Ոստիկանությունը՝ «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից հուշարձանների մետաղյա պատկերներն առևանգելու մասին
«Երևանի հուշարձանների պահպանություն» կազմակերպության ֆեյսբուքյան էջը մարտի 7-ին հայտնել էր, որ առավոտյան ժամը 9:15-ին, մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձինք «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները»:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից 168.am-ին հայտնեցին, որ խնդրի հետ կապված դիմել են ոստիկանություն:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ տեղեկացրեց, որ ոստիկանություն հաղորդում ստացվել է դեպքի առնչությամբ:
«Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշեց Էդգար Ջանոյանը:
Բարերարների ճեմուղու քանդակների հեղինակ, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի այրին՝ Հասմիկ Եղիազարյանը, ով հանդես էր եկել մամլո ասուլիսով, ցավ էր հայտնել կատարվածի համար՝ ասելով, որ երբ քայլում էին ճեմուղիով, այն զգացողությունն է եղել, որ վերադարձրել են բարերարներին, քանի որ քանդակագործին հաջողվել էր ստանալ նրանց կերպարները:
«Չեմ ուզում այն մտքի հետ հաշտվել, որ մեր ժողովուրդը կարող է ոչնչացնել սեփական մշակութային արժեքները՝ հենց քաղաքի սրտում: Ինչպե՞ս կարելի է դա անել»,- ասել էր նա: