Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը կամ ֆեյսբուքյան գրառումն իրավական հիմք չէ, որ ԳՇ պետին աշխատանքից ազատեն․ սահմանադրագետ
«Վարչապետի հրաժարական և արտահերթ ընտրություններ»՝ դեռ նոյեմբեր ամսին այս պահանջով հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Սա, սակայն, պարզվեց՝ վերջնական ձևակերպումը չէր․ Արմեն Սարգսյանը պահանջածն իրականություն դարձնելու ճանապարհին սկսեց պարբերաբար հետքայլ անել. հերթականը՝ Գլխավոր շտաբի պետի շուրջ առաջացած այս ճգնաժամում նրա որդեգրած փոփոխական դիրքորոշումն է։
Արդյո՞ք այս հետքայլերով է նախագահը պատրաստվում քայլել դեպի Չորրորդ հանրապետություն, որի մասին պարբերաբար խոսում է, արդյո՞ք նախագահի մատուցած այս լուծումներով ենք «հասկանալու, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ՝ իր մարտահրավերներով, և այս անգամ՝ չսխալվելու, գրագետ և պրոֆեսիոնալ գործելու բացառիկ հրամայականով», հարցը մնում է անպատասխան։
Անկհայտ անտրամաբանական ու ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Զինված ուժերում՝ ԳՇ պետին հեռացնում են, նորին էլ չեն նշանակում, իսկ երկրում ռազմական դրություն է։
168․am-ը սահմանադրագետ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ եթե ռազմական դրության պայմաններում չեն կարող պաշտոնանկ անել վարչապետին, ապա ինչպե՞ս է ստացվում, որ կարող են պաշտոնանկ անել Գլխավոր շտաբի պետին․ արդյո՞ք օրենքի շրջանակներում կարգավորվում է այս հարցը:
Ի պատասխան՝ սահմանադրագետը նշեց․ «Ռազմական դրության ժամանակ նման կարգավորում չկա՝ կարելի՞ է ԳՇ պետին ազատել, թե՞ չի կարելի։ Այստեղ Սահմանադրության խախտումը կայանում է նրանում, որ ՀՀ նախագահն իր սահմանադրական պարտականությունները չի կատարել․ սահմանադրական անգործություն է դրսևորել։
Վարչապետի վարքագիծը ես չեմ ուզում քննարկել, որովհետև 2018 թվականից սկսած՝ նրա վարքագծի մեջ մեղսունակություն ու տրամաբանություն չեմ տեսնում, այն էլ՝ ռազմական դրության ժամանակ ԳՇ պետի ազատման հարցով։ Իսկ ինչ վերաբերում է հանրապետության նախագահին՝ երբ նա առարկություններով վերադարձրել էր ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը, սահմանադրական կարգավորումը վարչապետի համար նախատեսում էր հինգ օր ժամանակ, որպեսզի նա իր իրավաբանների հետ հինգ օրվա ընթացքում նախագահի առարկությունները քննարկի և նոր, ավելի ամուր հիմնավորումներով ներկայացնի նախագահին, կամ ընդունի առարկությունները։ Ընդ որում՝ նախագահն էլ առարկություններն ուղարկել էր Սահմանադրությանը հակասելու հիմքով։
Վարչապետը մեկ վայրկյան անգամ չհապաղեց, այսինքն՝ առանց նախագահի առարկություններին ծանոթանալու, անմիջապես նորից հետ ուղարկեց։ Նա ընդհանրապես նախագահի առարկությունները չի կարդացել, այսինքն՝ իր ներկայացրածին ավելացնելու ոչինչ չուներ։ Տվյալ պարագայում նախագահի սահմանադրական պարտականությունն անմիջականորեն սահմանադրական դատարան դիմելն էր ՝վարչապետի միջնորդության սահմանադրականության վերաբերյալ, ինչը, ինչպես տեսաք, նախագահը չարեց»։
Վարդան Այվազյանը նկատեց, որ, եթե վարչապետը հակասահմանադրական է վարքագծով և տրամաբանությամբ, ապա նախագահը նույնպես դրսևորել է հակասահմանադրական անգործություն՝ չկատարելով սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունը․
«Նախագահին թվում է, թե լիազորությունն իր իրավունքն է․ ինչ ուզի՝ կանի, բայց այդպես չէ․ պետական մարմնի լիազորությունը նրա պարտականությունն է առաջին հերթին։ Եվ մենք ունենք նման հակասահմանադրական անտրամաբանական իրավիճակ»։
Հարցին, թե հաշվի առնելով, որ Արտակ Դավթյանի նշանակման առաջարկը ևս նախագահը հետ է ուղարկել․ արդյո՞ք ենթադրվում է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ իր պաշտոնին, սահմանադրագետը պատասխանեց․
«Ենթադրվում է այդպես, քանի որ պրոցեսը հակասահմանադրական է, և վարչապետի աշխատակազմի հայտարարությունը կամ ֆեյսբուքյան գրառումն իրավական հիմք չէ, որ Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատեն, և այլն։
Բայց մյուս կողմից էլ՝ էլի նախագահի գործողությունների մեջ տրամաբանություն չենք տեսնում․ եթե այդ հարցով չես դիմել, հիմա սա էլ նորից հետ ես տալիս․․․ այսինքն՝ նախագահը շատ անտաղանդ բեմականացված թատրոն է խաղում, անտաղանդ սցենարով, չգիտեմ՝ ով է իրեն հուշում, բայց իր խաղացած թատրոնը շատ անհեթեթ թատրոն է։ Ընդամենը թատրոն է խաղում նախագահը»։
Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել էր վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը գնահատել է՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Հենց նույն օրը նա Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկություն էր ներկայացրել նախագահին։
Երկու օր անց Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։
Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։ Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց՝ նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: