«Մեր համոզմունքներում և դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա». Վեհափառը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

«Երկիրը երբեք այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այսպես անհանգստացնող, տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար, և այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքը պետք է ասեր»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վերջին շրջանում եկեղեցին ակտիվորեն խառնվում է քաղաքականությանը, և, որ Վեհափառին քննադատում են՝ ասելով՝ ինչո՞ւ եկեղեցին նախկինում չէր խառնվում պետության գործերին, երբ երկրում բազմաթիվ խնդիրներ կային, ապա ուղղված հարցին՝ դուք շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառը պատասխանեց, որ  իրենց համոզմունքներում և դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա:

Հարցին, թե  արդյո՞ք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, և արդո՞ք համախմբման փոխարեն՝ պառակտող քայլեր չի ձեռնարկում, կաթողիկոսը պատասխանեց.

«Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերով, և եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի՝ որպես կողմնակցություն եկեղեցու՝ այս կամ այն քաղաքական կուսակցության, եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»:

Լրագրողները Վեհափառից հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ հարաբերություններ են առկա Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ վերջին շրջանում  նկատելի է, որ նման միջոցառումներին առանձին-առանձին են ներկա լինում: Կաթողիկոսը նախ լրագրողներից հետաքրքրվեց, թե արդյոք այսօր իշխանության ներկայացուցիչները եղե՞լ են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, դրական պատասխան լսելուց հետո շարունակեց.

«Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում եմ՝ ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է»:

Լրագրողներն Ամենայն Հայոց կաթողիկոսից նաև հետաքրքրվեցին, թե Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ քննարկե՞լ են կամ պատրաստվո՞ւմ են քննարկել գերիների վերադարձի հարցը:

«Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին,- ասաց Վեհափառը, ապա պատասխանեց լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք հնարավո՞ր է՝ դիմեն Հռոմի պապին,- Մենք ինքներս քննարկում ենք այդ հարցը և պատշաճ քայլեր ձեռնարկում»:

Խոսելով գրավված տարածքներում հայկական եկեղեցիների պղծման իրողության մասին, Ամենայն Հայոց կաթողիկոսը խստագույնս դատապարտեց նման երևույթները՝ նշելով, որ ջանքեր են գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտության խոսքն ասի այդ երևույթների առնչությամբ:

«Այս առումով մենք կուզեինք մեր գնահատանքն արտահայտել Ռուսաստանի Դաշնության իշխանությանը, ինչպես և Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին՝ մեր հոգևոր եղբորը, այն աջակցության, զորակցության համար, որով հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր ծառայությունը, իր առաքելությունը»,- ասաց Վեհափառը:

Լրագրողի հարցին՝ մենք պետականություն կորցնելու վտանգի առաջ կանգնա՞ծ ենք, թե՞ ոչ, Կաթողիկոսը պատասխանեց, թե՝ Աստված մի արասցե, իսկ ճշտող հարցին՝ ռիսկեր տեսնո՞ւմ եք, պատասխանեց.

«Ռիսկեր միշտ էլ կան: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի խոհեմ, իմաստուն ընթացքով և հայրենանվեր աշխատանքով նման վտանգները կհաղթահարվեն»:

Մանրամասները՝ առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս