Մենք ապրում ենք մի հասարակությունում, որի ամենամեծ խնդիրներից ու մարտահրավերներից մեկն է գիտակցել մեր տեղն աշխարհում․ Ռուբեն Վարդանյան
«Խոսենք ապագայից» հարցազրույցների հատուկ շարքի շրջանակում շարունակվում է ռուսաստանաբնակ հեղինակավոր գործարար և բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի առցանց մամուլի ասուլիսը: Այն, ինչպես հայտնի է՝ վարում է Մարկ Գրիգորյանը:
Նրանք իրենց զրույցը սկսեցին՝ հիշելով 2016 թվականի քառօրյա պատերազմին հաջորդած իրենց հարցազրույցը՝ հիշելով, որի ընթացքում, ըստ Ռուբեն Վարդանյանի, ինքն ասել էր, որ 2016 թվականի պատերազմը վերջին նախազգուշացցումն էր, սառը ցնցուղը բոլորի համար՝ ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլ ընդհանուր առմամբ հասարակության, և ոչ միայն Հայաստանում բնակվող, հասկանալու համար, որ այսպես կիսատ չի հաջողվելու հաղթահարել մարտահրավերները։
Ռուսաստանաբնակ բարերարը ցավով արձանագրեց, որ իր կանխատեսումները ճիշտ դուրս եկան։ Ըստ նրա, ակնհայտ էր, որ այն անխուսափելի գործընթացը, որը սկսվել էր 2016 թվականին, այն սոցիալական պայմանագիրը՝ «ժողովուրդ, մենք մի փոքր գողանում ենք, մենք մի փոքր մեզ հարստացնում ենք և ապահովում ենք անվտանգություն», խախտվեց և մարդիկ դա տեսան։
Նա նշեց նաև, որ վերջին տասնամյակներին կային թեմաներ, որոնք անհանգստացնում էին հասարակությանը, դա տեսանելի էր բոլոր սոցհարցումների արդյունքներից. այդ թեմաներն էին կոռուպցիան և հարստացումը։
Նրա գնահատմամբ, ակնհայտորեն այդ թեմաները մեծ արձագանք էին առաջացնում և տեղի ունեցավ «Սասնա ծռերի» գործողությունը, որին հաջորդեց Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում և հույսը, որ կլինեն փոփոխություններ։
«Ես այդ ժամանակ հարցազրույց տվեցի և ասացի, որ եթե Կարենի մոտ չստացվի, մեզ սպասվում են ծանր հետևանքներ։ Ցավոք սրտի, վերջին փուլում որոշում ընդունվեց և Կարենը չմնաց վարչապետի պաշտոնում, տեղի ունեցավ հեղափոխությունը և ինձ մոտ 2018 թվականի դեկտեմբերին եղավ խոսակցություն, որ եթե Փաշինյանը, որ տնտեսագետ չէ, կառավարիչ չէ, բարձրացել է զգացմունքային ալիքի վրա, չհաջողվի իրապես փոխել կառավարման մոդելը փոխհարաբերություններն իշխանության, հասարակության և Սփյուռքի միջև, ապա մեզ սպասվում են ծանր հետևանքներ և, ցավոք սրտի, դա տեղի ունեցվավ»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ամենակարևոր հարցը հետևյալն է, թե ինչպիսին ենք տեսնում հայկական աշխարհի ապագան:
Նրա խոսքով՝ այդ հարցին հստակ պատասխաններ չեն հնչել, քանի որ այդ թեմայի շուրջ բավարար քննարկումներ տեղի չեն ունեցել առանցքային, շահագրգիռ կողմերի միջև ոչ միայն ՀՀ-ի ներսում, այլև Սփյուռքում։
Ռուբեն Վարդանյանն այն կարծիքին է, որ մենք պարտություն ենք կրել ոչ այնքան ռազմի դաշտում, որքան ինքներս մեր մեջ։
«Մեր խնդիրները և մեր անհաջողությունները ոչ թե այն պատճառով են, որ ինչ-որ մեկը մեզ չի աջակցել կամ դավաճանել է, այլ մենք ինքներս պատրաստ չէինք պատասխանել շատ լուրջ հարցերի»,- ասաց Վարդանյանը։
Կրկին հիշեցնելով Մարկ Գրիգորյանի հետ իրենց նախորդ խոսակցությունը ապրիլյան պատերազմից հետո՝ Վարդանյանն ասաց, որ այն ժամանակ քննարկել էին, որպես առաջին քայլ ազատվել այն միֆերից ու պատրանքներից, որոնք մ ենք կրում ենք։
Գործարարն ասաց, որ Քաջ Նազար հերոսը չափազանց հետաքրքիր տիպաժ է և ակնարկեց, որ յուրաքանչյուր երկրի հեքիաթները բացահայտում են այդ երկրի հոգեբանությունը և դրանք շատ բան են բացատրում, այդ թվում՝ Սասունցի Դավիթ էպոսը, որը լավ չի ուսումնասիրվել և հարկավոր է ուսումնասիրել, թե վերջում ինչ է տեղի ունենում։
Վերադառնալով միֆոլոգիայի հիմքերին՝ Վարդանյանն ասաց, որ լուրջ խորքային խնդիր է, որը կապված է նրա հետ, որ հայ ժողովուրդն իրեն դիտարկում է հավաքական զոհ, դրան զուգահեռ կա նարցիսիզմի լուրջ բաղադրիչ և կա նաև խնդիր, որ երկար ժամանակ ապրում ես փակ տարածքում, ապա նշաձողն ու չափանիշները սկսում են իջնել։
«Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ ամենամեծ խնդիրներից ու մարտահրավերներից մեկը, որը մեր բոլորի առջև է, գիտակցել մեր տեղն աշխարհում, այն շատ արժանավոր տեղ է և շատ բաներ կան, որոնցով մենք պետք է հպարտանանք։ Օրինակ՝ քանիսն են մեր էլիտայից եղել Մատենադարանում կամ «Թումո»-ում և գիտեն՝ ինչ է «Թոմո»-ն և ինչպես է այն աշխատում։ Որքանո՞վ ենք մենք մեզ հաշիվ տալիս, թե ինչ գանձ է Մատենադարանը»,- ասաց Վարդանյանը։
Նա ակնարկեց, որ հասարակությունը պսևդոարժեքներ ունի։ Ըստ նրա, գնահատվում է ոչ թե գիտելիքը, այլ դիպլոմը։ Նա ուշադրությույն հրավիրեց Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վրա։
«Դա ևս պատրանք է, որ մենք քրիստոնյա ենք և եթե հաշվարկ անենք, ապա հայերը, որոնք հպարտանում ենք իրենց քրիստոնեությամբ, կիրակի օրերը եկեղեցի այցելեին, ապա Երևանում պետք է լիներ 20 անգամ ավելի շատ եկեղեցիներ, քան այսօր է»,- ասաց Վարդանյանը։