Նախատեսվում է վերացնել ՄԻՊ անկախությունը կառավարությունից և ԱԺ կառավարող խմբակցությունից. Արման Թաթոյան

 

Կառավարությունը մարտի 11-ի նիստում հաստատեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կառավարության նախագիծը: Գործող օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի հաստատության համար պետական բյուջեով ֆինանսավորման չափը չի կարող լինել պակաս, քան նախորդ տարի պետական բյուջեով նախատեսված հատկացման չափն է:

Կառավարության առաջարկած փոփոխությամբ՝ այդ երաշխիքը վերացվում է, և ստացվում է, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ, ցանկացած անձի կամայականության արդյունքում և ցանկացած չափով:

Հարցը օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր, նախագծի հեղինակն էլ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Նախագծի հեղինակների համոզմամբ՝ այս մկոտեցումը բխում է Կառավարության 2019թ. ծրագրից:

Նախագծի ամփոփաթերթից պարզ է դառնում, որ ՄԻՊ աշխատակազմը ծավալուն առարկություններ էր ներկայացրել ֆինանսների նախարարությանը, որոնք նախարարությունը համարել էր անընդունելի:

«Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսվում է  վերացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից»,- այս թեմայով այսօր հրավիրած ասուլիսը նման կերպ սկսեց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Թաթոյանը հայտնեց, որ այս նախագիծը առաջարկվել է դեռ 2020 թ. սեպտեմբերին, ու այս թեմայով կառավարությունում քննարկում եղել է պատերազմից մի քանի օր առաջ:

Պաշտպանի խոսքով՝ այդ քննարկման ընթացքում Ատոմ Ջանջուղազյանը նախագիծը հիմնավորող երկու պատճառ է ներկայացրել: Առաջինը, որ նման դրույթները խանգարում են միջազգային ներդրումներին: Երկրորդ՝ երկրում ֆինանսական բարդությունների առաջացման դեպքում գումարը վերաուղղելու հարցում ճկունություն չի լինում:

Թաթոյանի առարկություններն էլ լսելուց հետո որոշվել է հետաձգել քննարկումը:

Հունվար 26-ին նախագիծը կրկին ներկայացրել են քննարկման՝ բերելով ևս մեկ հիմնավորում:

Համաձայն այդ հիմնավորման՝ եթե պետությունը ՄԻՊ աշխատակազմին գումար հատկացնի շենքի վերանորոգման համար, հաջորդ տարի գումարը վերցնել չեն կարողանա:

«Ես այս ողջ ընթացքում նաև ասում էի՝ շատ լավ, եկեք քննարկենք, ես հասկանում եմ, պետությունը ֆինանսական դժվարություններ ունի, դա օբյեկտիվ է, դա հասկանալի է, և այնպես չէ, որ այստեղ կամակորության մասին է խոսքը, եկեք քննարկենք, բայց մեխանիզմներ մտածենք՝ ինչպես կարող ենք, օրինակ, այս դրույթը փոխել:

Ես տարբերակ էի առաջարկում, որպեսզի նաև չհակասենք միջազգային պրակտիկային, օրինակ, եթե երկրում հայտարարված են կրճատումներ, որոնք վերաբերում են բոլոր պետական մարմիններին, ապա այդ դեպքում կարող եք, ՄԻՊ-ի հետ քննարկելով, որպեսզի պատկերացնեք, թե որոնք են Մարդու իրավունքների գերակայությունները, և, այո՛, մենք պատրաստ ենք գնալ ընդառաջ՝ մեր երկրի համար է, մեր պետական բյուջեի համար է, մեր տնտեսության համար է, ինչքան պետք է զիջումները կանենք: Բայց կրկնում եմ, եթե դա ունի օբյեկտիվ հիմք, այսինքն՝ վերաբերում է  բոլոր պետական մարմիններին, և խտրական մոտեցում չէ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:

Եվ ասեմ ավելին՝ անցյալ տարի, և միշտ է այդպես եղել, կառավարության առաջարկով մենք գումարներ միշտ էլ վերադարձրել ենք: Օրինակ, անցյալ տարի 24 միլիոնից ավել գումարով նվազեցվել է մեր բյուջեն և մեզ առաջարկել են մեր գործընկերները, մենք համաձայնել ենք, իհարկե, և վերադարձրել ենք պետական բյուջե»,- ասաց Արման Թաթոյանը:

Կառավարությունը չի ընդունել Թաթոյանի առաջարկը ու որոշել է գնալ սահմանափակումն ամբողջությամբ հանելու ճանապարհով:

«Ես համարում եմ այս նախագիծը խտրական նախագիծ, որը միայն ՄԻՊ գործունեությանն է վերաբերում և ուղղված է սահմանափակելուն: Եվ իմ մոտեցումը հիմնված է նաև այն ուսումնասիրությունների վրա, որոնք մենք արել ենք մյուս մարմինների հետ կապված»,- ասաց Թաթոյանը՝ նշելով պետական մի քանի նախարարությունների ու անկախ մարմինների օրինակներ, որոնց այս տարվա ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ աճել է՝ ընդհուպ 100 միլիոն դրամով, այն դեպքում, երբ ՄԻՊ ֆինանսավորումն այս տարի ավելացել է 2 միլիոն 300 հազար դրամով:

Արման Թաթոյանն անդրադարձավ նաև այս նախագծի հետ կապված կառավարության մեկ այլ նախաձեռնության, որի համաձայն՝ որոշ ժամանակ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ՄԻՊ-ի ավտոմեքենաներից 3-ը կրճատվել էին:

Թաթոյանը նշեց, որ նախ առաջարկել են վերցնել ՄԻՊ աշխատակազմի 11 մեքենաներից 8-ը, սակայն առարկություններից հետո որոշել են 3-ը վերցնել:

Խոսելով օրենքով ՄԻՊ գործունեության այս երաշխիքի մասին, Թաթոյանը ներկայացրեց նաև մեկ օրինակ:

«Ի՞նչ են ասում մեզ մեր գործընկերները: Ասում են՝ «միևնույն է՝ Ձեր բյուջեն ընդունում է ԱԺ-ն, և եթե  նույնիսկ Կառավարությունը ներկայացնի այդ ցածր չափը», նախ հասկանալի էլ չի՝ ինչո՞ւ է  Կառավարությունը ցածր չափ ներկայացնում, եթե իրավաչափ նպատակներ ունի, բայց ասում են՝ «եթե անգամ ներկայացնի, Դուք կգաք ԱԺ, ԱԺ-ն չի հաստատի մեր ասածը, Ձերը կհաստատի»:

Նախ՝ ես ուզում եմ ասել, որ այս պահին ԱԺ-ն, կհիմնավորեմ հիմա, անարդյունավետ երաշխիք է այդ առումով կամ ընդհանրապես չգործող երաշխիք է, որովհետև կառավարող խմբակցության կազմում հիմա կա 83 պատգամավոր: Այս օրենքը փոխելու համար անհրաժեշտ է 80 պատգամավոր, հետևաբար՝ քաղաքական որոշում կայացնելու դեպքում ընդդիմությունը՝ ուզում է ամբողջությամբ երկու խմբակցությունը դեմ քվեարկի, այս օրենքը՝ բյուջեի պակասեցումը, միևնույն է՝ փոխվելու է»,- նշեց Թաթոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս