«Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունն օր օրի ամրապնդվում է մեր երկրում Փաշինյանի ձեռքերով»
Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկումից հետո էլ առողջապահական համակարգը շարունակում են ղեկավարել Լևոն Տեր-Պետրոսյանի «կադրերը»:
«Արսեն Թորոսյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կադր լինելու փաստը վաղուց հայտնի է, նա ինքն է խոստովանել, որ 2008թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի համար DVD սկավառակներ էր առաքում: Այդ ոգով էլ նաև շարունակել է իր «քաղաքական գործունեությունը», դարձավ նախարար, և այլն: Նոր նախարարը, ով Թորոսյան Արսենի հետ աշխատել է գրեթե 3 տարի, նախ շարունակելու է նրա քաղաքականությունը, երկրորդ՝ երբ այդ աղջիկը դարձավ նախարար, պարզվեցին որոշակի փաստեր, որ իր մայրը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, ընդհանուր նկարներ, ծրագրեր ի հայտ եկան համացանցում: Դրանից հետո պարզվեց, որ Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» աղանդի քարոզիչներից մեկն է: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգը դուրս եկավ աթեիզմի քողից ու մտավ աղանդավորականի մեջ: Այն հանգամանքը, որ պացիենտը չունի կրոնական դավանանք, մեզ համար՝ որպես պրակտիկ բժիշկ, դա մի աքսիոմ է, բայց այլ աքսիոմ է այն, որ մարդ ով չունի ներքին կաղապարներ, որը տալիս է հավատքը, սեփական խիղճը, նրանց համար մարդու կյանքը դառնում է առոչինչ, ինչն արտացոլվեց կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմամբ: Մենք տեսանք, որ մարդու կյանքը գործող վարչակազմի համար որևէ էական նշանակություն չէր ունենում»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ կորոնավիրուսից գրանցված մահերը սառցաբեկորի միայն վերին մասն են:
«Եթե անգամ նահանջեն վարակման թվերը, ապա բուն հիվանդությունը, որպես այդպիսին, չի նահանջելու: Օր օրի ի հայտ են գալիս ապացուցողական փաստեր և հոդվածներ, որ, օրինակ, կորոնավիրուսը երկրորդային կերպով ախտահարում է երիկամները, շատ հիվանդներ երիկամային անբավարարություն են ունենում վարակը տանելուց 3-4 ամիս հետո և մահանում են, շատ մարդիկ ունենում են անպտղություն, կորոնավիրուսը բացասաբար ազդում է տղամարդու պտղաբերության վրա, էլ չեմ ասում՝ թոքերի, անոթների և իմունային պատասխանի վրա առհասարակ, դա արդեն ապացուցված փաստ է»,- ասաց Գրիգորյանը:
Բժիշկը պնդեց, որ կորոնավիրուսով վարակվածների մահերը, որոնք մեկնաբանվում են՝ որպես «մահ այլ պատճառներից», դրանք ևս կորոնավիրուսի հետևանքով են առաջանում, քանի որ, եթե չլիներ այս վիրուսը, չէր լինի նաև մահվան դեպքը:
«Միայն նոյեմբերին 1000 մարդ է մահացել կորոնավիրուսից: Շատ մասնագետներ զգուշացնում էին, որ, եթե մուտք ենք գործում աշուն՝ միայն դիմակներով պաշտպանվելով, ապա լինելու է երկրորդ ալիքը, հիմա նախարարը հայտարարում է 3-րդ ալիքի մասին: Միայն դիմակները, որոնք արդեն նույնիսկ չեն կրում բնակիչները, պաշտպանություն չեն, որի մասին մենք ասել ենք, բայց այս վարչախմբի համար մարդու կյանքը որևէ էական նշանակություն չունի»,- ասաց Գրիգորյանը:
Բժշկի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում էլ մեզ խաբեցին այնպես, ինչպես պատերազմի ժամանակ, ասացին, թե պատրաստ ենք, կհաղթահարենք, բայց դա չեղավ:
«Մեր պետական գործիչները, ցավոք, վարչապետից մինչև պետական համակարգում աշխատող քաղաքական վերջին պաշտոնյան, ստի և կեղծիքի իշխանության ներկայացուցիչ են: Այսօր էլ այդ նույն վարչախմբի մեջ տեղի է ունենում, շախմատային լեզվով ասած, «рокировка», լևոնական կադրերը գալիս են ավելի առաջ, նիկոլական կադրերը գնում են ավելի հետ: Մակունցին դեսպան են ուղարկում, նրա փոխարեն՝ գալիս է Սիմիդյան Հակոբը, ով լևոնական կադր է, Արայիկ Հարությունյանը, ով ամենաքննադատված նախարարներից էր, ևս լևոնական կադր էր, դուրս չմնաց պաշտոնից, գնաց խորհրդական, նույնը և՝ Արսեն Թորոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունն օր օրի ամրապնդվում է մեր երկրում Նիկոլ Փաշինյանի ձեռքերով, մեր բնակչությունն ուղղակի հիմնովին չի պատկերացնում, թե ինչի՞ առջև ենք մենք շատ շուտով կանգնելու»,- ասաց Գրիգորյանը: