Էստոնիայից փորձառու հոգեբանները Հայաստանում անվճար վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն հետտրավմատիկ հոգեբանությամբ զբաղվող մասնագետների համար
Արցախյան վերջին պատերազմի միջով անցած շատ զինվորներ հոգեբանական օգնության և վերականգնման կարիք ունեն: Այդ նպատակով հայ հոգեբաններին մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար Էստոնիայի Հայկական Միության ակտիվ ներկայացուցիչների աջակցությամբ «Լոգոս» հոգեբանական կենտրոնի և «Հայկական հոգեբանական ակադեմիա»-ի հրավերով Հայաստան են ժամանել տրանսպերսոնալ հոգեբանության և հիպնոթերապիայի միջազգային դպրոցի հիմնադիր, տրանզակցիոն հիպնովերլուծության հեղինակ, 30 տարվա պրակտիկ հոգեբան, արտ-թերապևտ, պատերազմական իրադրություններում խորհրդատվության և թերապիայի մեծ փորձ ունեցող հոգեթերապևտ Յուրե Բիեհոնսկին և վշտի խնդիրներով խորհրդատու Մելլի Լեյնը։
2021թ. փետրվարի 10-ից 18-ը Երևանում՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի դահլիճում, անցկացվելու են վերապատրաստման վեցօրյա տեսական և գործնական անվճար դասընթացներ՝ հետվնասվածքային համախտանիշներով տառապող մարդկանց հետ աշխատող հոգեբանների համար, ինչպես նաև հոգեբանական խորհրդատվություն տրամադրել օգնության կարիք ունեցող մի խումբ մարդկանց և փորձի ու վերապատրաստման կարիք ունեցող մասնագետների: Յ․ Բիհոնսկին և Մ․ Լեյնը կանցկացնեն աշխատանքներ և խորհրդակցություններ ամենադժվար հոգեբանական օգնության կարիք ունեցող զինվորների հետ, մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով։
Դասընթացներին մասնակցելու են հայ հոգեբանները, հոգեբանական անձնակազմերը, որոնք ներկայումս աշխատում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումով տառապող զինվորների և մահացած զինվորների հարազատների, ընտանիքների հետ։ Դասընթացների կազմակերպմանը աջակցում են նաև ԵՊՀ Մշակույթի կենտրոնը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Հյուրերը դասընթացների ընթացքում կանրադառնան հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ, նաև պատերազմական իրադրության հետևանքով հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող ու վշտի մեջ գտնվող անձանց հետ հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին, հոգեբանական խորհրդատվության ճիշտ կազմակերպմանը տրավմաների դեպքում։
Դասընթացների նպատակն է օգնել մասնագետներին հաղթահարել սեփական հույզերն ու ապրումները, անձնական տրավմաները, որոնք առաջացել են այդ ընթացքում։
Յուրե Բեխոնսկին և Մելի Լանեն հայ մասնագետներին կներկայացնեն հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հետ աշխատելու վերջին նորագույն մեթոդները, նաև, թե ինչպես դուրս գալ ՀՏՍԽ ախտորոշման արդեն ընդունված շրջանակներից՝ ախտորոշել այն՝ ըստ կորստի դեպքերին և վշտին արձագանքելու հակազդմանը Կձևավորվեն խմբեր, որի մասնակիցները կկազմակերպեն քննարկումներ՝ պատերազմի ազդեցությունն անձնային առանձնահատկությունների վրա, ներառյալ ընտանիքը, նաև դերախաղ՝ հիմնված ուսումնասիրած հմտությունների և գիտելիքների վրա։
«Լոգոս» հոգեբանական կենտրոնի նախագահ Սյուզի Թումասյանը, ով այս նախաձեռնության հեղինակներից է, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում 44- օրյա պատերազմի ընթացքում աշխատել է Երևան տեղափոխված վիրավոր զինվորների հետ, ինչն, անկասկած, դժվար է եղել։
«Շնորհակալ եմ Էստոնիայի Հայկական Միության ներկայացուցիչներին, այս դասընթացները կազմակերպելու համար, ինչը համոզված եմ, որ անհրաժեշտ էր հատկապես հիմա, հետպատերազմական շրջանում։ Այսօր ունենք բավականին վիրավորներ, որոնց հետ լուրջ հոգեբանական աշխատանք է անհրաժեշտ՝ սթրեսային իրավիՃակից դուրս բերելու համար, ինչպես նաև օգնություն ցուցաբերել զոհված մեր զինծառայողների ընտանիքներին, առավել ևս, այս պահին նաև՝ գերիների, անհետ կորածների ընտանիքներին»,-ասաց հոգեբանը:
Նրա խոսքով՝ ուսուցումը հիմնականում էքսպերեմենտալ է և կենտրոնանալու է անհատական և խմբակային աշխատանքի վրա։
«Միանշանակ համոզված եմ, որ պարոն Բիհոնսկու և Մ․ Լեյնի վեցօրյա վերապատրաստման դասընթացները վստահաբար նոր գիտելիքներ կփոխանցեն մեր մասնագետներին, կծանոթանանք հատկապես պատերազմական իրադրություններում խորհրդատվության և թերապիայի առանձնահատկություններին, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հետ աշխատելու վերջին նորագույն մեթոդներին, ինչի համար շնորհակալ եմ մեր հյուրերից, ինչպես նաև ԵՊՀ ղեկավարությանը, ԵՊՀ Մշակույթի կենտրոնին՝ ի դեմս տնօրեն Կարինե Դավթյանին, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին, «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին»,-եզրափակեց Սյուզի Թումասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում