Այս կառավարության շատ անդամներ քննադատում էին նախկին իշխանությանը, որ ցանկանում էր կրճատել կրթության բյուջեն, հիմա 2022-ի կրթության բյուջեն ավելի ցածր կարող է լինել, քան այս տարվանը. Ս. Խաչատրյան
Մարտի 11 -ի կառավարության նիստում որոշում է կայացվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծին հավանություն տալ: Նախագծի հեղինակը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է, այն ներկայացված էր կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում: Փոփոխության համաձայն՝ գործադիրն ուժը կորցրած է համարել 1999 թվականի այն որոշումը, ըստ որի՝ «Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:
Tert.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ օրենքի փոփոխությունը կարող է անդրադառնալ նրանով, որ ավելի քիչ գումար հատկացվի կրթությանը և գիտությանը, և դա չդիտվի, որպես օրենքի խախտում:
«1999 թվականին, երբ ընդունվում էր «Կրթության մասին» օրենքը և դրանից հետո խոսվում էր այն մասին, որ օրենքով մենք կառավարությանը պարտադրենք կամ երաշխավորենք, որ հանկարծ կրթության բյուջեն չկրճատվի, իսկ այն կետը, որը կառավարությունը հանեց, վերաբերում էր նրան, որ կրթության հաջորդ տարվա բյուջեն չի կարող նախորդից պակաս լինել, եթե ոչ ավել, հիմա այդ կետը հանվեց, դա նշանակում է, որ, օրինակ, 2022 թվականի կրթության բյուջեն ավելի ցածր կարող է լինել, քան այս տարվանը»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքին, այնտեղից ևս հանվել է այն կետը, որ պետք է գիտությունը պատշաճ ֆինանսավորվի.
«Խնդիրն այն է, որ այսօրվա կառավարության շատ անդամներ քննադատում էին նախկին իշխանություններին, որոնք նույնպես ցանկանում էին կրճատել կրթության բյուջեն 2018 -19-ին, բայց հիմա ստացվեց, որ ավելի դաժան ձևով է արվում, եթե նախկինում գոնե օրենքի կետը կար, հիմա այդ կետն էլ է հանվում, և այլևս ոչ մի երաշխիք չկա, որ բյուջեն կարող է աճել, իսկ մեր կրթության համակարգն այնպիսի վիճակում է, որ եթե կրթության բյուջեն կրճատվեց, ուղղակի որևէ շանս չենք ունենա: Ներքին օպտիմալացում անել և այլն, այդ ամենը հեքիաթ է՝ ներքին օպտիմալացում կարող ես անել, եթե համակարգը զարգացած վիճակում է, բայց հիմա այնքան ցածր է կրթության և գիտության ֆինանսավորումը, որ օպտիմալացման տեղ էլ չկա»:
Կրթության փորձագետը նշեց, որ օրենքի փոփոխությամբ հավանական է՝ հաստիքների կրճատում լինի, սակայն չի կարծում, որ փոփոխությունը կանդրադառնա ուսուցիչների աշխատավարձերի վրա.
«Կրթության նախարարությունը դեմ է եղել այս որոշմանը և կառավարության փաստաթղթում երևում է, որ առարկություններ է ներկայացրել և Ֆինանսների նախարարությունը հաշվի չի առել այդ գործոնները և առանց քննարկման փաստաթուղթը կառավարության որոշմամբ ընդունվել է: Դա էլ է տարօրինակ, եթե նախարարությունն ունի առարկություններ, ինչպե՞ս է այդ փաստաթուղթն առանց քննարկման ընդունվում»:
Խոսելով մյուս որոշման մասին, որով փոփոխություններ է կատարվում պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում, Խաչատրյանն ասաց, որ օրենքի փոփոխությամբ տնօրենների ընտրությունը կլինի բաց քվեարկությամբ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք.
«Լինելու է՝ ծնողկոմիտեում քվեարկում և եթե «իքս» թեկնածուն ավելի շատ ձայն է հավաքում, քան «իգրեկ»-ը, նշանակում է ծնողկոմիտեի ներկայացուցիչը կառավարման խորհրդում պետք է «իքս»-ի օգտին քվերակի, որովհետև ծնողկոմիտեն հավանություն է տվել այդ թեկնածուին, նա պետք է քվեարկի այդ թեկնածուին: Խնդիրը մնում է, որովհետև ստացվում է, որ կառավարման խորհրդում լինում է 4 հոգի ներսից՝ ուսուցիչ և ծնող, և 4 հոգի դրսից՝ նախարարությունից և մարզպետարաններից, և եթե ամեն թեկնածու հավաքի 4 ձայն, արդյունքը լինելու է այն, որ պետք է նոր ընտրություն արվի»:
Նրա խոսքով՝ նախկին կարգով փոխվարչապետն իրավունք ուներ թեկնածուներից որևէ մեկին, որը հինգ ձայն չէր հավաքել, նշանակել տնօրեն, իսկ այժմ եթե որևէ թեկնածու հինգ ձայն չի հավաքում պետք է նոր ընտրություն արվի. «Այստեղ վտանգ կա, որ հնարավոր է, որ դպրոցը երկար ժամանակ տնօրեն չունենա, որովհետև դպրոցներն ուզելու են ներսի մարդ ընտրվի, իսկ մարզպետարանները դրսից ցանկանան մարդ ընդունել: Իհարկե ոչ բոլոր դպրոցներում այդպես կլինի, բայց այն դպրոցներում, որտեղ իշխանությունը ցանկանալու է տնօրեն փոխել, կարող են այդպիսի պատային իրավիճակներ ստեղծել»: