Անփույթ վերաբերմունք տաղանդի նկատմամբ

Լևոն Արոնյանի Հայաստանից հեռանալու լուրը տարբեր կարծիքների տեղիք տվեց։ Ոմանք պնդեցին, որ եթե Հայաստանի կառավարությունը չի աջակցում աշխարհի լավագույն շախմատիստներից մեկին, ապա հեռանալու որոշումը ճիշտ է։ Մյուսները քննադատեցին Լևոնին Հայաստանից հեռանալու համար։

Իրականում, տաղանդավոր մարդկանց Հայաստանում մնալու հարցը շատ ավելի լուրջ է, և չի կարելի դիտարկել՝ որպես անհատական խնդիր։

Բոլորի համար պարզ է, որ երկրի զարգացման գործում տաղանդավոր մարդիկ մեծ դեր ունեն։ Այդ պատճառով աշխարհում մեծ պայքար է գնում մարդկային տաղանդի համար։ Որոշ տնտեսագետներ տաղանդավոր մարդկանց պատկերավոր համեմատում են այբուբենի տառերի հետ։ Տաղանդավոր մարդկանց հեռանալը նույն արժեքն ունի, ինչ այբուբենից տառեր հանելը։

Եթե մենք այբուբենից տառեր ենք հանում, ապա նվազում է տվյալ լեզվով բառեր կազմելու հնարավորությունը։ Նույն ձևով, եթե տաղանդավոր մարդիկ հեռանում են, ապա երկրի զարգացման հնարավորությունները նվազում են։

Այս խնդիրը մենք առաջին անգամ զգացինք 90-ականներին, երբ տարբեր ոլորտների բազմաթիվ լավ մասնագետներ հեռացան Հայաստանից։ Բաց ու մրցակցային աշխարհում Հայաստանի նման երկրների համար շատ դժվար է տաղանդավոր մարդկանց երկրում պահելը։ Բարձրակարգ մասնագետները ստանում են այնպիսի գայթակղիչ առաջարկներ, որ միայն սեփական երկրի հետ շատ մեծ կապվածության դեպքում կարող են դրանցից հրաժարվել։

Բացի ֆինանսական անհավասարություններից, Հայաստանում մեծ խնդիր է նաև անարդար վերաբերմունքը տաղանդավոր մարդկանց նկատմամբ։ Մենք դեռևս երկրում չենք հաստատել արժանավորների իշխանություն։ Իշխանության հանդեպ լոյալություն դրսևորող կիսագրագետը շատ ավելին է վաստակում մեր երկրում, քան անկախ պրոֆեսիոնալը։ Ստեղծող մարդուն ավելի քիչ ենք գնահատում, քան վաճառողին, միջնորդին, ճարտար լեզու ունեցողին։ Բազմաթիվ ղեկավարների համար կարևոր է, որ աշխատողները չլինեն շատ խելացի, որպեսզի իրենց «աստղը» չխամրի։ Նման մտածելակերպն է նաև Հայաստանում արձանագրվող շարունակական արտագաղթի պատճառներից մեկը։

Ամեն տարի հրապարակվում է Տաղանդի գլոբալ մրցունակության ինդեքսը։ 2020թ. ցուցանիշներով Հայաստանը 132 երկրների մեջ զբաղեցնում է 60-րդ տեղը։ Մի քանի ցուցիչների շարքում Հայաստանն ամենավատ արդյունքն ունի տաղանդի աճի առումով։ Մենք 132 երկրների շարքում զբաղեցնում ենք 100-րդ տեղը։ Տաղանդի աճի ցուցիչի մեջ մտնում են ֆորմալ կրթությունը, ամբողջ կյանքի ընթացքում կրթվելը և աճի հնարավորությունների հասանելիությունը։ Այս 3-ից հատկապես ցածր են ֆորմալ կրթության և ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու ցուցանիշները։ Ամենավերջին տեղերում ենք։

Հայաստանն այսօր դարձել է տաղանդ արտահանող երկիր։ Դպրոցների, համալսարանների լավագույն շրջանավարտների մեծ մասը չի մնում Հայաստանում։ Հայաստանի կրթության նախարարները հպարտանում են միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճող մեր դպրոցականներով, իսկ նրանց տաղանդի արդյունքները ճաշակում են այլ երկրների նախարարները։ Մեդալներ նվաճած աշակերտների մեծ մասը Հայաստանում չեն։ Մնացողներն էլ հայտնվում են ոչ բարենպաստ միջավայրում, քանի որ տաղանդի զարգացման համար մասնագիտական միջավայր է պետք, որը չի կարող լինել, եթե մեծ մասը գնացել են։ Արդյունքում՝ Հայաստանում մնացողներն էլ չեն կարողանում նորմալ զարգացնել իրենց տաղանդը։

Տաղանդի աճի համար մեզ պետք են լավ ուսուցիչներ, դասախոսներ, մարզիչներ։ Բայց այս ոլորտում էլ ունենք խնդիրներ։ Տեսնելով մանկավարժների ցածր աշխատավարձերը, բազմաթիվ շնորհալի մարդիկ չեն ուզում աշխատել երեխաների հետ։ Ինչպե՞ս կարող են համալսարան մի կերպ ընդունված կամ մի կերպ ավարտած մանկավարժները նպաստել տաղանդի աճին։

Գալով Լևոն Արոնյանի հարցին՝ նշեմ, որ նա շատ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի զարգացման գործում։ Դառնալով շախմատի համաշխարհային առաջատարներից մեկը, նա մեծ դեր ունեցավ Հայաստանի հավաքականի հաջողությունների գործում։

Իսկ այդ հաջողությունների արդյունքում հազարավոր ծնողներ ցանկացան, որպեսզի իրենց երեխաները զբաղվեն շախմատով։ Երկրում ստեղծվեցին տասնյակ նոր մարզչական հաստիքներ։ Մարզիչները գումար են վաստակում նաև մասնավոր պարապմունքների արդյունքում։ Քանի որ Հայաստանը շախմատային գերտերություն է, շատ մարզիչներ հեռավար ձևով աշխատում են այլ երկրների քաղաքացիների հետ՝ ապահովելով ֆինանսական մուտքեր Հայաստան։ Մի մասն էլ տարվա մեջ մի քանի ամիս մեկնում էր այլ երկրներ՝ տեղի շախմատիստների հետ աշխատելու համար։

Լևոն Արոնյանի կենդանի օրինակը շատ ավելի մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա, քան վարկային գումարներով գրված բազմաթիվ ծրագրեր ու ռազմավարություններ։

Եթե մենք ուզում ենք նորմալ պետություն դառնանք, միշտ պետք է գումար գտնենք տաղանդավոր մարդկանց համար։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների թիվը մի քանի տասնյակով կրճատենք, օրենսդիր մարմնի աշխատանքի որակը գուցե նաև բարձրանա։ Խնայված գումարներն էլ ուղղելով Լևոնի ու նման այլ տաղանդավոր մարդկանց, կկարողանանք երկրում պահել նրանց։

Չմոռանանք «Սափիենս» գրքի հեղինակ Յուվալ Հարարի կանխատեսումներից մեկն այն մասին, որ տաղանդի և ռեսուրսների կենտրոնացման արդյունքում շատ երկրներ կարող են հայտնվել լուսանցքում։ Խորամանկ, արժեք չստեղծող, ուրիշի ստեղծածը կապիտալացնող, դատարկամիտ մարդկանց փոխարեն՝ առաջին պլան մղենք տաղանդավոր մարդկանց։

Տեսանյութեր

Լրահոս