսպիսով հերթը հասավ ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանին։
Կառավարությունը, հանձին Նիկոլ Փաշինյանի, փաստորեն, որոշել է կրճատել բյուջեով նախատեսված ՄԻՊ-ին հատկացվող գումարը և Արման Թաթոյանին այլևս չհրավիրել կառավարության նիստերին։
Իհարկե, այս ամենը հակասահմանադրական է և հակասում է ՄԻՊ սահմանադրական օրենքին։
Այս մասին կարծես սկսեցին հիշել հայաստանյան տարբեր «առաջադեմ» գործիչներ և լրագրողներ։
Բայց, հարգելիներս, այդ ամենը ինչո՞ւ հանկարծ հիմա նկատեցիք։ Չէ՞ որ այս բոլոր հակասահմանադրական քայլերը ՝ «Քայլ արա», սկսվեցին դեռևս 2018թ․ ստի ու կեղծիքի հեղափոխությունից հետո։
-2018թ․ Վարչապետի կոչով հանրահավաքի հրավիրում։ Հանրահավաքի ընթացքում վարչապետի խոսքը․ «Կա՞ Հայաստանում դատավոր, որ ինձ չլսի»։
-2018թ․ վարչապետ-ՀՔԾ պետ-ԱԱԾ պետ գաղտնազերծված հեռախոսազրույց․ «Ուզես-չուզես՝ կալանք պիտի տաս»։
-2019թ․ Վարչապետի կոչով դատարանների շրջափակում և դատավորների ահաբեկում։
-Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործի «թխում»:
-Դատավոր Ալեքսանդր Ազարյանին «գրագողության» մեջ մեղադրում։
-2019թ․ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընկերների և հարազատների դեմ վարչապետի հանձնարարականով քրեական գործերի «թխումներ»։
-2019թ․ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի ուղարկելու հակասահմանադրական օրենքի ընդունում։
-2020թ․ ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հակասահմանադրական հանրաքվեի մասին օրենքի ընդունում։
-2020թ․ ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հակասահմանադրական օրենքի ընդունում։
-2021թ․ Բարձրագույն Դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին, սահմանադրությունը խախտելով՝ նշանակում։
-Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, սահմանադրությունը խախտելով՝ պաշտոնից ազատում։
Եվ սա ողջ ցուցակը չէ։
Եվ դուք ոչ միայն այս ամենը չէիք «նկատում», այլև ողջունում և ծափահարում էիք։
Այս ուղղակի հիշեցում «առաջադեմներին»։
Շատերը վարչապետի այս «քայլը» կհամարեն՝ որպես Ադրբեջանի պատվեր։ Չէ՞ որ հենց Ադրբեջանի ղեկավարությունն էր նյարդայնանում Արման Թաթոյանի գործունեությունից՝ ուղղված Հայաստանի սահմանների և ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Ինքս կարծում եմ, որ այստեղ, իհարկե, համընկնում են Ադրբեջանի և վարչապետի ցանկությունները։
Բայց նաև խնդիրն այլ հարթության մեջ է։ Սա ոչ միայն վարչապետի վերաբերմունքն է ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Նրա համար մարդը, մարդու արժանապատվությունը, կյանքը զրոյի արժեք ունեն։ Մոռացե՞լ եք «Ասֆալտին կփռենք, պատեպատ կտանք, շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտություններն ու անտարբերությունը համավարակի և պատերազմի հազարավոր զոհերի և գերիների հանդեպ։ Բացի այս, վարչապետն իր տոտալիտար մտածողությամբ չի պատկերացնում, որ Հայաստանում կարող են լինել իրենից անկախ պետական կառույցներ։ Եթե նույնիսկ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են տարբեր կառույցների անկախությունը, ապա միևնույն է՝ դրանք բոլորը պետք է անվերապահորեն ենթարկվեն վարչապետի կամքին և կատարեն նրա ցուցումները, ինչպես ՀՀ գլխավոր դատախազն ու մի շարք դատավորներ։ Իսկ այն կառույցները՝ իրենց ղեկավարներով, որոնք չեն ենթարկվում, գործի է դրվում «նախկիններ, թալանչիներ» փորձված քարոզչական մեթոդն ու հանձնարարվում գրպանային ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, ՔԿ-ին, Ոստիկանությանը, Դատախազությանը՝ շտապ քրեական գործեր հարուցել չենթարկվողների, նրանց հարազատների, ընկերների դեմ։ Հիշենք հենց վերջերս ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջը ՀՔԾ հրավիրելու փաստը։ Եվ այս ամենը համակարգում է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը։
Այն, որ հերթը հասնելու էր ՄԻՊ Արման Թաթոյանին, կասկած չունեի, ուղղակի ժամանակի հարց էր։ Եվ սա դեռ սկիզբն է, շուտով հավանաբար կհարուցվեն քրեական գործեր Արման Թաթոյանի և նրա մերձավորների նկատմամբ։ Ի՞նչ փույթ, որ ՄԻՊ-ն օր ու գիշեր աշխատում էր, ստի և կեղծիքի հեղափոխության օրերին, պաշտպանելով մոլորված ցուցարարներին։ Ի՞նչ փույթ, որ պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն իր ղեկավարով օր ու գիշեր աշխատում էին և միջազգային կառույցներին տեղեկացնում Ադրբեջանի վայրագությունների, հումանիտար իրավունքի խախտումների մասին։ Ի՞նչ փույթ, որ պատերազմից հետո նույնպես ՄԻՊ-ը աներևակայելի աշխատանք է տանում գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
Ամենայն հավանականությամբ, շուտով, համաշխարհային ճանաչում ունեցող սահմանադրագետներ Հայկ Հովակիմյանի և Վահագն Գևորգյանի կողմից ԱԺ կներկայացվի «օրենքի» նախագիծ՝ փոփոխություն կատարելու ՄԻՊ սահմանադրական օրենքում։ Ըստ ներկայացված նախագծի՝ Մարդու Իրավունքների Պաշտպան (ՄԻՊ) անվանումը կփոխարինվի Վարչապետի Իրավունքների Պաշտպան (ՎԻՊ) անվանումով։ ՎԻՊ կառույցն օրենսդրորեն կդառնա վարչապետին կից, ինչպես ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն։ ՎԻՊ ղեկավարին կնշանակի և կազատի ՀՀ Նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ։ ՎԻՊ-ը կֆինանսավորվի՝ ինչպես բյուջետային, այնպես էլ՝ արտաբյուջետային միջոցներով։ Արդեն հայտնի է ՎԻՊ ղեկավարի հիմնական թեկնածուն՝ նույն աշխարհահռչակ սահմանադրագետ Վահագն Գևորգյանը։
Ավետիք Իշխանյան