Դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չի հայտնի

Երեկ Մարտի 1-ի գործով դատական նիստի ընթացքում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբանը նշեց, որ նիստերից մեկի ընթացքում դատավորը, առանց թույլտվության, հրապարակել է իր պաշտպանյալի կնոջը վերաբերող բժշկական գաղտնիք, ինչի կապակցությամբ նա դիմել է դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն մերժում է ստացել։ Ըստ պաշտպանի՝ դատավոր Դանիբեկյանը կողմնակալ վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ և կաշկանդված է դատախազությունից ու ՀՔԾ-ից։

Բացարկի միջնորդությանը միացան նաև պաշտպաններ Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը։

Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, որոշումը պետք է հրապարակվեր այսօր:

Այսօր դատական նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանական կողմի՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Որոշման հրապարակումից հետո դատական նիստը հետաձգվեց. այն կվերսկսվի փետրվարի 9-ին՝ ժամը 13:00-ին:

Նիստից հետո 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ որոշումն իրենց համար սպասելի էր, թեև սույն միջնորդության՝ Էրիկ Ալեքսանյանի կողմից ներկայացնելու ժամանակ դատախազության կողմից կիրառական ու բովանդակային հակափաստարկներ չեն հնչել:

«Կարծում եմ՝ շատերի մոտ ողջամիտ տրամաբանությունն առաջանում էր այն մասով, որ եթե դատավորի նկատմամբ պաշտպանական կողմի կողմից կոնկրետ անձի միջնորդություն, նախաձեռնություն կա քրեական հետապնդման հարուցման, առնվազն անաչառ դիտորդի մոտ չի կարող լինել այն տպավորությունը, որ դատավորը կարող է լինել բացառապես անաչառ, անկախ և անկողմնակալ: Հենց այս խնդիրներն էին, որ ներկայացվեցին, բայց որոշումը, ինչպես միշտ, կանխատեսելի էր»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս