«Երբ Նիկոլին լսում եմ, ոնց որ ինձ կրոնափոխ անեն, բացասական ազդեցություն ունի ինձ վրա»․ հարցում Էրեբունի համայնքում
Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցն առաջինը շրջանառության մեջ դրեց Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր ուժերը նրա հրաժարականի պահանջը դրեցին։ Նախ հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի արտահերթ ընտրությունների միջոցով, որոշ ժամանակ անց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, թե՝ նման պահանջ չկա ժողովրդի կողմից: Ուստի 168.am-ը որոշեց շրջել Երևանի փողոցներում ու հենց ժողովրդից լսել՝ կա՞ նման պահանջ, թե՞ ոչ: Այս անգամ հարցում անցկացնելու նպատակով քաղաքի Էրեբունի վարչական շրջան էինք գնացել: Մենք քաղաքացիներին ընդամենը երեք հարց էինք ուղղել՝ պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության աշխատանքը, արդյոք պե՞տք է իշխանափոխություն։
Ի՞նչ ակնկալիքներ ունեիք գործող իշխանություններից, արդարացե՞լ են ձեր սպասումները։
«Կառավարությանը նրա համար եմ դեմ, որ սաղ սուտ են խոսում, այլ բան են ասում, տակից այլ բան են անում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
«Սպասումները արդարացված չեն, որովհետև այն, ինչ ուզում էի, դա չեղավ։ Երկիրը պետք է ծաղկի, արդյունաբերությունը պետք է աշխատի, ամենակարևորը՝ ծնունդը շատանա, որ երկիրը երիտասարդանա, բայց հակառակը տեղի ունեցավ»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկ ուրիշը։
Միջին տարիքի մի կին էլ պատասխանեց, որ այս իշխանությունները շատ սպասված են ու ակնկալիքներն էլ մեծ են, որ հետո էլ լավ կլինի, իսկ ճշտող հարցին՝ մասնավորապես ի՞նչն է լավ, ի՞նչ փոփոխություններ են եղել, պատասխանեց․
«Դե, որ հին համակարգից շատ քիչ բան է մնացել արդեն, աշխատում են, այս խառը վիճակն էլ շատ խանգարեց երևի, այս վիրուսը, պատերազմը։ Հուսանք, որ լավ կլինի, ամեն դեպքում, հներից հաստատ որ լավ է, ու սպասելիքները շատ մեծ է, որ պետք է լավ լինի»։
Մի երիտասարդ կին էլ ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից է, բայց հասկանում է, որ այս պահին երկրի վիճակը լավ չէ։
«Հիմա այնպիսի ժամանակ եք հարցնում, որ այդքան էլ լավ չի, կարող է՝ մի քանի ամիս առաջ շատ գովայի, բայց հիմա՝ չէ․․․»,- ասաց քաղաքացին, ապա հավելեց, որ պատճառը պատերազմն է։
Հարցված քաղաքացիներից էլ տարեց մի տղամարդ ասաց, որ Արցախից է ու շատ վատ է գնահատում ներկայիս իշխանությունների աշխատանքը․
«Ինքս ծնունդով Արցախից եմ, եղբայրս, եղբորս երեխեքը՝ 3 ընտանիք, սաղ այստեղ են, շատ ծանր է, տուն-տեղ, ամեն ինչ թողել են Հադրութում ու եկել․․․»։
«Ոչ, սպասումներն արդարացված չեն, ժողովրդի վիճակը չե՞ք տեսնում, ես էլ նրանցից մեկն եմ։ Բացարձակ ոչ մի խոստում չեմ տեսնում, որ կատարված լինի, բացարձակ ոչ մի բան, հուսախաբություն»,- պատասխանեց մեկ ուրիշը։
«Ճիշտն ասած՝ ի սկզբանե հույս չունեի, որ կարդարացնեն իրենց։ Ասեմ, որ 2018 թվականի հանրահավաքներին չեմ մասնակցել, հենց սկզբից դեմ եմ եղել։ Միանշանակ չեմ կարող ասել, թե հենց սկզբից ինչն էր անվստահություն ներշնչում, բայց, երբ ես նույն Նիկոլին և այն ժամանակ և, առավելևս, հիմա լսում եմ, ոնց որ ինձ կրոնափոխ անեն, այդ աստիճանի բացասական ազդեցություն ունի ինձ վրա, և ինչ որ հիմա կատարվում է, ուղղակի ոչ մի արդարացում չկա․․․»,- պատասխանեց հարցված քաղաքացիներից մի կին։
Հայաստանում պե՞տք է իշխանափոխություն
«Այո՛, դրսից մարդ բերեք, մի կարգին, լավ մարդ լինի, թեկուզ դրսից»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
«Ո՛չ, ո՛չ, իհարկե, եթե ավելի լավը կլինի՝ թող լինի, իսկ հների դեպքում՝ բացառված է, ժողովուրդը դեմ են, կարծում եմ՝ ամբողջ կազմով»,- պատասխանեց մեկ ուրիշը։
«Ամեն իշխանություն փոխելով բան չի փոխվի, պետք է մարդու ներսի բնույթը փոխվի, որ դառնան՝ Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ, Աղբյուր Սերոբ։ Վաղը-մյուս օրը թուրքը ախորժակ ունի ամբողջ Հայաստանը կուլ տալու․․․»,- ասաց մի տղամարդ։
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից երիտասարդ մի կին, որը նաև մասնակցել էր 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ակցիաներին, ևս կողմ էր, որ այս պահին Հայաստանում իշխանափոխություն լինի․
«Հարցեր կան, որ պետք է ավելի ճիշտ լուծվի, ինձ թվում է՝ պետք է իշխանափոխոխություն, բայց այն ժամանակ էլ էր պետք, որ եղավ։ Ես ինքս մասնակցել եմ ցույցերին, երթերին, հիմա էլի փոխել է պետք, քանի որ հարցեր կան, որ շատ մտահոգիչ են, պետք է ավելի լուրջ մոտենալ․․․»։
«Բնականաբար, նոր մարդ պետք է գա իշխանության, որ կարողանա ժողովրդի հարցերը լուծել, միայն սուտ խոստումներով մարդկանց չե՛ս կերակրի։ Ես ընտանիք եմ պահում, եթե սուտ խոստումներով ամեն օր ընտանիքս պահեմ, վաղը-մյուս օրը կասեն՝ դու տան տղամարդը չես, նույնն էլ կառավարությունն է, եթե չի կարողանում ղեկավարել, ապա թող հրաժարական տա»,- պատասխանեց մի տղամարդ։
«Անպայման, ես հիմա չեմ կարող ասել, թե ում կուզեի տեսնել, բայց, որ միանշանակ Նիկոլը չպետք է լինի․․․ Նույնիսկ ինձ համար անընդունելի է, որ 3 ամիս հետո իրեն լուրերով ցույց են տալիս, ինքն իրավունք ունի ինչ-որ որոշումներ կայացնի, ինձ համար դա անընդունելի՛ է»,- ասաց մեկ ուրիշը։
Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ւմ կընտրեիք
«Մեզ լավ, ուժեղ ղեկավար է պետք, որ ժողովրդի թիկունքին լինի, ժողովրդի մեջ մտնի, հարցեր տա՝ ինչո՞վ օգնեմ, ինչի՞ կարիք ունեք, այս ի՞նչ են անում։ 50 թիկնապահ է պահում, քեզ այդքան փող որտեղի՞ց, որ այդքան թիկնապահ ես պահում»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը։
Մեր հարցմանը մասնակցած մեկ ուրիշ քաղաքացի էլ այս պատասխանը տվեց․
«Ես էլ իմ օգտին կընտրեի, որ թքած ունենամ անձիս վրա, հանուն սեփական ազգի, այն մարդուն, որ արժանիքներ ունի։ Վազգեն Առաջինը ժամանակին ասել էր՝ չլինի՞ թե Հայաստանը ոսկե սկուտեղով թուրքին մատուցեք․․․ Արցախը ոսկե սկուտեղով թուրքին մատուցեցին, որ հնարավոր չէր Շուշի մտնեին․․․»։
«Նիկոլ Փաշինյանին, եթե չկա ավելի լավ տարբերակ, հիմա մտավախություն կա, որ հների դեմքով որևէ մեկը կհայտնվի, իսկ այդ վախն արդեն մեծ է»,- պատասխանեց մի կին։
«Ճիշտն ասած՝ չգիտեմ, մտքովս ոչ մեկը չի անցնում, շատ հիասթափված եմ»,- պատասխանեց հարցվածներից մեկ ուրիշը։
Մեկ այլ քաղաքացի էլ պատասխանեց, որ նոր կադրեր առայժմ չի տեսնում
«Նախկիններից կընտրեի Ռոբերտ Քոչարյանին՝ որպես գրագետ քաղաքական գործիչ։ Չեմ ասում, որ անթերի է եղել, բայց հաստատ ի նպաստ մեզ, մեր պետության, մեր ժողովրդի օգտին միշտ էլ և այսուհետև էլ որոշումներ կկայացներ։ Նիկոլ Փաշինյանը լուրջ մարդ չէ, ես իրեն լուրջ չեմ վերաբերվում, դա ինձ զայրացնում է նրա համար, որ ինքը չլինելով լուրջ մարդ, ադեկվատ մարդ՝ կարող է որոշել մի ողջ ազգի, ժողովրդի, պետության ճակատագիրը»։
Մանրամասները՝ տեսանյութում