ՍԴ-ն ու Փաշինյանը «քերթում» են ՀԴՄ տուգանքների տակ կքած գործարարների կաշին
Բոլորը հիշում են Նիկոլ Փաշինյանի ջղաձգված լայվերը և հարցազրույց-հանձնարարականները, երբ իր ղեկավարած կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ձախողումները նա կապում էր նաև հսկիչ-դրամարկղային (ՀԴՄ) կտրոնների հետ և ազդարարում այդ մասով հերթական «աշխարհացունց», հեղափոխական բարեփոխումների մասին, և որպես տնտեսական թռիչքի նշան՝ մատնանշում աննախադեպ աճող ՀԴՄ-ների թիվը։
Բայց այն, որ Պետեկամուտների կոմիտեի կողմից ՀԴՄ ակտեր չտալու համար նշանակված տուգանքների արդյունքում բիզնեսները սնանկանում կամ անգամ փակվում էին, դա Նիկոլ Փաշինյանին, ինչպեսև շատ ու շատ այլ կարևոր հարցեր, հետաքրքիր չէին։ Սակայն, որպես պրոֆեսիոնալ, իր գործի գիտակ մարդ՝ այդ հարցը, բնականաբար, մտահոգել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Դեռևս 2019թ. Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ա. Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ Հարկային օրենսգրքով սահմանված ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների աննախադեպ բարձր լինելը և խտրական կարգավորումները հակասահմանադրական ճանաչելու հարցով, այն հիմնավորմամբ, որ չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը, ինչը հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից։
Մասնավորապես, օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել, օրինակ, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման՝ տարբերություն չկա, այդ խախտումը կատարվել է օրական հարյուր միլիոնավոր դրամների շրջանառություն ունեցող սուպերմարկետո՞ւմ, թե՞ հեռավոր գյուղերից մեկի կրպակում, դրանք չեն նշանակվում՝ հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։ Ըստ ՄԻՊ-ի՝ խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման։ Տարբերակում չի դրվում՝ ՀԴՄ կտրոն չի տրվել 10 դրամանոց լուցկո՞ւ, թե՞ մեկ միլիոն դրամանոց կահույքի համար։
Մինչ ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը, ՄԻՊ-ն իր այդ դիմումը հետ վերցրեց, քանի որ կառավարության հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հռչակված բարեփոխումներով արագ լուծում կտրվի այս հարցին։ ՄԻՊ-ը հետագայում, սակայն, հայտարարեց, որ հաշվի առնելով, որ դրանից հետո կառավարությունը չի ընդունել, որ առկա է սահմանադրականության խնդիր, ու այդպիսով փոփոխություններ չեն իրականացվել, նորից՝ 2020թ. դեկտեմբերին, դիմեց ՍԴ՝ հաշվի առնելով, որ խնդիրը շարունակում է մնալ արդիական։ Այդ դիմումով ՍԴ-ում դատաքննությունը նշանակվել է ս․թ ապրիլի 27-ին։
Հատկանշական է, որ համանման հարցով նախորդ տարվա օգոստոսին ՍԴ է դիմել նաև վարչական դատարանը, որով դատաքննությունը, ինչպես բազմաթիվ այլ գործերով, օրենքով սահմանված կարգը և ժամկետները խախտելով, մի շարք հետաձգումներից հետո, ի վերջո, նշանակվել է ս․թ փետրվարի 16-ին։
Հաշվի առնելով, որ վեճի առարկան նույնն է, համանման հարցերով ՍԴ-ն գործերը միավորում և քննում է միաժամանակ։ Այս դեպքում միտումնավոր դա չի արվել։ Սկզբում կարող էր թվալ, թե դա բացթողում է, բայց այս գործերի քննության հետագա ընթացքը ցույց է տալիս, որ գործընթացը հրահանգավորվում ու կառավարվում է այս դեպքում՝ կառավարությունից, իսկ ՍԴ ղեկավար Արման Դիլանյանը հլու-հնազանդ կատարում է Նիկոլ Փաշինյանի, իսկ տեղում՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հրահանգները։ Հետագա ընթացքը, ըստ էության, ցույց է տալիս դրա իրական նպատակը։
Մեր աղբյուրները հայտնում են, որ մինչև նախորդ անգամ ՄԻՊ-ի կողմից իր դիմումի հետ վերցնելը, ՍԴ-ում մշակված է եղել այդ հարցով որոշման նախագիծը, որով նախատեսվել է այդ դրույթների հակասահմանադրական ճանաչելը։ Հաշվի առնելով, որ թե այն, թե այս դեպքում զեկուցող դատավորը նույնն է եղել՝ Աշոտ Խաչատրյանը, վերջինս ներկայացրել է նույնաբովանդակ նախագիծ, որից հետո ՍԴ-ում եղել է աննախադեպ մի բան. ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ըստ էության, ստիպել է Աշոտ Խաչատրյանին, իր կամքին հակառակ, շրջանառության մեջ դնել միաժամանակ երկու նախագիծ, իրարից 180 աստիճան տարբերվող՝ մեկով այդ դրույթները ճանաչվում են հակասահմանադրական, մյուսով՝ սահմանադրական։
Փաշինյանի կատարածու, ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանի ղեկավար ցուցումներով, սկսում է փետրվարի 16-ի վարչական դատարան դիմումի գործով զեկուցող ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին (որը նաև ՄԻՊ-ի դիմումով է զեկուցող) պարտադրել փոխել իր կարծիքը և դնել շրջանառության մեջ նախագիծ, որ ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների մասով Սահմանադրության հետ կապված ոչ մի խնդիր չկա։
Եթե վարչական դատարանի դիմումի հիման վրա կատարածու Արման Դիլանյանին հաջողվի պետականակործան հեղափոխության ծնունդ՝ ՍԴ անօրինական և հլու դատավորների ձայների շնորհիվ այդ որոշումն ընդունել, ապա մի զարկով երկու խնդիր կլուծվի․ նախ՝ արդարացվում է կառավարության ձախողված բարեփոխում կոչվածը՝ ապահովելով Փաշինյանի, իր սեփական շահերից ելնելով, ՀԴՄ կտրոնների տեռորով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին կանոնները թելադրելու և իրեն «հնազանդեցնելու» քաղաքականության բնականոն ընթացքը։ Երկրորդ՝ այդ որոշմամբ կանխորոշվում է նաև ՄԻՊ-ի նույն հարցով դիմումի ելքը՝ այն տանելով կարճման՝ դրանով իսկ հաճոյանալով Փաշինյանին, որն իրեն ոխերիմ թշնամի է հռչակել անկախ, գրագետ և անաչառ գործող ՄԻՊ Արման Թաթոյանին և սկսել նրա դեմ «խաչակրաց արշավանք»։
Պատճառներից մեկը հստակ քաղաքական է. Արման Թաթոյանը հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում բավական բարձր վարկանիշ ունի և մեծ հարգանք է վայելում, տարբեր սոցհարցումներով, այդ թվում՝ ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցների կողմից արված հարցումներով, նրա վարկանիշը շատ բարձր է, և Փաշինյանն ու նրա թիմը կազմակերպված և ուղղորդված ստահոդ հարձակումներով ամեն կերպ փորձելու են վնասել Թաթոյանին:
Ինչ վերաբերում է ՀԴՄ տուգանքներ վճարող տնտեսվարողներին, ապա նրանց միայն կարելի է շնորհավորել. եկել է իրենց սրտի Սահմանադրական դատարանը, որն իրենց կաշին Նիկոլ Փաշինյանի հետ միասին «քերթում է»։ Վստահ ենք, որ ՀԴՄ տուգանքներ նշանակվելու են՝ ինչպես ՍԴ-ն շրջապատող քաղաքացիների, ՍԴ-ն ապօրինաբար գրաված պատգամավորների հարազատների, այդպես էլ՝ Փաշինյանի համար ճանապարհ փակած հազարավոր քաղաքացիների վրա: