Պարտավորությունները չկատարած շահառուների թիվն ավելանում է, սահմանվեց տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի մարման արտոնյալ ժամանակահատված

Այսօր գործադիրն  ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշում, ըստ որի՝ նախատեսվում է պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսվարողների համար իրենց դիմումի հիման վրա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6-ամսյա ժամանակահատվածի սահմանում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց.

«Այս միջոցառման ընթացքում շուրջ 800 տնտեսվարողների մենք վարկավորել ենք մոտ 9 մլրդ դրամի չափով: Այժմ անհրաժեշտություն է առաջացել մի փոքր ճկունություն մտցնել այդ վարկային սխեմայի պայմանների մեջ, որովհետև տնտեսվարողների մեծ մասը չէր օգտվել արտոնյալ ժամկետից, բայց հիմա տնտեսական ճգնաժամի երկարացմանը զուգընթաց՝ այդ կարիքն առաջացել է: Բյուջեի վրա որևէ ազդեցություն չունի, բայց էապես թեթևացնում է վարկի պայմանները և թույլ է տալիս, որ մեր գործընկերներն ունենանք ավելի անկաշկանդ աշխատելու հնարավորություն»:

Նախագծում ասվում է,  որ համաձայն Ներդումների աջակցման կենտրոնի տրամադրած տեղեկատվության՝ 2020թ. դեկտեմբերից 2021թ. փետրվար ամիսներին շուրջ 685 շահառուներից 35 շահառու չի կատարել վարկերի մարման պարտավորությունները՝ շուրջ 16 մլն դրամի։ Նշվում է նաև, որ ուսումնասիրելով Էկոնոմիկայի նախարարություն և Ներդրումների աջակցման կենտրոն ներկայացված շուրջ 70 բանավոր և գրավոր դիմումները՝ մարտ-ապրիլ ամիսներին պարտավորությունները չկատարած շահառուների թիվը կավելանա 50-60%-ով՝ կազմելով շուրջ 60 տնտեսվարող։ Միջոցառման բոլոր շահառուների վարկերի մայր գումարների մարման մեկ ամսվա ընդհանուր գումարը կազմում է միջինում 220 մլն դրամ։ Դիտարկելով բոլոր 800 շահառուների միաժամանակ արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունը՝ ըստ նախնական հաշվարկների, 6 ամսով կհետաձգվեն շուրջ 1,3 մլրդ դրամի վարկային միջոցների մարումներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հետաքրքրվեց, թե այս նախագծով բանկերին իրավո՞ւնք է տրվում երկարաձգել, թե՞ պարտավոր են դա անել:

«Այս պրոցեսը կառավարում է Ներդրումների աջակցման կենտրոնը, բանկերն ուղղակի որպես խողովակ են օգտագործվել, հետևաբար՝ վերջնական որոշում կայացնելու իրավունքը ՆԱԿ-ինն է, բայց, փոխելով այս պայմանները, մենք թույլ ենք տալիս, որ ՆԱԿ-ը կարողանա այդ որոշումը կայացնել»:

Տեսանյութեր

Լրահոս