«Չի կարելի փոխել զինվորականներին, երբ հակառակորդը խոսում է Երևանի մասին, դա աբսուրդ է». Եվսեև

Հարցազույց Ռուսաստանի ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի հետ

 – Պարոն Եվսեև, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն Փաշինյանին ուղղված հրաժարականի հայտարարությամբ ուրվագծեց ՀՀ ներքաղաքական կյանքը վերջին 10-օրյակի ընթացքում։ Իշխանության համար սա բավականին ծանր հարված էր, ինչը որակվեց մինչև անգամ ռազմական հեղաշրջման փորձ, իրավական տեսանկյունից իրավաբաններն անդրադարձան ԳՇ-ի քայլի օրինականությանը։  Ըստ ձեզ՝ ի՞նչ էր սա իրականում, որքանո՞վ էր ընդունելի և անընդունելի։

– Առաջին հերթին՝ դա ռազմական հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ չէր։ Նման որակումները իրականության լիակատար խեղաթյուրում են։ Եթե ինչ-որ մեկը չի հասկանում դրանից, ապա նա կարող է գոնե ուսումնասիրել Թուրքիայում ռազմական հեղաշրջման վերջին փորձը։ Երկրի ղեկավարը, որը գուցե այդքան էլ լավ չի հասկանում՝ ինչ է ռազմական հեղաշրջումը, նա պետք է ելնի նրանից, որ ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում, որը եղավ Թուրքիայում, դրված խնդիրներից մեկն էր Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպանությունը։ Այս դեպքում որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի կյանքի նկատմամբ ոտնձգություն չի արել և նման սպառնալիք չի ներկայացրել։ Այստեղ ո՛չ դա, ո՛չ էլ ռազմական հեղաշրջմանը բնորոշ այլ քայլ չի արվել, ուստի պետք է ասել իրականությունը և չհորինել։ Չկա՛ հեղաշրջման փորձ։

– Իսկ ի՞նչ կա։ Ընդհանրապես, ըստ Ձեզ, նման հայտարարությամբ հանդես գալու իրավունք ներկայումս ստեղծված իրավիճակում զինվորականները չունեի՞ն։

– Կա չափազանց բարձր մակարդակի անհանգստություն Հայաստանի Հանրապետության զինվորական ղեկավարության շրջանում այն տապալող արշավի վերաբերյալ, որը եղավ Արցախի Հանրապետությունում և որը հանգեցրեց աղետի և կարող էր հանգեցնել 25.000 հայկական զորքի շրջափակմանը։ Վարչապետը սրա համար լիակատար պատասխանատվություն է կրում թեկուզ այն պատճառով, որ ՀՀ-ում մոբիլիզացիան չկրեց համատարած բնույթ և չիրականացվեց այնպես, ինչպես պետք է իրականացվեր. զինվորականներն այդ հարցը կարող են դնել նրա առջև։ Ինչո՞ւ էր ՀՀ մեկ զինծառայողին ԱՀ տարածքում բաժին ընկնում ադրբեջանցի 5 զինծառայող, ինչո՞ւ մեկ ամսից ավելի ձգվող պատերազմի ընթացքում չմոբիլիզացվեց առաջին մակարդակի ռեզերվը, ինչո՞ւ դա չարվեց, այս հարցերը զինվորականները հիմք ունեն տալ վարչապետին:

Սրանք այն որոշումներն են, որոնք չհայտարարված էին, սակայն՝ ակնհայտ։ Երկրորդ՝ ինչո՞ւ բոլոր զորքերը չմտցվեցին Արցախ, որը ևս հարց է Փաշինյանին։ Ինչո՞ւ չլիազորեց վարչապետը թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները։ Այսինքն՝ զինվորականները բազմաթիվ հարցեր ունեն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այդ հայտարարության մեջ պարզապես դրանք գրված չեն։

Իսկ ռազմական ավանդույթները յուրաքանչյուր երկրում տարբեր են։ Թուրքիայում ռազմական ավանդույթները հանգեցնում էին  նրան, որ զինվորականները պարբերաբար վերցնում էին իշխանությունը հենց ռազմական հեղաշրջման միջոցով։

Ներկայումս դա անհնար է։ Կան այլ երկրներ, որտեղ ևս կան նման ավանդույթներ, օրինակ՝ Եգիպտոսը, նախագահ Սիսին՝ ներկայիս, ղեկավարեց ռազմական հեղաշրջումը, որը նախագահ Մուրսիին հեռացրեց։ Դա դասական ռազմական հեղաշրջում էր։ Այդ ավանդույթը հետևյալում է՝ երբ զինվորականը տեսնում է, որ քաղաքացիական իշխանությունը չի իրականացնում այն պարտավորությունները, որոնք ունի ժողովրդի առջև, երբ ղեկավարությունը երկիրը տանում է դեպի աղետ, որը սպառնում է հսկայական սոցիալական ցնցումներով, այդ դեպքում նրանք իրականացնում են ռազմական հեղաշրջում։

Իսկ Հայաստանում ունենք հսկայական բարոյական տրավմա, անվտանգության ոլորտում լուրջ սպառնալիքներ ՀՀ տարածքում ԼՂ տարածքից, սահմանի ոչ միայն դեմարկացիայի, այլ դելիմիտացիայի բացակայություն, ծայրահեղ ծանր իրավիճակ, հայերի մասսայական աշխատանքային միգրացիա։ Այս իշխանությունն արդեն երկիրը հանգեցրել է ռազմական աղետի, իսկ հիմա մնացել է սպասել աղետի, որը կտապալի ողջ պետությունը, և ինչպե՞ս է ՀՀ-ն շարունակելու գոյություն ունենալ՝ որպես անկախ երկիր։

Բայց նույնիսկ նման իրավիճակում զինվորականները չեն հեռացնում իշխանությանը, որևէ հեղաշրջում չեն անում, նրանք դիրքորոշում են հայտնում, իշխանությունը հանգեցրել է ռազմական աղետի, այն զինվորները, սպաները, որոնք գտնվել են ԼՂ  հակամարտության գոտում և զոհվել են ՀՀ իշխանությունների սխալ որոշումների  հետևանքով։ Նրանք այս մասին են ասում, այլ ոչ թե գնալու են՝ հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, այդ մասին որևէ մեկը խոսակցություն չի վարում։ Դա բնական է, դա ժողովրդավարական պահանջ է, դա որևէ կապ չունի ռազմական հեղաշրջման հետ։ Իսկ բանակը հասարակության մի մասն է, որը հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում, և հասարակության մի մասը հայտարարում է, որ ներկայիս իշխանությունը նրանց համար անընդունելի է և պետք է հեռանա։ Արմեն Սարգսյանի քայլերը ևս բնական եմ համարում։

– Դուք նշեցիք պատերազմի ընթացքում սխալներ, որոնք Ձեզ համար ակնհայտ են եղել, հայտնի է, որ ԳՇ պետը զգուշացրել էր իշխանությանը, որ պարտվում ենք, սակայն դրանով, կարծես, ԳՇ-ի դիրքորոշումը սահմանափակվել է, և կան նաև կարծիքներ, որ ԳՇ-ի այս հայտարարությունն ուշացած էր, որ կա նաև ԳՇ պատասխանատվությունն այս ամենում։ Դուք ի՞նչ եք կարծում այս հարցերի մասին։

– Պետք է հասկանալ հետևյալը՝ ԳՇ-ն հետաքրքրված էր, որպեսզի փրկի հայկական զորքերը, որոնք ղեկավարության քաղաքական սխալների պատճառով հայտնվել էին փաստացի շրջափակման իրավիճակում, զորքերին փրկելու, իրավիճակը կայունացնելու համար ժամանակ էր հարկավոր։ Այս մասին նոյեմբերի 10-ին խոսել չէր կարելի, քանի որ կային պարտավորություններ, և դրանք իրականացվում էին նաև դեկտեմբերին, և նման հայտարարությունները կարող էին պատերազմի նոր ալիք բարձրացնել։ Իսկ ի՞նչ էր ակնկալվում, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական կտա, դա տեղի չունեցավ: Նա սկսեց ամեն կերպ երկարաձգել իր հեռանալը, և ինչ-որ պահի, երբ Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց ռազմական իրավիճակի լիակատար չիմացություն, ապա խոսեց «Իսկանդեր»-ի վատը լինելու մասին, իսկ ռազմական իշխանությունը պատասխանեց այս ամենին, և վերջ։

Այս ամենը սադրել է ո՛չ զինվորական իշխանությունը, չէ՞, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ չհասկանալով իրավիճակը, չփորձելով ճշտել՝ արդյո՞ք արձակվել են «Իսկանդերներ», կամ դեպի ո՞ւր են արձակվել, ո՞ր օբյեկտների ուղղությամբ։ Արձակվել է Շուշիի՞ ուղղությամբ, երբ Շուշին արդեն  Ադրբեջանի վերահսկողության տակ էր, թե՞ արձակվել է Բաքվի ուղղությամբ՝ որպես դեմոնստրատիվ թռիչք. սրանք հրապարակված տարբերակներ եմ ներկայացնում։ Զինվորականներին սադրեցին նաև՝ զինվորականի հեռացնելով աշխատանքից, սադրեցին և հետո զինվորականության արձագանքը ներկայացրին՝ որպես հեղաշրջման փորձ։

– Փաշինյանն օրերս ասել է, որ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, սակայն ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն չի հեռանում, իրավիճակը կարծես փակուղում է, և հասկանալի չէ՝ ճգնաժամն ինչպե՞ս է լուծվելու։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում։

– Որպես ՀՀ-ի համար մտահոգ անձ՝ գտնում եմ, որ  ներկայիս իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը՝ առաջին հերթին ԼՂ-ում երկրորդ պատերազմի հետևանքով։ ՀՀ ներկայիս քաղաքական իշխանությունը սխալ կանխատեսումներ է անում, հասկանալի է, որ կա հավերժ  մնալու ցանկություն, որն անհնար է այն ողբերգական իրավիճակի պատճառով, որը ստեղծվել է երկրում պատերազմից հետո։ Ճգնաժամի պատճառն այն  է, որ Փաշինյանի հրաժարականն ուզում է հասարակության մեծ մասը՝ ոչ միայն զինվորականները։ «Ջերմաստիճանը» բարձրանալու է ՀՀ-ում, ավելի շատ մարդիկ են դուրս գալու փողոց՝ պահանջելու հրաժարականը, երբ իրավիճակն ավելի հարմար կլինի։

Ներկայիս իշխանությունն արհեստականորեն երկարաձգում է իշխանության փոխանցման գործընթացը, որի արդյունքում կարող է այնպես ստացվել, որ նա հեռանա այնպես, ինչպես ինքը եկել է իշխանության։ Սա՝ մեկ տարբերակ, որն անընդունելի է։ Կա նաև երկրորդ տարբերակը՝ արտահերթ ընտրություններ՝ ռազմական դրության չեղարկումից հետո։ Կամ, ինչպես Մանուկյանն է առաջարկում, իշխանության փոխանցում անցումային կառավարությանը։ Այս սցենարներից, չգիտեմ, թե որ մեկը կլինի, բայց կարծում եմ՝ ամռանն իրավիճակը կարդինալ կերպով պետք է որ փոխվի։

Երբ ռազմական ոլորտում Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակում, երբ Իլհամ Ալիևը  խոսում է Երևանից, այս իրավիճակում չպետք է տարաձայնություններ լինեն քաղաքական և ռազմական իշխանությունների միջև։ Երկրորդ պատերազմի տապալման համար ո՞ւմ վրա պետք է լինի պատասխանատվությունը: Իմ կարծիքով՝ Հայաստանի համար ընդունելի տարբերակը կլիներ ոչ թե ԳՇ պետի հրաժարականը, այլ քաղաքական ղեկավարության հրաժարականը։ Երբ հակառակորդը խոսում է Երևանի մասին, եկեք զինվորականներին էլ փոխենք, Երևանը հանձնե՞նք. չի՛ կարելի փոխել զինվորականներին այն դեպքում, երբ հակառակորդը խոսում է Երևանի մասին։ Սա աբսուրդ է։ Չպետք է սեփական աթոռի մասին մտածել, այլ պետք է մտածել այն մասին, թե ինչպես ապահովել հայ հասարակության անվտանգությունը։

Տեսանյութեր

Լրահոս