Թուրքիայի նախապայմաններն Արցախով չեն սահմանափակվում. Ինչի հաշվին կարող է բացվել հայ-թուրքական սահմանը

Հայաստանի առաջին հրապարակային ուղերձը Թուրքիային

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մեղմել է իր հռետորաբանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ՝ կոչ անելով խոսքից գործի անցնել: Օրերս հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ նրա արած դիտարկումները մեծ ուշադրության արժանացան փորձագիտական համայնքի շրջանում:

Արա Այվազյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի շրջանակում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, նշել էր, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում:

Նա կարծիք էր հայտնել, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Ըստ նրա, շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ: Նա նաև հավելել էր, որ կառավարության հիմնական նպատակն է՝ անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:

Ինչո՞ւ Արա Այվազյանը որոշեց մեղմել Թուրքիայի հանդեպ հռետորաբանությունը

Հարկ է հիշեցնել, որ Արա Այվազյանն իր պաշտոնավարումը և հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում դիրքավորումը սկսեց հետպատերազմյան Հայաստանի համար բավականին սուր և համարձակ շեշտադրումներից՝ նշելով, որ Անկարան նախևառաջ պետք է վստահություն ձեռք բերի, որը կորցրել էր այս ամբողջ ընթացքում: Դեկտեմբերի սկզբին ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արա Այվազյանն ասել էր.

«Վերջերս, ապրիլի 24-ին, երբ Հայաստանը և ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք էր մատուցում Օսմանյան կայսրությունում առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Թուրքիայի նախագահը հանդես եկավ սադրիչ հայտարարությամբ, որում, սկզբունքորեն, արդարացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը, ինչը իրապես ևս մեկ անգամ հաստատում է Անկարայի` հարաբերությունների կարգավորման պատրաստ չլինելը: Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարավային սահմանին տեղի ունեցած սրումից հետո Թուրքիան նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի մակարդակներով սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 27-ի Արցախի դեմ ագրեսիայով:

Ես արդեն նշել եմ իմ խոսքում, որ կարծում եմ՝ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Արցախի դեմ պատերազմի հրահրման գործում, ուղղակիորեն սպառնում էր Հայաստանի Հանրապետությանը և չափազանց բացասական դերակատարություն է ունեցել այս ընթացքում, ներմուծել է զինյալ ահաբեկիչներ, անմիջական մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններում՝ անգամ ստանձնելով մարտական գործողությունների հրամանատարությունը, երեք անգամ խափանել է զինադադարի պայմանավորվածությունները: Եթե հիշում եք, հոկտեմբերի 9-ին երկարատև քննարկումներից հետո համաձայնեցվեց առաջին նման փաստաթուղթը, ապա՝ երկրորդը և երրորդը Միացյալ Նահանգներում: Ամեն անգամ այդ համաձայնությունները չեզոքացվում էին հենց Անկարայի բացասական դերի պատճառով»: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումներից մեկի, Այվազյանի մոսկովյան հակաթուրքական ելույթից հետո սուր խոսակցություն էր տեղի ունեցել վերջինիս և Նիկոլ Փաշինյանի միջև: Հրապարակման համաձայն՝ Փաշինյանը դիտողություն էր արել Այվազյանին Թուրքիայի վերաբերյալ նրա դիտարկումների համար: Եվ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի դիտողությունն ապարդյուն չի անցել, ՀՀ ԱԳ նախարարը որոշել է ուղերձներ փոխանցել Անկարային և հարմարվել իշխող ուժի վերջին տարիների վարած մեղմ թուրքական քաղաքականության շրջանակում:

Ինչո՞ւ չի շտապում Անկարան

Ռուս վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման մասին առաջին ուղերձները հնչել են Անկարայից՝ Էրդողանի ու Չավուշօղլուի կողմից համեմված սպառնալիքներով և ուժային բաղադրիչներով, սակայն նրանք նաև ընդգծում են, որ թուրքական կողմն ամենևին չի շտապում անել առաջին քայլը, քանի որ դեռ կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն կողմերի միջև:

Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը նույնիսկ ռուսական Ռեգնում լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում հարց է տալիս, թե ե՞րբ Երևանում կարող է բացվել Թուրքիայի դեսպանատուն: Նրա որակմամբ՝ հայ-թուրքական հաշտությունը ներքաղաքական խնդիր չէ երկու երկրների համար, այլ նոր սկսվող կովկասյան խաղի մի մասն է:

Թուրքիան Հայաստանի հանդեպ այլ նախապայմաններ ևս ունի

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Թուրքիայի նախապայմանները չեն սահմանափակվում միայն Արցախյան հարցով: Ըստ նրա, Թուրքիայի նախապայմանները 3-ն են՝ Արցախյան հարցը, մյուսը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից Հայաստանի հրաժարում, և երրորդը՝ Կարսի պայմանագրի ճանաչում, կամ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, կամ Հայաստանի կողմից հողային պահանջատիրությունից հրաժարում, չնայած պետք է ֆիքսել, որ Հայաստանը պաշտոնապես Թուրքիային հողային պահանջներ չի ներկայացրել, բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի հավաքական ընկալման մեջ, հայոց պատմագրության մեջ ամրագրված է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը գծվել է անօրինական, ոչ արդար կերպով, խոսքը Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի մասին է, և այլն: Բայց, վերլուծաբանի ընդգծմամբ, ռեալ քաղաքականության մեջ հողային պահանջներ չի ներկայացրել Հայաստանը Թուրքիային, թեև դա Թուրքիան համարում է նախապայման:

Թուրքագետի համոզմամբ՝ Թուրքիան փորձելու է Հայաստանից կորզել հնարավորը

Իսկ հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան արդեն չի բացել սահմանները, եթե Արցախյան հարցը միակ նախապայմանն էր, Մելքոնյանը պատասխանեց, որ հարցը երկու պատասխան ունի:

Ըստ նրա՝ բոլոր նախապայմանները չեն կատարվել իրականում:

«Երկրորդը՝ թուրքական արտաքին քաղաքական ոճը հենված է դիմացինից մաքսիմալ զիջումներ կորզելու գաղափարի վրա: Հայաստանը, հայտնվելով այս կապիտուլյացիայի իրավիճակում, որպես պետություն ունենալով զրո դիմադրողականություն՝ շատ հարմար զրուցակից է Թուրքիայի համար, հարմար այն իմաստով, որ կարող են պարտադրել տարբեր զիջման այլ պահանջներ: Լինելով պրագմատիկ քաղաքականության կրող, ես վստահ եմ, որ Թուրքիան այս իրավիճակը համարելու է ձեռնտու Հայաստանին այլ նախապայմաններ ներկայացնելու և իրականացնել պարտադրելու համար: Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, մանավանդ, որ այսօրվա իշխանության շարքերում կան բազմաթիվ կերպարներ, որոնք հստակ ունենալով ապազգային մտածողություն իրենց հայտարարությունների մեջ, իրենց նախկին ՀԿ-ական, գրանտային գործունեության մեջ այլ մոտեցումներ ունեն Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ, ուստի սահմանները չեն բացվում՝ այս երկու խնդիրները հաշվի առնելով»,- ասաց Մելքոնյանը:

Նրա դիտարկումների համաձայն, ոչ միայն Արա Այվազյանի վերջին հայտարարությունը, այլ, կարող ենք ասել, որ վերջին երկուսուկես-երեք տարվա հայտարարությունները, ընդհանուր իրավիճակը թույլ է տալիս կարծիք հայտնել, որ որոշ փոփոխություններ Թուրքիայի նկատմամբ, Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված, առկա են այս իշխանության մոտ: Մելքոնյանի խոսքով, Արա Այվազյանի հայտարարությունը շղթայի մի մասն է, կամ չոտնահարելով անմեղության կանխավարկածը՝ կարող ենք ենթադրել, որ Արա Այվազյանը սխալ բառեր է ընտրել և ոչ ճիշտ ձևակերպումներով է անդրադարձել պատգամավորի հնչեցրած հարցին: Սակայն, նրա համոզմամբ, հաշվի առնելով այս քաղաքական թիմի մոտեցումները, հույսը փոքր է, որ Արա Այվազյանի հայտարարությունը ոչ թե հենված էր քաղաքականության վրա, այլ ուղղակի անզգույշ ձևակերպում էր:

Հայ-թուրքական սահմանների բացումը հնարավոր կլինի դիտարկել կապիտուլյացիայի հետևանք

Ռուբեն Մելքոնյանը գտնում է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հանդեպ վարել թշնամական քաղաքականություն, և եթե նույնիսկ հայտարարություններում նկատվում են մի փոքր այլ ձևակերպումներ, ամենևին չի նշանակում, որ փոխվել է Թուրքիայի գլոբալ հակահայկական քաղաքականությունը: «Այն կարծիքին եմ, որ Թուրքիան փորձելու է Հայաստանից կորզել հնարավորը՝ մաքսիմալը, և ՀՀ իշխանությունների ապազգային բնույթը նրանց լավ հնարավորություն է տալիս այդ քայլերն իրականացնելու համար: Ուստի չեմ զարմանա, որ մեկ օր ականատես լինենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման, որն ամենևին մեր դիվանագիտական հաղթանակների, քայլերի էվոլյուցիան չի խորհրդանշելու, այլ կապիտուլյացիայի հետևանքներից մեկը, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի հետ, հստակորեն կապիտուլյացիա է, իսկ դրա պարագայում զիջումներ, ոչ հայանպաստ քայլեր տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններում, կարելի է ակնկալել այս իշխանությունների դեպքում: Պարզապես կարելի է հույս հայտնել, որ այս իշխանության շուտափույթ հեռացումը կարող է կանխել թուրքական ճակատում Հայաստանի հետընթաց քայլերի հավանականությունը»,- նման կանխատեսում արեց Ռուբեն Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս