ԱՄՆ-ի վարչակազմը «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին զեկույցը կներկայացնի փետրվարի 19-ին
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը փետրվարի 19-ին Կոնգրեսին կներկայացնի «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին զեկույցը: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ փաստաթղթում կնշվեն նոր սահմանափակիչ միջոցներ, որոնք կվերաբերեն Ռուսաստանի ընկերություններին, ըստ որում Գերմանիայի ֆիրմաները չեն ենթարկվի պատժամիջորների:
Ինչպես նշում է Bloomberg-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չի ցանկանում սահմանափակիչ միջոցներ մտցնել Գերմանիայի նկատմամբ եւ ավելի կարեւոր է համարում հարցի դիվանագտական լուծումը:
Պետդեպի ղեկավարը նաեւ այն կարծիքին է, որ երկիրը պետք է ուշքի գա այն վնասից, որը կրել է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, որը հետեւում էր «Ամերիկան առաջին տեղում» մոտեցմանը: Գործակալության աբյուրների խոսքով՝ նախորդ վարչակազմն իշխանության գլուխ գտնվելու վերջին շաբաթներին մշակել էր լուրջ պատժամիջոցների սահմանում Գերմանիայի նկատմամբ, սակայն դրանք իրականացնել չհասցրեց:
Ամերիկացի կոնգրեսականները փետրվարի 17-ին նամակ են հղել Բրլինկենին՝ «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին տեղեկատվություն տրամադրելու պահանջով: Նրանք նամակին են կցել այն նավերի ցուցակը, որոնք, «ինչպես ենթադրվում է, մասնակցել են» «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցմանն ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն ուժի մեջ մտնելու պահից: Կոնգրեսականները Պետդեպին խնդրում են իրենց ներկայացնել թվարկված նավերի գործունեության գնահատումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: