«Մի օր էլ կփլվի, կմնանք տակը». ի՞նչ իրավիճակ է վթարային շենքերում երկրաշարժից հետո
Արզումանյան 12 շենքը 4-րդ կարգի վթարային է, անզեն աչքով էլ երևում է: Բնակիչները կատակում են՝ երկրաշարժը նույնիսկ լավ է անդրադարձել շենքի վրա, որոշ դռներ, որոնք չէին բացվում կամ փակվում, սկսել են աշխատել:
Փետրվարի 13-ի երկարաշարժը թեև ավերածությունների պատճառ չի դարձել, սակայն թարմացրել է Արզումանյան փողոցի շենքերի վերքերը: 4-րդ կարգի վթարային, մոտ 62 տարեկան այս շենքի կնճիռները խորացել են, բնակիչների՝ սեփական կյանքի համար անհանգստությունն էլ՝ ավելի մեծացել:
«Ճաքերը շատանում են, երկրաշարժը, իհարկե, ազդել է: Վերանորոգել ենք ճաքերը, փակում ենք, որ ավազ չթափվի, բայց նորից ճաքում է: Մյուս պատերը՝ ոչինչ, բայց որ հիմնական պատերն են ճաքում….»,- ասաց շենքի բնակիչ մի կին:
«Կարող է մի օր էլ փլվի, մնանք տակը»,- ասաց բնակիչ տղամարդկանցից մեկը:
Մեկ հարկ վերևում էլ գրեթե նույն պատկերն է: Միայն թե այնտեղ հասնելու ու դա տեսնելու համար պետք էր անցնել պատից բավականին հեռացած ու վտանգավոր դարձած աստիճանավանդակով: Անցնում ենք: Տանտերը պնդում է, որ երկրաշարժից հետո ճաքերը չեն ավելացել, սակայն եղածներն էլ բավական են, որ շենքում բնակվելը վտանգավոր լինի:
«Ես զարմացած մնացի, որ էդ երկրաշարժից հետո էս շենքը չքանդվեց: Ամենամեծ ճաքն աստիճանավանդակի մոտի ճաքն է, փակել եմ լրիվ, գիպսի «կոնտրոլ» էի դրել, որ տեսնեմ՝ ճաքն աշխատո՞ւմ է, թե՞ չէ, բանից պարզվեց՝ շարունակում է կոտրվել, դանդաղել է գործընթացը, բայց շարունակում է կոտրվել: 2013-14 թթ.-ից այսպես է»,- ասաց բնակիչներից մեկը:
Նույն շենքի մեկ այլ բնակիչ, որ այստեղ է բնակվում հենց շենքի կառուցման օրվանից, պնդում է՝ ճաքերը սկսել են առաջանալ 2000-ականներից: Ասում է՝ շենքը հին է, տարածքում էլ սողանքներ կան:
«Շենքը գնացել-եկել, զարմանալիորեն կանգուն է մնացել, բայց չգիտենք, թե հետո ինչ կարող է լինել»:
«Որ մի քիչ երկար տևեր ցնցումը, շենքը փլվելու պատրաստ է: Հիմնական պատերը ևս ճաքած են, համարյա անջատված են իրարից»,- ասաց նույն բնակարանի մեկ այլ բնակիչ:
Արզումանյան 12-ի բնակիչ տղամարդկանցից մեկն էլ պատմեց.
«Երկրաշարժի ժամանակ սեղանն է տեղաշարժվել, տան սյունն է թեքվել: Աչքաչափով չեմ կարող ասել՝ ճաքերը շատացե՞լ են, թե՞ չէ, բայց ո՞նց կարող է ճաքը չավելանալ»:
Շենքի բնակիչները մի հարցում համակարծիք են՝ տներում վերանորոգում անելն անիմաստ է: Արզումանյան 12 շենքի բնակիչներին վերաբնակեցման առաջարկ դեռ չի արվել, միայն լսել են, որ իրենց հարևանությամբ շենք է կառուցվելու և իրենց տեղափոխելու են: Իսկ համաձա՞յն են բնակիչները տեղափոխվելու այլ վայրեր:
«Էս կողքի շենքում որ տային՝ պարելով կգնայինք: Ես այս տարածքը դեռ երիտասարդ տարիքից միշտ հավանել եմ, բայց հիմա ինձ ո՞վ կտա ըտեղ բնակարան»,- ասաց շենքի բնակիչ մի տղամարդ:
«Անպայման, իհարկե, ինչ-որ վախ կա, հանգիստ չես, մանավանդ երկրաշարժից հետո, շատ ավելի անհանգիստ է: Մեր տարածքը մեզ հարմար է, բայց այս տանն ապրելն անհնար է: Վտանգավոր է, եթե նոր բան առաջարկեն, իհարկե, կհամաձայնենք»,- ասաց մեկ այլ բնակիչ:
Վթարային շենքերի հարցը Երևանի ավագանիում հաճախ է բարձրացվում: Վերջին նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ շենքը նախ և առաջ բնակիչների սեփականությունն է, հաջորդ պատասխանատուն Կառավարությունն է:
«Ոչ լիազորություն ունենք, ոչ պարտականություն: Մենք 3-րդ տեղով ենք: Ես ուզում եմ, որ օգնենք, բայց մեր վրա ոչ լիազորություն է դրված, ոչ պարտականություն, ոչ էլ բյուջեում դրա համար հատկացված գումարներ կան»,- ասել էր քաղաքապետ Հայկ Մարությանը: