«Ես ՀՀ քաղաքացի եմ, ոչ մի ուրիշ երկրի քաղաքացիություն չունեմ». Արտակ Թովմասյան

Այսօր ասուլիսի ժամանակ «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանն ասաց, որ այժմ ընթանում են իրենց կուսակցության ստեղծման, անդամների հավաքագրման աշխատանքներ: Թովմասյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Հարցին, թե մասնակցելո՞ւ են այն ընտրություններին, որը  կկազմակերպի գործող իշխանությունը, Թովմասյանը պատասխանեց.

«Եթե լինի այս իշխանության կողմից ղեկավարվող կառավարություն, ապա՝ ոչ»:

Արտակ Թովմասյանի խոսքով՝ գործող իշխանությունը պետք է հրաժարական տա, ապա նոր կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այս իշխանության հեռանալը, Թովմասյանն արձագանքեց, որ իր պատկերացմամբ՝ այդ իշխանությունն արդեն պետք է հեռացած լիներ, քանի որ տանուլ է տվել պատերազմը:

Հարցին՝ արդյոք հավակնո՞ւմ եք վարչապետի պաշտոնին, Արտակ Թովմասյանը պատասխանեց․

«Ես երբեք վարչապետի հավակնություներ չեմ ունեցել, չեմ պլանավորել: Ես արդեն 54 տարեկան եմ, իմ 54 տարվա ընթացքում, եթե այդպիսի հավակնություններ ունենայի, գոնե պատգամավոր կամ ինչ-որ մի պաշտոնի եղած կլինեի: Բայց եթե դրա հարկը լինի, եթե դրա պահանջը լինի մեր ազգի կողմից այս դժվար պահին, իհարկե կանեմ»:

Սահմանադրության պահանջով՝ Հայաստանի վարչապետ, Կառավարության այլ անդամներ և ԱԺ պատգամավոր դառնալու համար քաղաքացին պետք է վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի եղած լինի և վերջին չորս տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում: Հարցին, թե՝ Դուք ՀՀ քաղաքացի՞ եք, նա պատասխանեց, որ ինքը «ծննդյան օրից» այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել:

«Ծնվել եմ Երևան քաղաքում, Սովետական Միության ժամանակահատվածում, եղել եմ Սովետական Միության քաղաքացի, իմ՝ Սովետական Միության քաղաքացու անձնագիրը փոխել են ՀՀ քաղաքացու անձնագրով, և դրանից բացի, չնայած նրան, որ երկար տարիներ գտնվել եմ ՀՀ-ից դուրս, ես ոչ մի ուրիշ քաղաքացիություն չեմ ընդունել, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի, ասում եմ այն երկրները, որտեղ որ իմ չափահաս կյանքն անցկացրել եմ, չեմ դիմել և չեմ էլ ունեցել քաղաքացիություն»,- ասաց Թովմասյանը:

Հարցին, թե վերջին 4 տարում մշտապես բնակվե՞լ եք ՀՀ-ում, Թովմասյանը պատասխանեց, որ լինում են տարիներ, երբ ինքը 180 թռիչք է ունենում, այսինքն՝ ամեն երկրորդ օրը:

«Եթե հարցնեք՝ մշտական ՀՀ քաղաքացի եմ, ապա՝ այո, իսկ մշտապես ինչ-որ մի տեղ բնակվե՞լ եմ, ապա՝ ոչ, քանի որ իմ գործարար կյանքի անհրաժեշտության հետ կապված՝ հաճախ ճանապարհորդել եմ»,- ասաց Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս