«Գնում է բանակի գլխատման, ոչնչացման գործընթաց. Արմեն Սարգսյանն էլ դրան մաս է կազմում». Աննա Գրիգորյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանը նույն դատարան չի ուղարկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, ինչից հետո էլ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանն այլևս իրավունքի ուժով  դադարում է լինել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ  Փաշինյանի միջնորդությունը Սահմանադրական դատարան չուղարկելու նախագահի որոշման մասին՝ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ դա վկայությունն  է,  որ Հանրապետության նախագահը շարունակում է հավատարիմ մնալ իր կրավորական կեցվածքին, և այսօր, երբ Կառավարության և բանակի միջև առկա է խորը հակասություն, նա այդ հակասությունն իր քայլերով ոչ թե հանգուցալուծում է, այլ ավելի խորացնում և ուղղակի մի կողմ քաշվում։

«Փաստացի այսօր գնում է բանակի գլխատման գործընթաց, որովհետև Օնիկ Գասպարյանի հեռացումը միայն նրա անձի խնդիրը չէ։ Այդ քայլը բանակին ավելի շատ խորքային վնաս հասցնելու միտում ունի, որովհետև 40 բարձրաստիճան զինվորականներ, 5 բանակային կորպուսի հրամանատարներ ստորագրել էին այդ հայտարարության տակ,  ուստի այսօր գնում է բանակի ոչնչացման գործընթացը, որին որևէ կերպ չմիջամտեց նախագահ Արմեն Սարգսյանը, ավելին, մաս կազմեց բանակի գլխատման»,- ասաց պատգամավորը՝ անհասկանալի որակելով երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հրաժարականը պահանջող Արմեն Սարգսյանի նման վարքագիծը։

«Սա փաստում է, որ Արմեն Սարգսյանը որոշեց սատարել ոչ թե բանակին, այլ Նիկոլ Փաշինյանին, իսկ քանի որ բանակը մեր պետության սահմանների անվտանգության երաշխավորն է, ստացվում է՝ Արմեն Սարգսյանը, թեև ասում էր, որ պարտություն կրած մարդը պետք է հեռանա, բայց այսօր  կանգնեց ոչ թե պետության անվտանգության երաշխավոր բանակի, այլ պարտություն կրած անձի՝ Նիկոլ Փաշինյանի կողքին»,- ասաց պատգամավորը։

Այս ամենով հանդերձ՝ Գրիգորյանը, սակայն, պնդում է՝ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի մի շարք կարևոր հարցերի, և վաղուց ժամանակն է, որ Գասպարյանը խոսի։

«Մասնավորապես,  պետք է պատասխանի հարցին, թե ինչո՞ւ, երբ պատերազմի 4-րդ օրը զեկուցել էր, որ պետք է պատերազմը կանգնեցնել, ու Փաշինյանը դա չի արել, ինքը շարունակել է մնալ ԳՇ պետի պաշտնում, կամ, երբ  հոկտեմբերի 19-ին եղել է առաջարկ՝ պատերազմը դադարեցնելու, ու Փաշինյանն այն մերժել է, ինչո՞ւ ԳՇ-ն որևէ քայլ դրանից հետո չի արել, կամ, երբ Սյունիքի անվտանգության գոտի համարվող Կովսականի և Սանասարի հատվածներն Ադրբեջանին զիջելու որոշում է կայացրել Փաշինյանը, Օնիկ Գասպարյանը, նախապես դրան դեմ լինելով, ինչո՞ւ որևէ քայլի չի դիմել։ Ինձ մոտ հարց է առաջանում նաև, թե երբ ԳՇ-ն փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել, ինչո՞ւ որևէ քայլ դրան չի հաջորդել։ Առհասարակ, ես կարծում եմ, որ հայտարարություն էլ պետք է չլիներ. ԳՇ-ն կա՛մ պետք է իշխանությունը Փաշինյանից վերցներ, կա՛մ ուղղակի հրաժարական տար»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որով  Գասպարյանը հայտնում է, որ շարունակելու է այլ կարգավիճակով ծառայել հայրենիքին, Աննա Գրիգորյանը շարունակեց իր հարցերի շարքը.

«Իսկ կա՞ արդյոք առավել ուժեղ կարգավիճակ, քան Գլխավոր շտաբի պետի կարգավիճակն էր, որով կարելի էր փոփոխություն մտցնել երկրում։ Ես չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ կարգավիճակով կարող է հանդես գալ Օնիկ Գասպարյանը, որ մեր երկրին ավելի լավ ծառայի»։

Ինչ վերաբերում է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին ևս մեկ անգամ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու Փաշինյանի որոշմանը, ապա Աննա Գրիգորյանը նախ նշեց, որ այդ նշանակումը բանակում չի բերելու  վիճակի կայունացման, ապա հավելեց.

«Գոնե վերջին պատերազմի ընթացքում, երբ Արտակ Դավթյանը եղել է Սյունիքում,  լսել եմ նրա առնվազն ոչ միանշանակ կամ ոչ արդյունավետ գործունեության վերաբերյալ  շատ կարծիքներ»։

Հիշեցնենք, որ ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկով  և Արմեն Սարգսյանի համաձայնությամբ ազատվել էր 2020 թվականի հունիսին, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ արգելված էին զանգվածային միջոցառումները, ամուսնացրել էր որդուն՝ մեծ հարսանեկան արարողությամբ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս