«Այս կառավարությունը մինչև չգնա, ես էլ դիրքեր չեմ բարձրանալու». Աշոտ Սևյան
Ընդդիմության կազմակերպած «Հայահավաքին» այսօր մասնակցում էր նաև Արցախի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սևյանը, որը հանրությանը հայտնի դարձավ, երբ հրաժարվել էր լքել իր տունը, որը կապիտուլյացիոն փաստաթղթով պետք է անցներ Ադրբեջանին:
Աշոտ Սևյանը, որը 3 պատերազմների մասնակից է, կոչով դիմեց համայն հայությանը.
«Ես քաղաքականությունից մի քիչ հեռու մարդ եմ, բայց կտրուկ եմ: Այսօր Ղարաբաղից եկել, ձեզ նայում եմ, իրոք, փոշմանում եմ, որ Նիկոլի հրամանը չեմ արել, տարածքները չեմ տվել: Մենք 46 օրով կարողացանք Քարվաճառի տարածքը պահենք, չտանք ու մինչև այսօր իրենց հրամանը չենք անում, դիրքերից չենք իջնում, ու այս մարդիկ դեռ այստեղ նստած են: 46 հոգով պահել ենք Դադիվանքից սկսած՝ մինչև Չարեքթար, Գետավան, ու չենք ենթարկվում այս մարդկանց հրամաններին, որովհետև դա իմ օջախն է: Ես այսօր իմ օջախի դիրքերը թողել եմ, եկել եմ, որ ձեզ ասեմ՝ օգնեք մեզ մինչև վերջ մնալու, եթե այսպես պասիվ մնանք՝ սրանք գնալու են ընտրությունների էլ, Վարդենիսն էլ են տալու, վաղը Մարտունին էլ են տալու: Կոչ եմ անում բոլորին, մարտական ընկերներիս՝ Օմարից սկսած՝ մինչև Եղնիկներ, բոլորը միանան մեզ։
Ի՞նչ ենք մտածում, ժողովուրդ, այսօր իմ նման տղաները Օմարի լեռնաշղթայում 42 աստիճան սառնամանիքի մեջ կանգնած ձեզ են պահում: Ի՞նչ ենք փոխանցում մենք մեր երեխաներին՝ կորցրած տարածքներ, ավերված բանակ, կաշառակերություն չկա՝ զինվորն առանց կոշիկի է, հասկանո՞ւմ եք դուք: Իմ նման տղաները ողջունում են ձեզ, ոնց նայում ենք՝ այս մարդիկ են այս ազգի մասին մտածում, համախմբվեք:
Այս դասալիքները բանակի օր են անում, կառավարության 90 տոկոսը բանակից փախած է, հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ եք անում: Ուղղակի խնդրում եմ՝ միացեք. ես կուսակցական չեմ, իմ կուսակցությունն իմ ձեռքի զենքն է: Մինչև սրանք չգնան, ես էլ դիրքեր չեմ բարձրանալու»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ, Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչների մի մասն այրել էր սեփական տունը՝ թշնամուն չթողնելու համար։
Բնակիչներին ասվել էր, որ մինչև նոյեմբերի 15-ը Քարվաճառը հանձնվելու է թշնամուն, և նրանք մինչ այդ պետք է լքեն իրենց տներն ու գյուղը։
Չարեքթար համայնքի ղեկավար Կամո Ցականյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ մոտ 14 տուն բնակիչները վառել էին ու լքել գյուղը, սակայն հետագայում պարզվել էր, որ այն չի անցնելու թշնամու վերահսկողության տակ, քանի որ գյուղը ոչ թե Քարվաճառի վարչական շրջանում է ընդգրկված, այլ Մարտակերտի։
Մանրամասները՝ տեսանյութում