«Պատմական Արցախի մի մասը զավթելուց հետո Թուրքիան իրականացնելու է իր քաղաքականության հաջորդ փուլը՝ կրթական ագրեսիան». Թուրքագետ
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Շուշիում «Գորշ գայլերի» հնարավոր գործունեությունը, հատկապես կրթական բաղադրիչը՝ թուրքական ագրեսիվ քաղաքականության կամ ագրեսիայի քաղաքականության մի կարևոր մասն է։ Տարբեր դեպքերում ու իրավիճակներում դա հստակ արտացոլվել է։
«Եթե ավելի հստակ, ապա թուրքական ագրեսիան, բացի ռազմականից, ունի նաև կրթական, քարոզչական բաղադրիչներ, և ռազմական ագրեսիա իրականացնելուց հետո, այսինքն՝ ինչ-որ տարածք գրավելուց հետո, Թուրքիան անմիջապես սկսում է աշխատել կրթական, քարոզչական ագրեսիայի վրա։ Նման նախադեպ կա Սիրիայում, երբ օկուպացնելով Սիրիայի որոշակի տարածքներ՝ Թուրքիան այնտեղ անմիջապես ձեռնամուխ եղավ կրթական օջախների ստեղծման, թուրքական կրթական միջավայրի տարածման, «Գորշ գայլերի», տարբեր ծայրահեղական այլ կրոնական քարոզով զբաղվող կրթական կենտրոնների ստեղծման։
Նույնը մենք տեսնում ենք Արցախի պարագայում, և շատ սպասելի էր, որ Արցախում նույնպես Թուրքիան ագրեսիա իրականացնելուց հետո, այսինքն՝ պատմական Արցախի մի մասը թուրք-ադրբեջանական ագրեսորների կողմից զավթելուց հետո, այնտեղ իրականացնելու է այդ քաղաքականության հաջորդ փուլը՝ կրթական ագրեսիան։ Այն, ինչ նախատեսվում է Շուշիում՝ «Գորշ գայլերի» դպրոց և այլն, դա այդ քաղաքականության հստակ սպասելի և կարևոր բաղադրիչներից է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ թուրքագետի՝ Թուրքիայի այդ քաղաքականությունը նպատակ ունի նաև մեծացնել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, ազդել դեմոգրաֆիկ պատկերի վրա, և այդ ամենի համար ընտրված է Շուշին՝ որպես խորհրդանշական վայր։
«Չպետք է մոռանալ, որ թուրքական պետությունների խորհուրդն առաջարկել է 2022 թվականին Շուշին հռչակել թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Այսինքն՝ Շուշին դառնալու է կամ դարձել է արդեն այդ ագրեսիայի խորհրդանիշ՝ դրանից բխող բոլոր այլ հետևանքներով։ Այնպես որ՝ այո, սա հստակ քայլ է թուրքական ազդեցությունը, ներկայությունն այդ տարածաշրջանում ամրապնդելու, ընդ որում՝ ամրապնդելու ոչ թե՝ խաղաղասիրական մղումներով, այլ՝ ընդգծված ծայրահեղական, տվյալ պարագայում՝ «Գորշ գայլերի» աջ ծայրահեղական ազգայնամոլական կառույցի միջոցով»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության՝ «Գորշ գայլերի» քաղաքական թևի առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ Շուշիում ազգայնական ոգով կրթություն տվող դպրոց կկառուցվի։ Ինչպես հայտնել էր Hurriyet-ը, «Ազգայնական ոգով կրթություն տվող» դպրոցի հիմնաքարը կդրվի 2021-ի հունվարի 30-ին։ Ըստ Բահչելիի՝ Շուշիում նման դպրոց կառուցելու իր առաջարկը հավանության է արժանացել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։