Ո՞վ է «և այդ մեկ մարդը»
Անցած շուրջ երեք տարիներին, բայց հատկապես պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք առողջ բանականությունն ուղղակի հրաժարվում է ընդունել։ Այդ բոլոր իրադարձությունների հեղինակն իշխանությունն է, իսկ հակաբանականության շոուները մատուցվում են առանձին վերցրած իշխանական դեմքերի կատարմամբ։
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր զմիմեանս գերազանցում են մարդկային ու քաղաքական բարոյականության անկման խորությամբ, ավելի հաճախ՝ անսահմանությամբ։
Արդյունքում՝ արդեն նորմալ ու օրինաչափ է դարձել, որ Հայաստանի օրենսդիր մարմնում կարող են հնչել ադրբեջանահաճո կամ թուրքամետ տեքստեր ու պատմությունը մոռանալու կոչեր, հասարակության ականջը ժամանակի հետ սովորել է իմաստների դեգրադացիային, թեև այն, ինչ հնչում է ԱԺ-ի ամբիոնից ու միջանցքներում, խիստ վերապահումով կարելի է իմաստ համարել։ Ազգային ժողովն իրականում կազմված է անհատական ու հավաքական անիմաստությունից, ինչը ստիպում է ենթադրել, որ դա չէր կարող լինել զուգադիպության ու պատահականության արդյունք։
2018 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում պատմվել են բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի առավել վստահելի թիմակիցները կատարել «Իմ քայլը» խմբակցության թեկնածուների ընտրությունը կամ քասթինգը։
Այդ պատմությունները չեն հերքվել, ինչպես որ չի բացատրվել պատմողների ինքնասիրության այնպիսի անկման պատճառը, որը թույլ է տվել պատասխանել, ասենք, Լենա Նազարյանի կամ Ռոմանոս Պետրոսյանի քննական հարցերին։ Բայց էականը ոչ թե պատգամավոր դառնալու ցանկությունից սեփական ինքնագնահատականը կորցրածների հոգեվիճակն է, այլ այն, որ, փաստորեն, խորհրդարան հորջորջվող այս անիմաստության հավաքականությունը ձևավորվել է մրցութային հիմունքներով, ինչպես ընդունված է ասել, կամ ընտրությամբ։
Հայտնի չէ՝ արդյոք հավակնորդները ներկայացրե՞լ են տգիտության կամ անդեմության մասին հաստատող վավեր տեղեկանքներ, սակայն, որ անհայրենիքության վկայագրեր պահանջվել են՝ արդեն կասկածի տեղիք չի տալիս։
Չնչին բացառություններ, իհարկե, եղել են, բայց ընտրվելուց հետո այդ բացառությունները լղոզվել են անբանականության ու անհայրենիքության մեյնսթրիմի մեջ, ինչի արդյունքում ձևավորվել է անիմաստության այս կոնգլոմերատը՝ իշխող խմբակցություն հնչեղ անվանմամբ։ Բայց խնդիրն այս միատարր խառնիճաղանջության առանձին անդամները չեն, որոնց համար սեփական անուն-ազգանունները սոսկ տարբերակման նշանակություն ունեն։ Ավելի կարևոր է պարզել, թե ովքեր են եղել այս քասթինգի կազմակերպիչներին քասթինգի ենթարկողները։
Ավելի պարզ՝ ո՞ւմ առջև և ի՞նչ չափանիշերով է սույն խառնամբոխի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անցել սեփական քասթինգը՝ հնարավորություն ստանալով հավաքագրել Հայաստանն այդքան ատողների հանցակցություն։ Չափազանց կարևոր է բացահայտել Նիկոլ Փաշինյանին ընտրողի անունը։ Ինչպես և՝ ազգությունը։
Հարություն Ավետիսյան